«Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել»,- գրում է հեղինակավոր «Time» պարբերականը` «Թուրքիա-Հայաստան խաղաղ բանակցություններ. ջերմացո՞ւմ հարյուրամյա թշնամությունից հետո» վերնագրված հոդվածում: «Թուրքիան եւ Հայաստանն անհաշտ թշնամիներ են եղել գրեթե մեկ դար, նրանց միջեւ լարվածությունը սկիզբ է առնում Օսմանյան Թուրքիայի բանակի կողմից հարյուր-հազարավոր հայերի 1915թ. կոտորածից: Թուրքիան միշտ հերքել է, թե այդ կոտորածները ցեղասպանություն են,- հիշեցնում է հոդվածագիրը: -Երկու երկրների միջեւ սահմանը կարճ ժամանակով բացվեց, երբ 1991թ. հետխորհրդային Ռուսաստանից անջատվեց անկախ Հայաստանը, սակայն երկու տարի անց Թուրքիան փակեց սահմանը` իր համերաշխությունը ցույց տալով վիճելի անկլավ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին»:
«Այժմ Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել: Սեպտեմբերի 1-ին Թուրքիան եւ Հայաստանը հայտարարեցին Շվեյցարիայի միջնորդությամբ վեցշաբաթյա բանակցությունների մասին` միտված դիվանագիտական հարաբերությունների նորմալացմանը: Նպատակն այն է, որպեսզի երկու խորհրդարանները վավերացնեն համաձայնությունը մինչեւ հոկտեմբերի 14-ը, երբ կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը երկու երկրների հավաքականների միջեւ: Այդ դեպքում սահմանը կարող է բացվել մինչեւ տարեվերջ»,- գրում է «Time»-ը: «Նավթի եւ գազի խողովակաշարերով պատված Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովումը դարձել է առաջնայնություն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար: Օբամայի վարչակազմը ազդարարել է, որ թուրք-հայկական կապերի վերականգնումն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Սակայն պատմությունը հզոր խափանարար է աշխարհի այս մասում, եւ նախկինում բանակցությունները փլուզվել են դրա ծանրության տակ: Կոշտ գծի կողմնակիցները երկու երկրներում արդեն ցասումով դատապարտում են նոր խաղաղ ծրագիրը»,- նկատում է հոդվածագիրը:
Այդուհանդերձ, Բրյուսելում գործող Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոփը համոզմունք է հայտնել, որ «Թուրքիան եւ Հայաստանը խիզախ քայլ են ձեռնարկել, եւ երկուսն էլ կշահեն, եթե այն հաջողությամբ պսակվի»: Նրա կարծիքով, սահմանի բացումը կնպաստի նաեւ տարածաշրջանում «ծանրքաշային» դառնալու` Թուրքիայի ձգտումների իրականացմանը: «Հաջողության դեպքում այդ բանակցությունները կարող են Թուրքիային վերադարձնել նրա վերջերս խամրած հեղինակությունը որպես ներքին բարեփոխիչ, որպես տարածաշրջանային խաղաղարար եւ որպես երկիր, որը լրջորեն առաջ է ընթանում Եվրամիությանը իր անդամակցության գործընթացում»,- ընդգծել է Փոփը: Ըստ հոդվածագրի` շրջափակված Հայաստանի համար բաց սահմանը կնշանակի հսկայական տնտեսական օգուտներ: Կարսի Առեւտրի պալատի նախագահ Ալի Գույենսոյը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ սահմանի բացման դեպքում շրջանի տնտեսությունը կարող է աճել 20 տոկոսով, ինչի կարիքը այնքան զգում է աղքատ շրջանը: «Անցյալը անցյալ է: Մենք պետք է նայենք դեպի ապագա»,- ասել է Գույենսոյը:
«Առեւտրի, մարդկային շփումների եւ երկխոսության սկսվելուն պես կհեշտանա ավելի բարդ թեմաների շուրջ ընդհանուր եզրեր գտնելը»,- համոզմունք է հայտնել Ստամբուլում գործող TESEV հետազոտական կենտրոնի վերլուծաբան Այբարս Գորգուլուն: «Ժամանակ, գուցե տարիներ կպահանջվեն, որպեսզի Թուրքիան եւ Հայաստանը հաղթահարեն տասնամյակների փոխադարձ անվստահությունը: Սակայն հնարավոր է, որ նոր խաղաղ բանակցությունների հայտարարման հետ մեկտեղ՝ մեկնարկած լինի այդքան ուշացած ջերմացման գործընթացը»,- իր հոդվածն այսպես է ամփոփել Փելին Թուրգութը: