Ո՞վ է կանգնած տնօրենի մեջքին

08/09/2009

Հարգելի խմբագրություն

Մարտունու Արհեստագործական ուսումնարանի տնօրեն Խաչիկ Կզլյանի չարաշահումների մասին կոլեկտիվի մի խումբ աշխատակիցներ բազմաթիվ բողոքներ են ուղարկել վերադաս մարմիններին, մասնավորապես՝ վաճառված դիպլոմների ու մեքենա-մեխանիզմների, տասնապատիկ ավելի ձեւակերպված սովորողների ու ֆինանսական միջոցների վատնման եւ այլնի մասին:

Խ.Կզլյանի խարդախությունների գագաթնակետը ապօրինի զավթած բնակարանն է, ինչի կապակցությամբ ուսումնարանի աշխատակիցները, ովքեր ստորագրել էին դիմում-բողոքների տակ, տարբեր պատճառաբանություններով հեռացվել են աշխատանքից: Վախենալով, որ նման բախտի կարժանացնեն նաեւ մեզ, ուստի նամակը ուղարկում ենք առանց ստորագրության: Փաստերը ստուգել դժվար չէ: Հարցի էությունը կայանում է հետեւյալում:

Այսպես. երբ պարտքատերերը դատարանի վճռով մեր վայ տնօրենից պարտքերի դիմաց վերցրին նրա 3 սենյականոց բնակարանը, վերջինս անմիջապես հովանավորվելով ՀՀ Կրթության նախարարության անհայտ պաշտոնյայի կողմից, քանդեց ուսումնարանի շենքի առաջին հարկում գտնվող ճաշարանը, այն ձեւափոխելով դարձրեց իր համար բնակարան, ընդամենը ունենալով իր իսկ կողմից գրված եւ իբր մանկխորհրդի կողմից հաստատված մի սուտ որոշում:

Զարմանալ կարելի է, որ պետությանը պատկանող անշարժ գույքը «մանկխորհուրդն» է տրամադրում՝ չունենալով որեւէ իրավասություն: Բայց արի ու տես, որ նախարարության կողմից գործուղված բոլոր ստուգողները ուղղորդվելով Խ.Կզլյանի բարձրաստիճան հովանավորողների ցուցումներով՝ աչք են փակել նրա այս եւ այլ բազմաթիվ կեղծիքներին:

Օգտվելով անպատժելիությունից եւ թողտվությունից՝ Խ.Կզլյանը առաջնորդվելով «ախորժակը ուտելուց է բացվում» նշանաբանով՝ զավթել է նաեւ ուսումնարանի շենքի հարակից հողամասը՝ այն վերածելով իր համար բակի եւ ավտոկայանատեղի (եթե այս ամենը աներ անպաշտպան քաղաքացին, ապա վաղուց հայտնված կլիներ ճաղերի ետեւում):

Միգուցե ՀՀ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը փորձի ճշտել, թե ինչ ապօրինությունների համար է նախկին նախարար Լ. Մկրտչյանը հեռացրել ներկայիս տնօրենին իր զբաղեցրած պաշտոնից, ինչպես է նա նորից վերականգնվել իր պաշտոնում, ուր եւ ում օգնությամբ են անհայտացել հեռացման հիմքերը:

Եթե նորանշանակ հարգարժան նախարարը «չփակի» այս խարդախ տնօրենի ճանապարհը, ապա այս դեպքը կարող է նախադեպ հանդիսանալ ուսումնական հաստատությունների մյուս տնօրենների համար, եւ ուսումնական հաստատությունները կվերածվեն անձնական բնակարանների ու ամառանոցների: Եթե ուսումնական հաստատությունը զավթելով բնակարանի վերածելը օրինական է, ապա մեզանում շատ կարիքավորներ կան եւ թող նրանց էլ այդ շենքից բնակարաններ հատկացնեն:

Հարգելի խմբագրություն, նամակում բերված փաստերը դժվար չէ ստուգել եւ ցանկության դեպքում դժվար չէ դրանք ապացուցել, ուստի չունենալով այլընտրանք եւ հույս չունենալով, որ համապատասխան պաշտոնատար անձինք խորամուխ կլինեն այս հարցի լուծմանը, խնդրում ենք Ձեզ տպագրել մեր նամակը, որպեսզի գոնե այս միջոցով հրավիրվի ԿԳ նախարարի եւ համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունը այս հարցին, քանի որ մեր ուղարկած նամակները հաճախ չեն հասնում նախարարին:

Հարգանքով`

Մարտունու Արհեստագործական ուսումնարանի մի խումբ ներկա եւ նախկին աշխատակիցներ:

P.S. Պետական Կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին

Մարտունու արհեստագործական ուսումնարան ՊԱՈԿ-ին օգտագործման հանձնված շենք-շինությունների կազմում կա՞ն արդյոք բնակելի նշանակության տարածքներ, եթե այո, ապա ի՞նչ մակերեսով, ի՞նչ հաշվեկշռային արժեքով, ո՞ւմ է հանձնված եւ ի՞նչ իրավունքով»: