Վերջին տարիներին առողջապահության ոլորտի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանի ազգաբնակչության առողջապահական հիմնական ցուցանիշների բացասական տեղաշարժի միտումներն անհանգստացնող են:
Մասնագետների գնահատմամբ` այդ բացասական տեղաշարժը պայմանավորված էր նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի անարդյունավետությամբ: 2003թ. կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկատելիորեն աճել է ընդհանուր մահացության ցուցանիշը, որը ներկայումս մոտ 1,5 անգամ ավելին է, քան զարգացած երկրներում, եւ հիմնականում պայմանավորված է արյան շրջանառության, ուռուցքային հիվանդություններով եւ շաքարային դիաբետի բարդություններով: Նշանակալիորեն կրճատվել է կյանքի միջին տեւողությունը` հատկապես տղամարդկանց շրջանում, իսկ որակյալ կյանքի միջին տեւողությունը 10-15 տարով պակաս է միջին եվրոպական ցուցանիշից: Հասարակության համար լրջագույն խնդիր է դարձել այնպիսի սոցիալական հիվանդությունների աճը, ինչպիսիք են տուբերկուլյոզը, սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունները, իսկ նախկինում տարածվածությամբ աչքի չընկնող ալկոհոլամոլությունը եւ թմրամոլությունը սկսել են դասվել հասարակության համար խնդիր դարձած ախտերի շարքին: Մասնագետների կարծիքով` թերի է հղի կանանց նախածննդյան հսկողությունը, որի պատճառով դեռեւս բարձր է բարդություններով ծննդաբերության դեպքերը: Այս ամենը հաշվի առնելով՝ 2006թ. ՀՀ կառավարության որոշմամբ առողջության առաջնային պահպանման օղակը` պոլիկլինիկ ծառայությունները, բնակչության բոլոր խմբերի համար, անկախ մարդկանց սոցիալական շերտերի պատկանելիությունից՝ դարձան անվճար: ՀՀ Առողջապահության նախարարության Առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը վստահեցնում է, որ առողջապահական ռազմավարական այս քայլն այնքանով է արդյունավետ, որ որոշակի հիվանդությունների դեպքում քաղաքացիների հիվանդանոց դիմելու անհրաժեշտությունն առաջնային բուժծառայությունից օգտվելու դեպքում կանխվում է. «Որովհետեւ պոլիկլինիկայում բուժօգնություն են ստանում եւ որոշակի հիվանդությունների դեպքում բուժվում են: Բնական է, անվճարունակ խավի համար հիվանդանոցում բուժօգնություն ստանալն էլ մեծ խնդիր է»: Ռ. Յուզբաշյանը հայտարարում է, որ առաջնային օղակներում բոլոր ծառայություններն անվճար են, հետեւաբար՝ բնակչությանը կոչ է անում օգտվել այդ իրավունքից: Ընդ որում, Առողջապահության նախարարության կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիները ներկայումս բավականին ակտիվ են պոլիկլինիկ ծառայություններից օգտվելու հարցում: «Մարզային եւ մայրաքաղաքի բոլոր պոլիկլինիկաներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները փաստում են բնակչության հաճախելիության բարձր մակարդակի մասին»,- ասում է Ռ. Յուզբաշյանը` հավելելով, որ Երեւան քաղաքում բժիշկներն աշխատում են թերծանրաբեռնվածության պայմաններում, իսկ մարզերում մասնագետների խիստ պահանջարկ կա: Օրինակ` մայրաքաղաքում յուրաքանչյուր մանկաբույժ սպասարկում է 500 երեխա, այն դեպքում, երբ նախատեսված սահմանը` 1000-ն է, իսկ մեծահասակների թիվը` 1500-1600, այն դեպքում, երբ մարզերում այդ թիվը 2000-ից բարձր է, հետեւաբար մայրաքաղաքի պոլիկլինիկ ծառայությունների մասնագետները մինիմալ սպասարկում են իրականացնում: Մարզային առաջնային ծառայության մասնագետները բավականին բարձր աշխատավարձ են ստանում վերոնշյալ պատճառով, իսկ մայրաքաղաքում պոլիկլինիկայի բժիշկների գումար «շորթելու» պատրվակը շատ դեպքերում պատճառաբանվում է ցածր աշխատավարձի հանգամանքով: «Քիչ թվով բնակչություն սպասարկելու պարագայում, բնականաբար, ֆիքսված է ցածր աշխատավարձ: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ նույն մարդուն մենք առաջարկում ենք գնալ եւ անգամ մոտակա մարզերում բարձր աշխատավարձով աշխատել, ընդ որում, ապահովվում է նրա ապրելու միջոցները, տունը, բայց հրաժարվում են: Մենք լուրջ խնդիրներ ունենք մարզային բժիշկներ ունենալու հետ: Արագածոտնում, Գեղարքունիքում մենք ունենք 4000 բնակիչ սպասարկող բժիկներ, իսկ դա գերծանրաբեռնված աշխատանք է: Մայրաքաղաքի բժիշկներն աշխատում են թերծանրաբեռնվածությամբ եւ պահանջում են բարձր աշխատավարձ, բայց ինչո՞ւգ Չէ՞ որ մենք այլընտրանք ենք առաջարկում, այն էլ՝ լավ պայմաններով»,- ասում է Ռ. Յուզբաշյանը, ով հավատացնում է, որ մարզային բուժծառայություններում բարձր աշխատավարձով աշխատելու Առողջապահության նախարարության հայտարարություններին մայրաքաղաքի բժիշկները չեն արձագանքում, քանի որ չեն ցանկանում ծանրաբեռնված գրաֆիկով աշխատել: Ի դեպ, դատելով Ռ. Յուզբաշյանի խոսքերից՝ չի կարելի չնկատել, որ, այնուամենայնիվ, նախարարությունն անվճար բուժծառայությունն իրականացնելու վերահսկողության հարցում խիստ է եւ ամեն ինչ անում է մասնագետների կաշառք վերցնելու ավանդույթը վերացնելու համար: Նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ զանգահարող քաղաքացիները փորձում են պաշտպանել իրենց իրավունքները, սակայն շատ դեպքերում նահանջում են, երբ բանը հասնում է ահազանգողի անունն ու ազգանունն արձանագրելու պահին: Տիկին Յուզբաշյանը փաստում է, որ թեժ գծին հաճախ զանգահարում է անձամբ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` ստուգելու համար, թե որքանո՞վ օպերատիվ կարձագանքեն ահազանգին եւ շատ դեպքերում անձամբ է ծանոթանում որոշ ահազանգերի հետ կապված գործողություններին: Այդուհանդերձ, ԱՆ Առաջնային բուժօգնության բաժնի պետի խոսքերով` մեր քաղաքացիներն առաջնային օղակի բժիշկներից` թերապեւտներից, մանկաբույժներից եւ ընտանեկան բժիշկներից չեն դժգոհում երկու պատճառով, որովհետեւ այդ մասնագետները համեմատաբար ավելի լավ են վարձատրվում, բացի դա, մարդիկ էլ պատրաստ չեն նրանց կաշառք տալու, որովհետեւ դեռեւս սովետական տարիներից այս մասնագետներին դիմելն առաջնային օղակում անվճար է եղել: Մինչդեռ նեղ մասնագետների քանակությունը մասնավորապես մայրաքաղաքում շատ է, իսկ պահանջարկը՝ քիչ, հետեւաբար՝ կոռուպցիոն ռիսկերը դրանով են պատճառաբանվում: Առաջնային բուժծառայությունում աշխատավարձը կախված է սպասարկվող բնակչության թվից: Որքան էլ զարմանալի է, բայց հանրապետության բժիշկների 60%-ը կուտակված է մայրաքաղաքում, ինչի պատճառով համամասնաբար տուժում է նրանց աշխատավարձը: «Երեւանում, ենթադրենք թե, փոքր պոլիկլինիկա է՝ 10.000 բնակչությունով: Որպեսզի հաստիք առաջանա` պետք է 30.000 բնակիչ լինի, այսինքն` 1.3-րդ ծանրաբեռնվածությամբ աշխատող բժշկի աշխատավարձն էլ նորմալ աշխատավարձի 1,3-ն է: Ըստ էության, նեղ մասնագետին պահելը եւ՛ հիմնարկին է վնասաբեր, եւ՛ իրեն` մասնագետին չի բավականացնում աշխատավարձը, եւ՛ անկախ ամեն ինչից՝ կենսաթոշակային ֆոնդին է գումար փոխանցվում: Իրականում հնարավոր եմ համարում, որ որոշ դեպքերում էլ կարող են լինել չարաշահումներ, ինչը չի նշանակում, որ պետք է լինի: Եթե այդ աշխատավարձը մասնագետին դուր չի գալիս, ապա կարող է հարակից մարզում աշխատել: Օրինակ` հիմա Ճամբարակում կամ Վարդենիսում շատ սուր վիրաբույժի կարիք կա, թող գնան աշխատեն, 150.000 դրամ աշխատավարձ, անվճար լույս, գազ եւ ապրելու տեղ: Այսինքն` հասկանալի է, որ քիչ աշխատավարձ ստացող մարդը կարող է շորթելու ակնկալիք ունենալ, բայց ո՞վ է ասում, որ նա չի կարող մարզում աշխատել եւ բարձր աշխատավարձ ստանալ: Ես ինքս 10 տարի աշխատել եմ Անիի շրջանի Մարալիկավանում, որովհետեւ նշանակումն այդպիսին էր: Ի վերջո, ջահել մասնագետը պիտի ցանկանա փորձ ձեռք բերել, ինքնուրույն աշխատել»:
Այդուհանդերձ, Ռ. Յուզբաշյանը վստահեցնում է, որ թե՛ մայրաքաղաքում եւ թե՛ մարզերում առաջնային ծառայության դիմելիությունը բավականին բարձր է: Ինչ վերաբերում է «ցածր աշխատավարձ» ստացող կաշառք ակնկալող բժիշկների «ախորժակին», ապա նա ազգաբնակչությանը կոչ է անում ահազանգել ԱՆ թեժ գիծ եւ չենթարկվել տարատեսակ «մանիպուլյացիաներին»: «Եթե գումարը տրվում է բժշկին եւ մուտք չի արվում դրամարկղ, ուրեմն` դա կաշառք է, դուք կարող եք այդ բժշկին հեռացնել աշխատանքից»,- հավաստիացնում է նա: