Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանի աշխատակիցները, մեկ շաբաթից ավելի է, սպասում էին տնօրինության կողմից խոստացված աշխատավարձերի մարմանը: Հիշեցնենք, որ աշխատակիցներից շատերն, արդեն 5 ամիս է` աշխատավարձ չեն ստանում: Օրեր առաջ աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ղեկավարությունը կրկին խոստացել էր, որ աշխատավարձերի պարտքերը մարելու է մինչեւ տարեվերջ: Այս կապակցությամբ փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ գործարանի ղեկավարությունից, որը, ինչպես միշտ, տեղում չէր: Այս անգամ եւս հարցերին բավականին դժգոհությամբ պատասխանեց տնօրինության քարտուղարության բաժինը: «Գիտե՞ք, մեր տնօրենն էստեղ չէ: Համ էլ 2 ամսվա աշխատավարձերն արդեն տվել են: Օրինակ, ես ստացել եմ: Նորմալ վիճակ ա»,- հենց այսպես ասաց քարտուղարուհին: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք բոլոր աշխատակիցներն են աշխատավարձերը ստացել, նա պատասխանեց. «Ես իրավասու չեմ պատասխանել: Տնօրինությունը տեղում չի: Էն մյուս շաբաթ զանգեք, կասեն»։ Նա նույնիսկ հրաժարվեց նշել, թե տվյալ պահին գործարանը քանի՞ աշխատակից ունի: Ի դեպ, մեր տեղեկություններով` գործարանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: