Ոչինչ չասող ակցիա

02/09/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Երեկ ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողներն այդպես էլ չեն պահանջել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդամենը հայտարարել է, որ իրենք կպահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը, եթե վերջինս Մադրիդյան սկզբունքների շուրջ որեւէ փաստաթուղթ ստորագրի: «Նախ` ուզենք թե չուզենք, գործող նախագահն է այսօր գլխավոր բանակցողը, եւ նրան է վերապահված անմիջական հարաբերություններում պաշտպանել մեր շահերը: Քանի դեռ կա հնարավորություն կանխել վերջնական որեւէ նմանատիպ փաստաթղթի ստորագրումը եւ նպաստել այդ գործի հաջողությանը, այդպիսի պահանջը տրամաբանական չի կարող լինել: Այդպիսի մի իրավիճակ մենք ունեցանք նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ` ս.թ. հուլիսի 16-ին, երբ պահանջեցինք Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: Եվ նույն հարցին հստակ պատասխան է հնչել, մենք սա անում ենք կանխելու մադրիդյան սկզբունքների հիման վրա հնարավոր փաստաթղթի ընդունումը, եւ եթե դա ստորագրվեց, մենք կպահանջենք նաեւ նախագահի հրաժարականը»,- ասել է Ա. Ռուստամյանը: Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ առաջիկայում ստորագրվելիք երկու արձանագրություններին, ապա ՀՅԴ-ականները թեեւ քննադատել են այն, սակայն չեն հայտարարել, թե դրանց ստորագրման դեպքում կպահանջեն Ս. Սարգսյանի հրաժարականը: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների հետ կապված նրանց մտահոգությունը կայանում էր նրանում, որ, ըստ նրանց` Թուրքիան նախապայմաններից չի հրաժարվել: «Որքան էլ մեր եւ ամերիկյան պաշտոնյաները պնդեն, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների, Թուրքիան, այնուամենայնիվ, դրանցից չի հրաժարվել: Ավելին` նա հմտորեն կարողացել է ամբողջ այս բանակցային փաթեթը կառուցել հենց իր նախապայմանների շուրջ»,- իր ելույթում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա խոսել է նախաստորագրված արձանագրություններից մեկով նախատեսված ենթահանձնաժողովի ստեղծման դրույթի մասին` այն որակելով «խայտառակություն»: «Որքան էլ փորձեն մեզ համոզել, որ «պատմական հարթությունով զբաղվող» խումբը լինելու է ընդամենը ենթահանձնաժողով միջկառավարական երկկողմ հանձնաժողովի կազմում, բայց գայլի ականջներն այստեղ էլ բացահայտ երեւում են»,- ասել է նա: Նրա համոզմամբ, թեեւ ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայացված փաստաթղթերում ուղղակիորեն չի հիշատակվում, այնուամենայնիվ, «կա մտահոգություն, որ հայ-թուրք հարաբերությունների կարգավորումը զուգորդվելու է ԼՂ հարցում հայկական կողմին միակողմանի զիջումների պարտադրմամբ»: Վ. Հովհաննիսյանը հիշեցրել է. «Թուրք ԱԳ նախարարն անգամ այս արձանագրությունների հրապարակումից հետո չմոռացավ հիշեցնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր փուլերում Ադրբեջանի շահերը հաշվի են առնվելու: Ուրեմն, կամ կփորձեն մեզ ծնկի բերել` զիջումներ պարտադրելով, կամ էլ պարզապես ճանապարհը չեն բացի»: Ինչ վերաբերում է նախաստորագրված արձանագրություններում հիշատակված սահմանների փոխադարձ ճանաչմանը, ապա, ըստ նրա` դա նույնպես անընդունելի է: «Եվ թող չփորձեն մեզ լուրջ դեմքերով բացատրել, թե սա, իբր, պարզ դիվանագիտական պրոտոկոլ է: Այդպես չէ: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելն անպայման պայմանավորված չէ փոխադարձ տարածքային ամբողջականություն կամ սահման ճանաչելով»,- ասել է ընկեր Վահանը: