«Վերջին 20 տարում ինքս եմ ընտրում Արշակ սադոյանի հագուստն ու կոշիկները»

27/08/2005 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

– Հե՞շտ է լինել Արշակ Սադոյանի կինը:  

– Տանը նրա հետ դժվար չէ: Պարզապես նրա գործունեության հետ կապված՝ շատ
հաճախ դժվար է այնքանով, որ պետք է լսել, ըմբռնել, թե ինչ է նա ասում: Իսկ
որպես ամուսին եւ հայր` նա իդեալական մարդ է: Նա շատ նրբորեն է ըմբռնում
դիմացինի հոգեբանությունը: Եվ ես գտնում եմ, ոչ միայն նրա հոգեբանական
կրթությունն է պատճառը (նա մասնագիտությամբ նաեւ հոգեբան է`
մաթմատիկոս-հոգեբան, իր թեկնածուական թեզը պաշտպանել է «Մաթեմատիկական
մտածողություն» թեմայով), այլեւ նրա ամբողջ էությունը: Հիշում եմ, որ
դեռեւս Գերագույն խորհրդի պաշտոնյաներից մեկը ինչ-որ հարցի քննարկման
ժամանակ ասաց, որ եթե չլիներ Սադոյանի նրբանկատությունը, հնարավոր էր՝
օրենքի այդ տարրը ընդհանրապես չնկատվեր:

– Ինչպե՞ս եք առաջին անգամ հանդիպել պարոն Սադոյանին:  

– Առաջին անգամ նրան տեսել եմ ընկերուհուս հարսանիքին: Իսկ հետո
մտերիմներիցս մեկը մեզ տարավ իրենց տուն, որպեսզի մի հետաքրքիր մարդու հետ
հանդիպենք: Եվ իրոք, զրուցակիցս շատ հետաքրքիր էր: Հետո շատ պատահական
հանդիպում եղավ Պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ: Մեր հանդիպումներն ավելի
հաճախակի բնույթ սկսեցին կրել: Մեկ ու կես տարի հանդիպելուց հետո
նշանվեցինք, մեկ տարի անց՝ ամուսնացանք: Մեր ամուսնության տարեթիվն ու
ամսաթիվը շատ խորհրդանշական թվեր են՝ 1977թ. 7-րդ ամիս:  

– Լինելով սկանդալային քաղաքական գործիչ, պարոն Սադոյանը Ձեր կամ ընտանիքի մյուս անդամների հետ է՞լ է այդպես բանավիճում:

– Երբեք: Պարզապես առաջինը նրա կարծիքն ենք հաշվի առնում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է սկզբունքայնությանը:  

– Շատ կանայք, որոնց ամուսինները քաղաքականության մեջ կամ բիզնեսում
որոշակի հաջողությունների են հասել, իրենց անձնական կարիերան զոհաբերել են
հանուն ամուսնու: Դուք ինչպե՞ս եք վարվել:

– Մինչեւ իմ երեխաների ծնունդը ես աշխատել եմ: Եվ կարելի է ասել՝ ամբողջ
էությունս, ժամանակս նվիրել եմ երեխաներիս եւ ամուսնուս: Իսկ հետո, երբ
սկսեց ամուսնուս քաղաքական կարիերան, նույնիսկ նրա ընկերներն են ասում, որ
միգուցե նա այդքան հաջողությունների չհասներ, եթե չլիներ իմ
աջակցությունը: Այնպես որ, շատ բան եմ զոհել հանուն երեխաներիս եւ
ամուսնուս, եւ, իհարկե, չեմ ափսոսում դրա համար:  

– Արշակ Սադոյանը միշտ ընդդիմության մեջ է եղել: Իսկ տանն ինքն ընդդիմություն ունի՞:  

– Այո: Տանը նրա ընդդիմությունը ես եմ: Իր ցանկացած ելույթից հետո
անպայման փորձում է իմանալ իմ կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: Եվ
միշտ ասում է՝ «Դե ասա, քննադատիր»:

– Ձեր ընտանիքի հոգսի ծանր մասն ո՞ւմ է բաժին ընկնում:

– Մեր տանը հոգսի ծանր բեռը դեռ շատ տարիներ առաջ ամբողջովին իմ ուսերին
եմ վերցրել: Չեմ ուզում ասել, թե տանը ոչ ոք ոչինչ չի անում: Պարզապես այն
գործը, որը կարող եմ ես անել, ոչ ոքի չեմ խնդրի՝ նույնիսկ ամենամտերիմ
մարդուն: Եվ ես դրանից չեմ նեղվում ու բողոքում, այլ Աստծուց խնդրում եմ
էլ ավելի ուժ ու եռանդ, որպեսզի կարողանամ որքան հնարավոր է ծառայել
ընտանիքիս:  

– Պարոն Սադոյանի այո-ն կամ ոչ-ը Ձեր կողմից քննարկվո՞ւմ է:  

– Այո, եթե խոսքը վերաբերում է ընտանիքին, իսկ իր գործունեության մեջ շատ սկզբունքային է, կարող է ընդամենը խորհուրդ ընդունել:

– Դուք տանը ավելի շատ պահպանողակա՞ն եք, թե՞ լիբերալ:

– Ավելի շատ լիբերալ եմ: Օրինակ, եթե ուզում եմ երեխաներիս մի վատ արարքից
ետ պահել, խորհուրդ եմ տալիս, փորձում եմ համոզել: Իսկ եթե խորհուրդը չեն
ընդունում, թող անեն այնպես, ինչպես իրենք են ուզում: Գտնում եմ, որ իրենց
կատարած սխալներով սովորելն ավելի ճիշտ ու արդյունավետ է՝ հետագայի
սխալներից խուսափելու համար: Իհարկե, երբեք թույլ չեմ տա այնպիսի սխալներ
գործեն, որ ճակատագրական լինի իրենց համար:  

– Չար լեզուներն ասում են, որ Արշակ Սադոյանի մի հարեւանը արդեն քանի
տարի փորձում է տունը վաճառել, եւ չի կարողանում, որովհետեւ գնորդները
խուսափում են այդ տունը գնել եւ դառնալ Արշակ Սադոյանի հարեւանը: Ասում
են, որ ապագա գնորդներն անհանգստանում են ընդդիմադիր Սադոյանի քաղաքական
պահվածքի դեմ հնարավոր հետեւանքներից:  

– Ես նման բան չեմ լսել: Մենք ունենք շատ լավ հարեւաններ, որոնց հետ շատ
լավ հարեւանություն ենք անում, մինչեւիսկ կենցաղային իրեր ենք փոխանակում:

– Իսկ պարոն Սադոյանը, օրինակ, հարեւանների հետ նարդի խաղո՞ւմ է:

– Ոչ, որովհետեւ ժամանակը չի բավականացնում: Իսկ առիթի դեպքում խաղում է եւ նարդի, եւ շախմատ:  

– Ղարաբաղյան շարժման տարիներին քաղաքական գործիչների` Բաբկեն
Արարքցյանի, Վազգեն Մանուկյանի, Արշակ Սադոյանի կանանց միջեւ մտերմություն
կար: Այսօր դա շարունակվո՞ւմ է, թե՞ այդ մտերմությունը խաթարվել է՝ կապված
ամուսինների քաղաքական հայացքների բեւեռացման հետ:

– Իհարկե, որոշ չափով խաթարվել է, բայց մտերմությունը դեռ կա: Եթե պետք է
հավաքվել, հավաքվում ենք, իհարկե՝ ոչ այնքան հաճախ: Լինում են առիթներ, որ
մեզ համախմբում են նույն սեղանի շուրջ:  

– Հայտնի է, որ Ձեր ամուսինը Ազգային ժողովի բուֆետում միշտ խաչապուրի
է ուտում: Շա՞տ է սիրում խաչապուրի, թե՞ բծախնդիր է ուտելիքի հանդեպ եւ
անմեղ ուտելիք է նախընտրում:  

– Ես չգիտեմ, թե ինչ է ուտում բուֆետում, բայց նա բոլորովին բծախնդիր չէ
ուտելիքի հարցում: Իհարկե, կան ճաշատեսակներ, որ նա շատ է սիրում՝
ամառային եւ թփով տոլմա: Բայց եթե պատահի այնպես, որ տանը պատրաստ ոչինչ
չլինի, նա ցամաք հաց ու պանրով էլ յոլա կգնա եւ չի բողոքի: Վերջերս
«Չանախ» էի պատրաստել, ասաց՝ «Ինչ համով է ստացվել, ե՞րբ էլի կպատրաստես»:
Իսկ առհասարակ, քանի որ ես վրացահայ եմ, շատ լավ սացիվի եմ պատրաստում,
որն էլ ամուսնուս շատ դուր է գալիս:

– Ձեր հագուստի ընտրության հարցում Ձեր ամուսինը դեր ունի՞:

– Ոչ, չի հետաքրքրվում: Պարզապես չի սիրում «վուլգար» տեսքով կամ շատ
շպարված կանանց: Նա չի զբաղվում ոչ միայն իմ, այլեւ իր հագուստի
ընտրությամբ: Ժամանակի սղության պատճառով, վերջին քսան տարում նա իր համար
ոչինչ չի գնել: Այդ ամենը անում եմ ես, ընտրում եմ մինչեւիսկ նրա
կոշիկները:  

– Պարոն Սադոյանն ինչպե՞ս է շնորհավորում Ձեր ծննդյան օրը եւ կանանց տոնը:

– Միշտ հիշում եւ շնորհավորում է, նվիրում է ծաղիկներ: Իմ ծննդյան տոնը,
հատկապես այս վերջին տարիներին, նա անվանում է «դեւիշնիկ»: Միշտ նշում եմ
ընկերուհիներով՝ տանը կամ մեկ այլ տեղ: Բայց ամուսինս շատ սիրում է, երբ
խնջույքներն ու հյուրասիրությունները տանն են լինում:  

– Իսկ Դուք կամ Ձեր երեխաներն ուշադրության պակասից չե՞ք բողոքում:

– Իհարկե, ուշադրության պակաս կա: Բայց նրա գործունեությունը շատ ժամանակ
է խլում, եւ եթե խլում է, ապա՝ ընտանիքից: Բայց ես դրան ըմբռնումով եմ
վերաբերվում: Երբեմն երեխաներս, հավանաբար՝ համեմատվելով շատ-շատերի հետ,
ասում են՝ ի՞նչ եք արել մինչեւ հիմա: Իսկ ես պատասխանում եմ՝ մեր արածն էլ
այս կյանքում ձեզ դաստիարակելն ու կրթելն է եղել:  

Օրինակ, վերջերս գնացել էինք մեր տղային տեսության, որը ծառայում է
բանակում: Եվ ինձ մոտեցավ հրամանատարն ու ասաց. «Խորին շնորհակալություն
եմ հայտնում Ձեզ»: Ես զարմացած հարցրի՝ ինչո՞ւ, եւ նա ասաց՝ «Որ այդպիսի
կիրթ ու համեստ զավակ եք դաստիարակել»: Այս խոսքերն աշխարհի բոլոր
դղյակներից ու հարստություններից թանկ են ինձ համար: Այդ պահին կարծես
սիրտս սկսեց չտեղավորվել կրծքավանդակումս: Եվ զգացի, որ իզուր չենք ապրել:
Ես այսօր նաեւ հպարտ եմ, որ կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձին ու
վախենալու, թաքնվելու առիթ չունեմ: Մեկ-մեկ էլ մտածում եմ՝ միգուցե ճիշտ
չենք դաստիարակել մեր երեխաներին, որովհետեւ, ինչպես ասում են՝ այս դարի
երեխաներ չեն:  

– Ինչպիսի՞ սկեսուր եք դուք եւ ինչպիսի՞ սկեսրայր է Արշակ Սադոյանը:  

– Մենք համերաշխ ենք հարսիս հետ: Իսկ ի՞նչ տարբերություն, չէ՞ որ նա էլ իմ
երեխայի կեսն է: Եվ ընդհանրապես, այս կյանքն այնքան կարճ է, որ չարժե
կոնֆլիկտներով ապրել: Երիտասարդներն իրավունք ունեն սխալվելու, իսկ մեծի
դերն էլ պետք է լինի երիտասարդին ճիշտ ուղու վրա կանգնեցնելը: Եթե մեր
ընտանիքում ինչ-որ մի բան այնպես չլիներ, անպայման կլսվեր ու կխոսվեր այդ
մասին: Ի՞նչ ենք տանելու այս աշխարհից, բոլորիս հետեւից էլ խոսում են,
գոնե թող լավը խոսեն: Հիանալի են պարոն Սադոյանի ու իր հարսի
հարաբերությունները: Իսկ թոռնիկիս մասին էլ չեմ խոսում. երբ Արշակը գրկում
է թոռնիկին, կարծես մի ողջ աշխարհ լինի գրկում: