Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների կարգավորումը` առանց նախապայմանների: Այդ մասին ասված է հայ-թուրքական վերջին համաձայնությունների վերաբերյալ կազմակերպության հայտարարությունում: «Հայաստանի իշխանությունները պարզաբանեցին, որ առանց նախապայմանների՝ նշանակում է՝ հենց այն, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետ, ոչ մի պայման չպետք է դրվի Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ, կամ ցեղասպանության լինել-չլինելը քննարկվի հանձնաժողովի ֆորմատ ունեցող գործընթացով»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարը: «ԱՄՆ-ը հստակ խոսել է այն մասին, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: Թուրքիայի` Հայաստանի շրջափակման վերացումը եւ սահմանի բացումը ոչ միայն շատ ուշացած, այլեւ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություն է: Այս երկարատեւ ջանքերը հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջի հավատարիմ մնալ Հայաստանի վերաբերյալ իր խոստումներին»,- ասված է հայտարարությունում: Միաժամանակ, ըստ կազմակերպության` թեեւ օգոստոսի 31-ի հայտարարությունը կարեւոր քայլ է, բայց փորձը ցույց է տվել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայից պահանջում է համակերպվել իր անցյալի հետ: «Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդենը եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճարտարորեն խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ: Մենք լիովին համաձայն ենք եւ հորդորում ենք նախագահ Օբամային ու ԱՄՆ Կոնգրեսին` աներկբա հաստատել Հայոց ցեղասպանությունը: Այդ անելով, ԱՄՆ-ը իր պատմության մեջ պարծանքի արժանի էջ էր բացել դեռեւս այն ժամանակ` օգնության ձեռք մեկնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածներին»: Ամերիկայի հայկական համագումարը «խրախուսում է Թուրքիայի իշխանությունների` առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առնչությամբ տված խոստումները», սակայն, միաժամանակ, հիշում է, թե ինչպես է Թուրքիան անցյալում բազմիցս դրժել իր խոստումները: «Արձանագրությունները նշում են ստույգ ժամկետներ, եւ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր խոստումներին` ցուցադրելով զգալի արդյունքներ եւ անկեղծորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ»: