Զգուշացեք տատիկից

27/08/2005

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանին 10000 դրամ ցմահ նպաստ է նշանակել համայնքի բնակիչ Ռիմա Միրզոյանին:  

Մեր թերթի նախորդ համարներից մեկում Ռ. Միրզոյանը բողոքել էր
Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալական ծառայության դեմ՝ սոցծառայության
տնօրեն Ռադիկ Խամոյանին մեղադրելով կաշառակերության մեջ: Վերջինս,
արձագանքելով այս հրապարակմանը՝ ներկայացրեց բազմաթիվ փաստեր, որոնք
ապացուցում էին, որ Ռ. Միրզոյանի ներկայացրած փաստերն իրականության մի
մասն են միայն, մնացածը տիկին Միրզոյանը հօգուտ իրեն միշտ բարեհաջող
կոծկում է: Ըստ Ռ. Միրզոյանի բողոքի՝ Քանաքեռ-Զեյթունի սոցծառայությունը 6
տարի շարունակ ապօրինի զրկել է իր ընտանիքին աղքատության նպաստից: Ռադիկ
Խամոյանը, վկայակոչելով Աղքատության ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական
օգնության նշանակման կարգի մասին կառավարության որոշումը, հիմնավորում է.
«Ընտանեկան ձեռնարկություն ունենալը կամ ընտանիքի որեւէ անդամի անհատ
ձեռներեցությամբ զբաղվելու հանգամանքը ընտանիքի անապահովության միավորի
վրա ազդեցություն է գործում՝ զրոյացնելով այն»: Իսկ Ռիմա Միրզոյանը
խանութի սեփականատեր է, եւ անկախ այն բանից՝ դա գործո՞ղ ձեռնարկություն է,
թե՞ ոչ, օրենքն այդ ընտանիքի համար աղքատության նպաստ չի նախատեսում:
Թաղապետարանի աշխատակիցները բազմիցս առաջարկել են տիկին Միրզոյանին՝
լուծարել առանց այդ էլ լուծարված խանութը, որպեսզի հնարավոր լինի
վերականգնել անապահովության միավորը եւ օրինական ճանապարհով նպաստ
հատկացնել: Սակայն վերջինս անընդհատ հրաժարվել է: Թաղապետարանի
աշխատակիցների կարծիքով՝ Ռ. Միրզոյանը մեծ ակնկալիքներ ունի այդ կիսափլված
խանութից, նրանք ճշտել են, որ Ռ. Միրզոյանը պատրաստվում է խանութը վաճառել
ոչ ավելի, ոչ պակաս՝ 26.000 դոլարով: Սակայն քանի որ տիկին Ռիմային գործող
օրենքը չի բավարարում, եւ նա հնարավոր բոլոր ատյաններից նպաստ է
պահանջում, համայնքի ավագանին որոշել է համայնքի ծանր խաչը պատվով կրել՝
բնակչին ցմահ նպաստ է հատկացվել: Ռադիկ Խամոյանը ներկայացրեց տասնյակ
դիմում բողոքներ, որ գրել է Ռիմա Միրզոյանը՝ սկսած թաղապետարանի ու
քաղաքապետարանի սոցիալական ծառայության բաժիններից, շրջանային ու
քաղաքային ոստիկանությունից, դատախազությունից, Սոցապ նախարարությունից,
ԱԺ Իրավական ու սոցիալական հարցերի հանձնաժողովներից՝ մինչեւ սոցբաժնի
հասարակ աշխատող ու հերթապահ ոստիկան, եւ բողոքների հիման վրա տարբեր
հանձնաժողովների ստուգումների արդյունքները: Տիկին Ռիմայի բողոքները
բազմիցս արժանացել են նաեւ լրատվամիջոցների ուշադրությանը, որոնք եւս
«քաշվել են»՝ խղճալով ու փորձելով օգնել աղքատ տատիկին: «Մենք գիտենք, որ
եթե նորից քաղաքապետ, թաղապետ, ոստիկանապետ կամ անգամ սոցբաժիններում մի
սովորական աշխատող փոխվի, Ռիմա Միրզոյանն իր պատմական դիմում-բողոքն
այնտեղ կտանի, նորից հանձնաժողով կգա՝ իր իսկ ցանկացած կազմով (որովհետեւ
ինքը կարող է ասել՝ էսինչ մարդը Խանոյանի ծանոթն է՝ չեմ ուզում), նորից
ստուգումներ կանեն, որոշումը ինչպես միշտ չի փոխվի, Ռիման նորից կմտածի՝
էլ ուր բողոքի, էլ ում վարկաբեկի, ու նույն պատմությունն ամեն անգամ
կկրկնվի»: Դրա համար էլ որոշել են Ռ. Միրզոյանին 10000 դրամ նպաստ
հատկացնել, ինչը, սակայն, վերջինիս չի բավարարում, եւ նա շարունակում է
փաստերը խճճելով բողոքել ու վարկաբեկել թաղապետարանի
աշխատակիցներին:   

Ն.Ա.