Աշխատակազմից` ընտանեկան բիզնե՞ս

02/09/2009

Լուրերը, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը իր փեսային` Միքայել Մինասյանին ազատի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, ըստ մեր աղբյուրների, համապատասխանում են իրականությանը, եւ բացառված չէ, որ դա տեղի ունենա առաջիկա օրերին: Առայժմ միայն հայտնի է, որ Մ. Մինասյանը երկուշաբթի օրը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու մասին: Սակայն խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, դրա պատճառը ոչ թե նախագահի եւ նրա փեսայի միջեւ առաջացած տարաձայնություններն են, այլ այն, որ Ս. Սարգսյանը ցանկանում է համակարգել իր ազդեցության տակ գտնվող բիզնեսները, եւ Մ. Մինասյանին մտադիր է «գործուղել» այդ ոլորտ: Իսկ ինքը` Մ. Մինասյանը, բացի տարբեր ապրանքատեսակների ներմուծումից եւ սրճարանային բիզնեսից, մեծ հավակնություններ ունի մեդիա շուկայում` հատկապես հեռուստատեսային ոլորտում: Ինչպես հայտնի է, նա բաժնեմաս ունի ATV (նախկինում` «ԱրմենԱկոբ») հեռուստաընկերությունում: Ըստ որոշ խոսակցությունների, առաջիկայում նա եւս մեկ հեռուստաընկերություն է գնելու եւ, երկար ժամանակ է` փորձում է բանակցել Տիգրան Կարապետիչի հետ` ԱԼՄ-ն ձեռք բերելու համար: Իսկ հեռուստատեսային եւ մեդիա ոլորտում Մ. Մինասյանի հետաքրքրությունները, նույն աղբյուրների համաձայն, պայմանավորված են նաեւ հնարավոր ներքաղաքական վերադասավորումներով: Բանն այն է, որ վերջերս կրկին ակտիվացել են խոսակցությունները, թե Ս. Սարգսյանն ուզում է «ուժեղացնել» իրականում Մ. Մինասյանի կողմից համակարգվող ՄԻԱԿ կուսակցությունը` ՀՀԿ-ին զուգահեռ այլընտրանքային ուժ ձեւավորելու համար: Ընդ որում, այդ սցենարի շրջանակներում քննարկվում է, որ առաջիկայում ՄԻԱԿ-ին կրկին «ռասկրուտկա» են անելու` ԱԺ հաջորդ ընտրություններում անցկացնելու համար: