«Թուրքադրբեջանական տեղեկատվական գրոհն աշխույժ ձեւով շարունակվում է»,- ասում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյա

08/09/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Նախ թույլ տվեք շնորհավորել «Ազդակի» հոբելյանը: Ինչպե՞ս այն տոնեցիք:

– «Ազդակը» հիմնադրվել է 1927թ.: Այսինքն` արդեն հիմնադրության 82-ամյակն է: Ամբողջ տարին հագեցած էր «Ազդակի» հիմնադրման հոբելյանական ձեռնարկներով: Այդ առիթով կազմակերպվեցին մամուլի ասուլիսներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, հայ ժամանակակից կերպարվեստի ցուցահանդես: Եվ ուրախալին այն էր, որ բոլորը եկան արժանավորապես տոնակատարելու հայ թերթի 80-ամյա երթը: Այս ամենը, իհարկե, նպաստեց, որ թերթը ապահովի նկատելի համընդգրկունություն ու հասանելիություն:

– Լրատվական խայտաբղետ դաշտում դժվար է գոյատեւելը, հատկապես, երբ լրատվամիջոցներն են արդեն պատերազմներ հայտարարում: Այժմ կարելի է վստահաբար ասել, որ «Ազդակը» կարողացել է գոյատեւել, քայլել, գուցե վազել:

Լրատվական խայտաբղետ դաշտի մասին է խոսքը: Էլեկտրոնային հրատարակությունների այսօրվա համայնապատկերի մեջ գլխիվայր շրջվել են տեղեկատվական դաշտին վերաբերող խաղի կանոնները: Լրատվությունները կայծակնային արագություն ունեն եւ, կարելի է ասել, որ այսօր ուղղակի լրատվական մրցավազք է, որտեղ հայկական թերթը պարտավոր է բարձր պահել մրցունակության նշաձողը: Այսօր հայկական լրատվական դաշտն ունի որոշակի նախադրյալներ, որոնք ճիշտ կազմակերպելու պարագայում չի զիջի համաշխարհային լրատվամիջոցների որակին: Բայց այսօր իրավիճակը շատ դրական չի կարելի գնահատել: Տեղեկատվական պատերազմը պարտադրված է նաեւ հայկական կողմին, որն ուղղված է դեպի թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի կողմը: Ավելի ճիշտ, դա տեղեկատվության-ապատեղեկատվության էլեկտրոնային պատերազմի տարբերակն է: Այս պարագայում ակնհայտ է հայկական կողմի կրավորականությունը թուրքաադրբեջանական հարձակողականության դիմաց: Ուղղակի կազմակերպել է պետք: Հայկական կողմն ունի առարկայական առավելություններ, ունի աշխարհասփյուռ հայկական լրատվամիջոցներ, որոնց միջեւ լիարժեք չի գործում համակարգավորվածությունն ու համագործակցությունը: Չի ձեւավորվել այն միջավայրը, որտեղ միայն համատեղ քննարկումներով պետք է ապահովել առօրեական խնդիրների իրազեկվածությունը եւ հատկապես, տեղեկատվական համահայկական հայեցակարգի մշակում ու դրանից բխող համագործակցության հեռանկարների ճշգրտում: Կարծես թե ուշացել ենք այս աշխատանքի մեջ: Մինչդեռ թուրքաադրբեջանական տեղեկատվական գրոհն աշխույժ ձեւով շարունակվում է: Իսկ «Ազդակի» մասին, կարծում եմ, իմ կողմից ճիշտ չէ գնահատական տալը:

– Ի՞նչն եք կարեւորում հասարակություն-մամուլ փոխհարաբերություններում:

– Հասարակություն-մամուլ փոխհարաբերությունների մեջ ամենակարեւորը անմիջականությունն է: Ընթերցողը պետք է վստահ լինի, որ թերթի ամբողջ աշխատանքային կիզակետը ինքն է, վստահ պետք է լինի, որ իր կողմից թերթին հղած որեւէ կառուցողական քննադատություն, առաջարկ, գնահատական խմբագրության կողմից անպայման պետք է ուշադրության արժանանա:

– Որո՞նք են մամուլի ազատության Ձեր սահմանումները:

– Տեսակետ ունենալու եւ այդ տեսակետը հրապարակային ձեւով հայտնելու մարդու իրավունքը: Խմբագրությունն ունի իր տեսակետը, ընթերցողն ունի իր տեսակետը, որ անպայման չէ, որ համընկնի խմբագրության տեսակետին: Այլակարծության սկզբունքը պետք է լիարժեք գործի մամուլի էջերում, սակայն` կառուցողականության պայմանով:

– Շատ անգամ զանգվածային լրատվամիջոցները ազատության հորձանուտում կորցնում են մարդու համար կարեւորագույն նախապայմաններից մեկը` բարոյականությունը: Թերթի պարագայում որո՞նք են բարոյականության չափորոշիչները:

– Բարոյականության չափանիշները կետերով ձեւակերպելը իրատեսական մոտեցում չէ: Խմբագրությունը պետք է ունենա այն հմտությունն ու նյութերի մաքրազտման ընդունակությունը, որ միաժամանակ թե հարգի այլընտրանքային մտածողությունը եւ թե թույլ չտա մարդու կամ ազգի բարոյականությունն ու ընդհանուր արժեքային համակարգը հարվածող նյութերի հրապարակումը: Այստեղ գուցե կա ենթակայական բաժին: Կարծում եմ, որ դժվար է օրենքի կարգի վերածել այն, ինչ որ արտոնված է, եւ այն, ինչ որ արգելված է:

– Ո՞ր թեմաներն ու երեւույթներն են, որոնք երբեւէ թույլ չեք տա, որ «Ազդակի» էջերում տեղ գտնեն:

– Որոշակի օրինակ բերելու համար հայհոյախառն որեւէ զազրախոսական գրություն կամ գռեհկաբանություն, ում էլ ուղղված լինի` դա բացառված է տեսնել «Ազդակի» էջերում: Հայհոյանքը քաղաքացիական առողջ հասարակարգի կայացման գործընթացը հարվածող երեւույթ է, եւ սա թե՛ մարդու, թե՛ ազգի բարոյականության ու արժեքային համակարգի դեմ ուղղված քայլ է:

– Այսօր ի՞նչ է պահանջում սփյուռքահայ ընթերցողը մամուլից:

– Սփյուռքահայ ընթերցողը մամուլից պահանջում է ստանալ այն նյութերը, լուսաբանումները, որ ինքը ոչ հայկական մամուլի էջերում չի կարող գտնել: Խոսենք հատկապես սփյուռքահայ մամուլի մասին: Առանձնահատուկ բաժինը, որ հայ ընթերցողը չի կարող գտնել ոչ հայկական մամուլի մեջ, հայկական իրադարձություններն են` տվյալ պարագայում հատկապես համայնքի կազմակերպ կյանքին վերաբերող թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ թե՛ տարբեր ոլորտների իրադրությունները:

– Արդյո՞ք եղել են դեպքեր, երբ տեղի իշխանությունները զսպաշապիկ դառնան թերթին կամ ասեն` ի՞նչն է կարելի, ի՞նչը` ոչ:

– Լիբանանյան իշխանությունների մամուլի բաժանմունքներն ունեն համապատասխան օրենքներ, որոնք վերաբերում են լիբանանյան լրատվական ամբողջ դաշտին: Այդ առումով «Ազդակի» պարագայում որեւէ օրինազանցում չի գրանցվել, եւ լիբանանյան պետության կողմից միջամտություն չի կատարվել: Պատահել է այլ հարց: Տվյալ թուրքական դեսպանատունը դատի է տվել «Ազդակին», իսկ լիբանանյան դատարանը որեւէ հիմնավորում չի գտել թուրքական բողոքը բավարարելու համար:

– Լիբանանի վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որքան տեղյակ եմ, եղել են մի շարք կեղծարարություններ, մասնավորապես խոսքը վերաբերում է ընտրակաշառքներին: Ինչպիսի՞ն էր մամուլի արձագանքը:

– Լիբանանի խորհրդարանական ընտրությունների մասին «Ազդակի» կատարած լուսաբանումները վերաբերում էին թե առհասարակ լիբանանյան քաղաքական եւ պետական բոլոր շրջանակներին, եւ թե հատկապես հայ համայնքի հետ կապված խնդիրներին: «Ազդակը» առաջնորդվում է մշտապես գերադասելով լիբանանյան առողջ քաղաքացիական հասարակարգի կայացման առաջնահերթությունը, որի մաս է կազմում նաեւ լիբանանահայ համայնքը, իսկ այդ աշխատանքի մեջ միշտ կարեւորված է ժողովրդավարական, քաղաքակիրթ ընտրական ընթացակարգը եւ, հետեւաբար, քննադատված այդ ընթացակարգի ուղիներից հեռու` ընտրակաշառքի կամ ճնշման որեւէ միջոց:

– Կրկին անդրադառնանք «Ազդակին». ի՞նչ փոփոխություններ է օրաթերթը կրել:

– Թերթը հիմնադրման օրերին եղել է եռօրյա, ավելի ուշ վերածվեց օրաթերթի: 4 էջը հետզհետե հասավ 10 էջի: Ավելացված են հավելվածներ, ներդիրներ` մանկապատանեկան, կանացի, մարզական: Գործում է էլեկտրոնային տարբերակը, արագ լրահոսը, անգլերեն բաժինը: Շուտով կսկսի արաբերեն բաժնի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաեւ մոտ ապագայում խմբագրատունը կլրացվի 300 հոգի համախմբող սրահով:

– Ասում են` դանդաղաշարժ մարդիկ չեն կարող աշխատել օրաթերթում: Ինչպե՞ս եք ընտրում Ձեր լրագրողներին:

– Ժամանակակից աշխատաձեւերը արագ են ընդհանրապես: Ներկա դարը ճանաչված է արագության դար, առավել եւս՝ լրատվական-տեղեկատվական դաշտում, որտեղ արագության մրցավազք է: Մեր լրագրողները համայնքի երիտասարդ ուժեր են, որոնց մասնագիտությունը լրագրություն, պատմություն կամ քաղաքական գիտություն է: Չափորոշիչը` արհեստավարժության հմտություն ունենալու նախադրյալների երեւումն է:

– Եվ վերջում` կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել նաեւ Ձեր ընտանիքի անդամներին: Նրանք չե՞ն դժգոհում Ձեր գերզբաղ վիճակից:

– Մամուլի եւ հասարակական գործունեությունը հագեցած աշխատանքային ժամանակացույց է ենթադրում խմբագրի համար: Մեր թերթը տպագրություն կհանձնվի առավոտվա ժամը երկուսին: Ընտանիքի հետ որեւէ հասկացողություն եւ համերաշխություն, բնականաբար, երկկողմ ձեւով է իրականացվում: Կնոջս` Գոհարի հետ ունենք գաղափարական միեւնույն պատկանելիությունն ու պատրաստակամությունը, որը հաջող մեկնարկ է առաջադրված հասկացողության կայացման համար: Համենայնդեպս, օրվա ընթացքում միշտ ժամանակ ենք գտնում կարեւոր զրույցների եւ խորհրդակցությունների, որը բնական կարգով փոխանցվում է նաեւ մեր զավակներին: