Երեկ Լեռնային Ղարաբաղի Անկախության 18-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ասել է, թե հիմք չկա կասկածելու, որ այսօր Մինսկի խմբի համանախագահներն իրականում ցանկանում են, որ այս գործընթացը վերջապես իր տրամաբանական ավարտին հասցվի: «Բայց այստեղ մենք նույնպես գործ ունենք Ադրբեջանի ղեկավարության ներկայիս կեցվածքի հետ, եւ այս գործընթացը չի կարող ակտիվություն ունենալ, քանի որ հիմնական կողմը ներկայացված չէ այս բանակցություններում: Միայն բանակցային գործընթացի ձեւաչափին վերադառնալուց հետո մենք կարող ենք խոսել ակտիվ ժամանակաշրջանի մասին»,- ասել է նա: «Մենք տարածքներ ունե՞նք տալու» հարցին ի պատասխան՝ Բ. Սահակյանն ասել է. «Նման հարցադրումներ լինում են: Ինձ ուղղում են նաեւ հարց, թե վերջնականապես ինչպե՞ս է Արցախը պատկերացնում ԼՂՀ անկախությունը. ԼՂԻՄ տարածքների շրջանակներո՞ւմ, թե՞ դրանից դուրս: Մենք ԼՂՀ անկախությունը տեսնում ենք ոչ ԼՂԻՄ տարածքների շրջանակներում, եւ այլ կերպ չի կարող լինել»: