Հայաստանի Հանրապետության նախագահից մինչեւ սովորական խոհարարուհի, գրեթե հավասարաչափ, մտահոգ են հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարներով: Վատն այն է միայն, որ թե՛ նախագահի, թե՛ խոհարարուհու համար ապագան, թերեւս, հավասարաչափ անորոշ է: Ի վերջո, Հայաստանը կանգնած է պատմական վճռորոշ իրադարձությունների առաջ: Ակնկալվում է, որ նման իրավիճակներում երկրի ղեկավարները կլինեն հնարավորինս սթափ եւ արժանապատվորեն կհաղթահարեն բարդ իրավիճակը: Սակայն պատահել է այն, որ մտահոգ են տառացիորեն բոլորը` այս անգամ կկարողանա՞նք, թե՞ կստացվի՝ ինչպես միշտ: Ցայտնոտն ավելի է խորանում, քանի որ քաղաքական գործիչներն ու քաղաքական ուժերը, չգիտես ինչու, շտապում են կարծիք հայտնել մի բանի շուրջ, որի մասին օբյեկտիվորեն չունեն բազային բավարար գիտելիքներ եւ անհրաժեշտ տեղեկատվություն: Այդպիսին չէր, սակայն, ՀՅԴ-ն, ով, զարգացումներին ունիսոն, հանրահավաք հրավիրեց:
«Ամեն ինչ` հանուն Արցախի անկախության եւ ընդդեմ Թուրքիայի նախապայմանների»: Հրաշալի կարգախոս էր եւ նաեւ հանրահավաքում ելույթ ունեցող բոլոր երեք հռետորների մտքերին՝ համահունչ: Դաշնակցության հանրահավաքի դեպքում այնքան էլ տեղին չէ քննարկել` ընդդիմությո՞ւն է այս կուսակցությունը, թե՞ ոչ, եթե ընդդիմություն է, ապա ինչո՞ւ նրա կազմակերպած հանրահավաքը իշխանությունները չխոչընդոտեցին: Նույնքան երկրորդական է` քանի՞ մարդ է ներկա եղել հանրահավաքին. ՀՅԴ-ի դեպքում դա ոչինչ չի փոխում: Հայաստանում վտանգավոր իրավիճակ է, եւ կարեւոր է, որ հանրահավաքին հնչած գնահատականները ձեւակերպված էին դիպուկ եւ գրագետ: Պարզապես, այդ ելույթները առավել տպավորիչ կլինեին, եթե ունկնդիրները չիմանային` ովքե՞ր են դրանց հեղինակները եւ ի՞նչ կուսակցություն են ներկայացնում: Ելույթ ունեցողներից մեկը Վահան Հովհաննիսյանն էր: Նրա ելույթը թեեւ երկար էր, սակայն ընթերցանության համար հաճելի եւ հետաքրքիր նյութ էր: Ելույթը նույնքան գեղեցիկ էր եւ համեմված ալեգորիաներով, որքան Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթները:
«Թուրքիան արձանագրել է շոշափելի նվաճումներ մեր հաշվին»,- իրավացիորեն նշում էր հռետորը: Ըստ նրա` սառեցված է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, կտրուկ աճել է Թուրքիայի միջազգային հեղինակությունը, մեծացել է Թուրքիայի` ԵՄ անդամակցության հնարավորությունը, իսկ այն, ինչ ստացավ Հայաստանը, գոնե անձամբ Վահան Հովհաննիսյանին հայտնի չեն: Իրականությունն այն է, որ Հայաստանի ձեռքբերումների մասին ոչինչ հայտնի չէ նաեւ հասարակությանը: Այն մեղադրանքները, այն բացթողումները, որոնք մատնանշեց պարոն Հովհաննիսյանը, վստահաբար, տեղին են, սակայն այդ դեպքում ելույթի գոնե մեկ պարբերությունը պիտի որ նվիրված լիներ նման լուրջ բացթողումներ թույլ տված ղեկավարության պատասխանատվությանը: Սակայն ՀՅԴ-ն ազատ չէ ազատորեն կարծիքների տարափ տեղալ այն խնդիրների շուրջ, որոնք Հայաստանի ներսում են եւ որոնք էլ, ըստ պարզ տրամաբանության, մեր դիվանագիտական բացթողումների հիմնական պատճառն են:
Կոալիցիան լքելու հիմնավորումը հայտնի է բոլորին` ՀՅԴ-ն լուրջ անհամաձայնություն ուներ հատկապես հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ, այդ կոնտեքստում նաեւ` Արցախի խնդրի կարգավորման առնչությամբ: Սակայն դեռեւս ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական բուկլետներում այդ մասին ամեն ինչ մանրամասն ներկայացված էր: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՅԴ-ն դեռեւս ուներ լուրջ ընտրազանգված, այս կուսակցությունը, մի կողմ թողնելով նման վտանգների հնարավորությունը, ատամները սեղմած ոչ միայն շնորհավորեց լեգիտիմության լուրջ խնդիր ունեցող իշխանություններին, այլեւ առանց ժամանակ կորցնելու` հանգրվանեց իշխանական կոալիցիայում: Փետրվարի 19-ից հետո «կապիտուլյացիայի» ենթարկվեց մեր հասարակությունը: Ընդ որում, այս էլ որերորդ անգամ: Եվ հիմա չհանդուրժել հայ-թուրքական համաձայնագրերը եւ դրանք որակել «կապիտուլյացիա», շատ ուշացած եւ անպտուղ միջոցառում է:
Հիմա, երբ «Բուրատինոյի արկածները» ֆիլմի հայտնի հերոսի` Դուրեյմարի նման ՀՅԴ-ն ցատկոտում է եւ բացականչում` «ա յա տուտ նե պրիչոմ», արդեն լուրջ չէ: Սեփական կուսակցության ապահովությունը ՀՅԴ-ն այդ ժամանակ չստորադասեց «ազգային պարտականություններին»: Մինչդեռ այնքան անվտանգ եւ գեղեցիկ է Վահան Հովհաննիսյանի հետեւյալ միտքը, որ նա արտասանում էր հանրահավաքին. «Այսօրվա ղեկավարությունը պետք է հասկանա` պետական գործիչն ունի ոչ միայն պետական, այլեւ ազգային պարտականություններ: Առանց այդ գիտակցության` պետական ծառայությունը դառնում է պարզունակ կարիերա: Իսկական պետական գործիչը պետք է կարողանա լսել ու հասկանալ ոչ միայն իր շուրջը հավաքված նեղ շրջանակի կաշկանդված տեսակետները, բայց նաեւ քաղաքական ընդդիմախոսներին: Իսկ իմաստությունը ոչ թե համառության, այլ շրջահայացության եւ հեռատեսության մեջ է»:
Ակնկալելով, որ Հայաստանի իշխանությունները մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվեն նախեւառաջ ազգային շահի գիտակցությամբ, ՀՅԴ-ն, թերեւս, լուրջ կարեւորություն չի տալիս ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանությունների փաստին: Այսինքն` երբ ընտրողների մեծամասնությունը այսինչ թեկնածուին գործուղում է նախագահի նստավայր, նրան լիազորում է վստահության քվեով: Այդ քվեն էական է այնքանով, որ հասարակությունն անգամ նման բարդ իրավիճակներում այսքան չի լարվում եւ վստահում է իր ընտրյալի որոշմանը: Իսկ չսխալվելու լարվածությունը, հասարակության թեկուզ փոքր մասի հույսերն արդարացնելու ցանկությունը եւ միջազգային հանրության կողմից ընկալվելու ձգտումը կաշկանդում են Սերժ Սարգսյանին: ՀՅԴ-ն, ինչպես եւ մնացած բոլոր կուսակցությունները, տանուլ տալով սեփական երկրում ընտրությունների միջոցով օրինական, լեգիտիմ ղեկավար ընտրելու բոլոր հնարավորությունները, չկարողանալով կամ չցանկանալով ունենալ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող նախագահ, լուրջ պահանջներ են դնում նրա առաջ: Այդպես չի լինում. նախագահը հասարակության մի մասի առաջ չունի եւ ոչ մի պարտավորություն: Ում առաջ պարտավորված է, գոհ են եւ միջոցառումային բովանդակության հանրահավաքներ չեն անում եւ չեն փորձում այդքան արագ սպառել ընդդիմություն համարվելու ռեսուրսները: