Բուժիչ նամակներ

08/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կալանխոեն ժողովրդական բժշկության մեջ

Գոյություն ունի կալանխոեի 200 տեսակ: Այս բույսի բոլոր տեսակներն էլ ունեն շատ հյութեղ տերեւներ ու ցողուններ: Այդ պատճառով էլ բույսի լատիներեն թարգմանությունը նշանակում է՝ «հաստ»: Ավելի հաճախ հանդիպող տեսակին, որ լինում է տներում, ժողովրդի մեջ ընդունված է անվանել «սենյակային ժենշեն» կամ պարզապես «բժիշկ»:

Կալանխոեն աճում եւ բազմանում է Ավստրալիայի արեւադարձային շրջաններում:

Կալանխոեի հյութը հարուստ է ֆլավոնոիդներով, այն իր մեջ պարունակում է մակրո եւ միկրոէլեմենտներ (ալյումին, մագնեզիում, երկաթ, կալցիում եւ այլն), օրգանական թթուներ (խնձորաթթու, թրթնջուկաթթու, քացախաթթու), ինչպես նաեւ տարբեր ֆերմենտներ:

Կալանխոեին հատուկ են հակաբորբոքային, վերականգնող, արյունը կանգնեցնող հատկությունները: Այս բույսի հյութը կարելի է օգտագործել թրջոցների ու քսուքների տեսքով` թարախային պրոցեսներ բուժելու համար: Կալանխոեի թարմ հյութով կարելի է կանգնեցնել արյունահոսությունը, բուժել մաշկի տարբեր բնույթի ցաները: Հյութը ստանում են բույսի կանաչ տերեւներից` 7 օր պահելով 1-10 աստիճան ջերմաստիճանում եւ մութ վայրում: Կալանխոեի հյութը պետք է այնպես պատրաստվի, որ պարզ ու մաքուր լինի եւ ոչ թե` պղտոր: Կալանխոեի բուժիչ հատկությունները մարդկությանը ծանոթ են դարձել բավական ուշ: Օրինակ` բույսի տեսակը հայտնաբերելուց հետո պարզվել է, որ այն շատ լավ օգնում է գրիպի դեպքում. դրա համար ընդամենն անհրաժեշտ է հեղուկը քսել քթանցքերի լորձաթաղանթին: Մարդիկ ժամանակին ընդունել են այն՝ որպես պրոֆիլակտիկ միջոց` չհիվանդանալու համար:

Կալանխոեն շատ լավ է կանացի բորբոքումների համար: Օրինակ` արգանդի վզիկի էռոզիային շատ օգնում են կալանխոեի քսուքով պատրաստված տամպոնները: Իհարկե, ճիշտ կլինի առաջին հերթին դիմել բժշկի:

Կալանխոեի հյութը կարելի է գնել դեղատներից կամ պատրաստել տնային պայմաններում: Դրա համար մանրացնում են կալանխոեի թարմ տերեւները, քամում, ապա` ֆիլտրում:

Երակների լայնացումից առաջացած ոտքի ցավերի դեպքում կարելի է ընդունել կալանխոեի թուրմ, իսկ պատրաստում են այն հետեւյալ կերպ. կես լիտրանոց շշի մեջ լցնել կալանխոեի տերեւները, վրան լցնել 70 տոկոսանոց սպիրտ կամ սովորական օղի, այնուհետեւ շիշը դնել մութ տեղում ու պահել 1 շաբաթ` երբեմն թափահարելով այն: Ստացված թուրմով պետք է մերսել ոտքերը` սկսած ոտքի թաթերից մինչեւ ծնկները: Բուժման կուրսը տեւում է 2-4 ամիս:

Տուբերկուլյոզի ժամանակ կարելի է թուրմը նոսրացնել ջրով` 1:3 հարաբերությամբ, եւ ընդունել օրը 2 անգամ` կես թեյի գդալից:

Կալանխոեի հյութը կարող է 2 րոպեում անցկացնել ատամի ցավը: Բացի այս ամենը, կալանխոեի հյութը լավ ամրապնդում է օրգանիզմը, բարձր է պահում օրգանիզմի դիմադրողականությունը, եւ այն շատ հարմար է կիրառել որպես պրոֆիլակտիկ միջոց` մրսածության ու նյարդային համակարգի աշխատանքի խանգարումների դեպքում: Կարելի է նարնջի, կիտրոնի ու կալանխոեի հյութերը խառնել իրար եւ խմել` 20 գրամ կալանխոեի, 1 բաժակ նարնջի հյութի ու կես բաժակ կիտրոնի հյութի հարաբերությամբ:

Անանուխից ու կալանխոեից պատրաստված թեյը շատ լավ օգնում է գաստրիտի հետեւանքով առաջացած ցավերի ժամանակ: Այս թեյը պետք է ընդունել 1 ամիս շարունակ: Թեյի պատրաստման համար անհրաժեշտ է 50գ անանուխ, 2 ճաշի գդալ կալանխոեի հյութ եւ 200 գ եռջուր:

Օգնում ենք երեխաներին

Երեխային դիաթեզի դեպքում տալ սեւ բողկի հյութ` սկսած 1 կաթիլից: Չափաբաժինն ավելացնել ամեն օր 2 կաթիլով` հասցնելով 1 ճաշի գդալի: Հյութը տալ օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Դիաթեզին օգնում է նաեւ մի այլ բաղադրատոմս: Ձուն լվանալ, եփել 5 րոպե, սառեցնել, հանել կեղեւից ու կեղեւը փայտե հավանգով այնքան ծեծել, որ փոշի դառնա: Դիաթեզի դեպքում տալ երեխային 1 թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 4-5 կաթիլ կիտրոնահյութով: Այսպես կրկնել 15 օր:

Երեխաների դիմադրողականության բարձրացման համար շատ լավ է պոլիվիտամինային նախաճաշը. 150գ խնձորը քերիչով անցկացնել, ավելացնել կես նռան հյութ ու սովորական ընկույզի մանրացրած 10 միջուկ, եւ դրանով կերակրել: Այն շատ լավ օգնում է հատկապես, երբ երեխան հակաբիոտիկներով երկար բուժում է անցել։ Այն ոչ միայն երեխաներին է օգտակար, այլեւ մեծերին: