Երեկ ժամը 16-ի սահմաններում ինքնակամ ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացել ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ. մարտի 1-ից գտնվում էր ընդհատակում եւ հետախուզման մեջ էր: Շուրջ 2 ժամ Սուքիասյանը պահվել է Գլխավոր դատախազության շենքում, ապա տեղափոխվել է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Պատգամավորին տեղափոխել են ծառայողական մուտքով, այնպես, որ Դատախազության շենքի առջեւ սպասող լրագրողները չկարողանան տեսնել Խ. Սուքիասյանին: Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, Խ. Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Թե ինչ խափանման միջոց կընտրվի նրա նկատմամբ, հավանաբար պարզ կդառնա այսօր. ձերբակալության պահից 72 ժամվա ընթացքում ՀՔԾ-ն խափանման միջոցի ընտրության հայցով պետք է դիմի դատարան: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ վերջին բանաձեւով ԵԽ-ն կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ մինչեւ հուլիսի 31-ը ինքնակամ ներկայացած հետախուզվողների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառել: Թեեւ արհամարհելով այս կոչը՝ իշխանությունները որոշեցին կալանքի տակ պահել «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, ով կրկին ինքնակամ Դատախազություն էր ներկայացել մինչեւ հուլիսի 31-ը: Այսինքն` այսօր իշխանությունները կարող են հղում անելով ԵԽ ԽՎ բանաձեւում նշված ժամկետին, Խ.Սուքիասյանին եւս կալանքի տակ պահելու որոշում կայացնել: Թեեւ երեկ Խ. Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ «Խ. Սուքիասյանը չի ներկայացել համաներման ակնկալիքով»: «Նա անմեղ է եւ պատրաստակամ է մինչեւ վերջ ապացուցել իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը: Այսպիսով, մինչեւ վաղը իշխանությունները ստիպված են որոշել` կալանավորել նաեւ Խ. Սուքիասյանին եւ ավելացնել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում անազատության մեջ հայտնված անձանց նկատմամբ սարքված անհեթեթ գործերի թիվը եւս մեկո՞վ, թե՞ գոնե այս դեպքում զերծ կմնան անմեղ մարդուն ազատությունից զրկելուց։ Դժբախտաբար, առաջին տարբերակն ավելի հավանական է: