Երեկ հաստատվել է այն տեղեկությունը, որ «Նաիրիտ Գործարանի» վերագործարկման ժամկետը երկարաձգվել է մոտ մեկ ամսով: Մեկ շաբաթ առաջ մենք արդեն նշել էինք գործարանի վերագործարկման նոր ժամկետի մասին` նախապես հայտարարված օգոստոսի վերջի փոխարեն` հոկտեմբերի 1: Գործարանի գլխավոր ինժեներ Հովհաննես Հախինյանը «Արմենպրեսին» ասել է, որ գործարանն իր արտադրությունը կվերսկսի սեպտեմբերի վերջին: Վերաբացման ձգձգումները Հ. Հախինյանը պայմանավորել է աշխատանքներն «առավել բարձր մակարդակով իրականացնելու» անհրաժեշտությամբ: «Կան խնդիրներ, որոնք հընթացս ենք լուծում, որոնք էլ իրենց հերթին են դանդաղեցնում աշխատանքները: Այդպիսի հսկա արտադրամասի կառուցումը բավականին մեծ աշխատանք է, մենք փորձում ենք դա անել հնարավորին չափ արագ»,- բացատրել է նա: