«Արեւիկ» մանկական երգչախումբն այժմ ամեն ինչ սկսում է զրոյից, քանի որ զրկվել է իր հիմնական «կորիզից»` կատարողներից, երգերից, ուսուցիչներից: Խումբը մասնատվել է եւ վերածվել է երկու տարբեր անվանումներ եւ տարբեր կարգավիճակ ունեցող խմբերի, որոնք իրար հետ կապ ունենալ չեն ցանկանում: Խմբից հեռացել է գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Դիվանյանը, ով շարունակում է իր գործունեությունն արդեն նոր անուն ունեցող «Արեւներ» մանկական երգչախմբում, իսկ «Արեւիկ» անվանումը պահպանած երգչախումբը պետական կարգավիճակ ստանալով` նաեւ նոր գեղարվեստական ղեկավար է ձեռք բերել:
«Արեւիկի» նախկին ղեկավար Ա.Դիվանյանը եւ ներկայիս ղեկավար Արմեն Գեւորգյանը երգչախմբի հետ կապված փոփոխություններն ու անվանափոխումները «բաժանում» կամ «կիսում» անվանել չեն ուզում` պնդելով, որ խմբերը լրիվ տարբեր աշխատաոճեր, մոտեցումներ ու ծրագրեր ունեն:
«Արեւիկը» նույն խումբն է, պարզապես հերթական, թվով չորրորդ ղեկավարին է փոխել: Ինձանից առաջ խմբի հետ աշխատել են ոչ միայն Արմեն Դիվանյանը, այլեւ` Վալտեր Հովհաննիսյանն ու Ռոբերտ Պետրոսյանը: Միգուցե 2 տարի հետո ես էլ կփոխվեմ, բայց դա չի նշանակում, որ «Արեւիկը» պետք է «կիսվի»,- ասում է երգիչ եւ վոկալի ուսուցիչ Ա.Գեւորգյանը: Ա.Դիվանյանը նշում է, որ այժմ «Արեւներ» են այն երգչախումբը, որը շարունակում է նույն կազմով աշխատել այնպես, ինչպես աշխատել է «Արեւիկ» անունն ունենալու ժամանակ: «Պարզապես մեր անունն է փոխվել, իսկ աշխատանքային սկզբունքները նույնն են մնացել»,- ասում է նա:
30 տարվա պատմություն ունեցող «Արեւիկը» երկար ժամանակ Հանրային հեռուստառադիոընկերության հովանու ներքո է գործել, եւ պետական բյուջեից է ստացել գումարներն ու ձայնագրության պատվերները: Սակայն 2001թ., երբ լուծարվեցին հեռուստառադիոյի կոմիտեին պատկանող բոլոր ստեղծագործական կոլեկտիվները, «Արեւիկը» երկաթի իրավիճակում հայտնվեց: Ըստ 10 տարվա ընթացքում խումբը ղեկավարող Ա.Դիվանյանի` իր ղեկավարած «Արեւիկը» մասնավոր երգչախումբ դարձավ, սակայն շարունակում էր օգտվել Հանրային ռադիոյի կողմից անհատույց տրամադրված փորձասենյակներից, ձայնագրման ստուդիայի ծառայություններից եւ անվճար եթերաժամերից` փոխարենը իր ձայնագրությունները փոխանցելով ռադիոյի ֆոնդին: «Ես ոչ մի բողոք չեմ ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերությանը, պարզապես նրանց առաջարկած պայմաններով աշխատել շարունակել չէի կարող»,- ասում է նա` չմանրամասնելով իր հեռանալու պատճառը:
Ռադիոյի ղեկավարների եւ Ա.Դիվանյանի անցյալում գտնվող հաշտ եւ երկակի համագործակցությունը ավարտվեց թերեւս այն պահին, երբ Հանրային ռադիոընկերությունը որոշեց «Արեւիկին» կրկին պետական կարգավիճակ տրամադրել:
Պետական դարձած «Արեւիկում», արդեն մի քանի ամիս է, ինչ երգչախմբի նոր անդամների քասթինգ է անցկացվում, նոր երգեր են հավաքագրվում ու փորձ է արվում «վերակենդանացնել» խմբի երբեմնի համբավը: Իսկ մինչ այդ մասնատումը` «Արեւիկը» ոչ միայն համբավ, այլեւ շատ մեծ կշիռ ուներ, քանի որ խմբում յուրատեսակ եւ բավականին բարձր որակական նշաձող էր դրված: Ա.Գեւորգյանը նշում է, որ «թարմացված» «Արեւիկը» նոր ոճով եւ նոր ծրագրերով է հանդես գալու: «Չի կարելի տարիներ շարունակ մի գիծ, մի երաժշտական «շկոլա» անընդհատ առաջ մղել, ժամանակ է գալիս, երբ պետք է բազմազանություն ապահովել եւ սերնդափոխություն ապահովել»,- ասում է նա: Ընդ որում` «Արեւիկում» ընդգրկելու են միայն 5-13 տարեկան երեխաների, եւ բոլոր դասերն անվճար են անցկացնելու:
Իսկ մասնավոր «Արեւներն» այժմ հաջող համերգային գործունեություն են ծավալում, օրեր առաջ նրանք մասնակցել են երեւանյան «Բաց երաժշտական փառատոնին», հյուրախաղերով այցելել են Շվեդիա, ելույթներ են ունեցել Քոբուլետիում: «Արեւներ»-ն այժմ ստեղծագործական առումով մի քայլ առաջ են գտնվում, քանի որ փորձառու կազմ ու ձայնագրությունների հարուստ պաշար ունեն:
«Արեւիկը» հիմա ոչինչ չունի, բոլոր ձայնագրությունները Ա.Դիվանյանն իր սեփականությունն է համարում»,- ասում է Ա.Գեւորգյանը: Իսկ Ա.Դիվանյանը, ով ամրագրել է իր ստեղծած մանկական երգերի հեղինակային իրավունքները, պատասխանում է. «Չեմ ուզում, որ իմ արված աշխատանքը ուրիշներին վերագրվի»:
Իսկ թե ինչո՞ւ նա չփորձեց պահպանել նաեւ «Արեւիկ» անվանումը, Ա.Դիվանյանն ասաց, որ չէր ուզում ինտրիգների ու կոնֆլիկտների նոր պտույտ բորբոքել. «Եկեք վերջակետ դնենք ու տարանջատենք ինտրիգներն ու աշխատանքը»:
Շոու-բիզնեսն ու երեխաները
Մանկական խմբում իրական խնդիրները սկսվեցին մանկական «Եվրատեսիլ 2007»-ից հետո, երբ խումբը շատ հաջող երգով եւ կատարումով հանդես եկավ` արդյունքում զբաղեցնելով երկրորդ տեղը (ընդամենը մի քանի ձայն զիջելով հաղթողին): «Երազ» աշխույժ եւ իսկապես բարի լիցքեր փոխանցող երգը «դիպավ» ունկնդրի սրտին` հիշեցնելով բարի փերիների, Լուսնի ու մանկական երազանքների մասին:
«Արեւիկը» ստեղծել էր «հիթային» երգ, որը սիրվել էր Հայաստանում եւ կատարվում էր ամենուրեք` դպրոցական, մանկապարտեզային հանդեսներից սկսած` պետական խոշոր միջոցառումներով վերջացրած: Եվ հիմա էլ այդ երգը դեռ շարունակում է հնչել տարբեր վայրերում: Թվում էր, «Եվրատեսիլյան» հաջողությունից հետո մանկական երգչախումբը պետք է նոր թափով աշխատեր, սակայն դուրս եկավ ճիշտ հակառակը: Իզուր չեն ասում, որ «Եվրատեսիլը» ցանկացած մասնակցի համար լուրջ փորձաքար է, որից հետո գլխապտույտներ են սկսվում: Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն, օրինակ «Եվրատեսիլյան» հեռուստահավաքներից մեկի ժամանակ ասել է, որ այդ մրցույթը անեծքի է նման: Եվ քանի որ «Արեւիկի» անդամները երեխաներ են (իսկ երեխաների վրա անեծքը չի տարածվում), ապա գլխապտույտները սկսվեցին այն մեծահասակների մոտ, որոնք երեխաներին մեծ շոու-բիզնեսի մեջ էին ներմուծում:
«Արեւիկն» իր ելույթով ապացուցեց, որ մանկական երգչախումբը կարելի է հաջողությամբ օգտագործել: Մանկական շոու-բիզնեսը փող աշխատելու միջոց դարձրած մեծահասակները մոռանում են, որ երեխաները դա շատ լավ զգում ու հասկանում են:
«Արեւիկի» պարագայում էլ մեծահասակների մոտ հարց ծագեց` արդյոք այդ հաջողությունները ստեղծագործակա՞ն բնույթ ունեին, թե՞ խելացի ադմինիստրատիվ կառավարման արդյունք էին: Այդ հարցի պատասխանը պետք է հուշեր նաեւ` թե ո՞վ պետք է ղեկավարի խումբը: Եվ քանի որ ոչ ոք այդ հարցին արագ պատասխանել չէր կարող, մանկական երգչախմբերը երկուսը դարձան, որպեսզի գործնականորեն ապացուցեն իրենց մրցունակությունը: Մի խումբը՝ պետական դոտացիա, «բրենդային» անվանումն ու երեխաներին անվճար երգել սովորեցնելու հնարավորություն ունեցավ, իսկ մյուսը պահպանեց փորձառու մանուկ երգիչների թիմը, տարիների ընթացքում ստեղծված երգերն ու ձեռք բերած կապերը:
Ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի: Եվ մանկական երգախմբերի քանակի ավելացումը (թեկուզ այդպես` կոնֆլիկտային-պարտադրողական եղանակով) միայն ողջունելի է: Ծնողներն իրենց երեխաներին երգի դասընթացների ուղարկելու առավել մեծ ընտրության հնարավորություն են ստանում, իսկ հանդիսատեսը հարկ լինելու ժամանակ` կարող է այդ երկու մանկական «թիմերից» լավագույն մանուկ-երգիչների հավաքական ամբողջացնել: Ա.Գեւորգյանն ու Ա.Դիվանյանը նույնն են պնդում ու պատրաստ են իրարից անկախ աշխատել եւ իրար հետ շփումներ չունենալ: Եվ երկուսն էլ դեմ են երեխաներին մանիպուլյացիայի ենթարկելուն:
Ի դեպ` Հայաստանին մանկական «Եվրատեսիլի» նոր փորձաքար է սպասում: Պրոդյուսեր-երգչուհի Նադեժդա Սարգսյանը մրցույթին իր սանիկին է ուղարկելու` «Բարսելոնա» երգելու ու վանկարկելու համար: Ֆուտբոլային համանուն թիմի անտուրաժն ունեցող այդ երգը 2 ճանապարհ ունի. կամ կընդունվի եվոպացիների կողմից, կամ էլ բացահայտ սպեկուլյացիա կհամարվի ու կանտեսվի: Մեծահասակները շարունակում են երեխաների վրա «խաղադրույքներ» անել: