– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերություններում վերջին օրերին արձանագրված զարգացումները, մասնավորապես՝ սահմանի բացման հարցը այսօր կապվա՞ծ են ԼՂ խնդրի հետ: Այս զարգացումներից ելնելով` կարելի՞ է կանխատեսել, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:
– Եթե հիմնվում ենք 2 արձանագրությունների տեքստի վրա, ապա որեւէ կապ ԼՂ հարցի եւ այս գործընթացի միջեւ չկա: Միաժամանակ հաշվի առնելով, որ ամիսներ շարունակ Թուրքիայի իշխանությունները փորձել են սահմանների բացման գործընթացը կապել ԼՂ հարցի հետ, կարող ենք ենթադրել, որ այդ փորձերը առնվազն կշարունակվեն: Կարծում եմ՝ այժմ ԼՂ հարցը հայ-թուրքական բանակցային գործընթացում անընդհատ շոշափվում է: Այսինքն` ճնշումը շարունակվում է եւ մեր դիվանագիտությունը պետք է չափազանց խիստ վերաբերվի այդ բոլոր փորձերին, թույլ չտա, որ թուրքական կողմի համար հնարավորություն ընձեռվի այս երկու հարցերը փոխկապակցելու:
– Այսինքն, չնայած Թուրքիայի փորձերին, մինչեւ այժմ հաջողվե՞լ է կանխել այդ հարցերն իրար հետ կապակցելու փորձերը:
– Ես չէի գերագնահատի կամ թերագնահատի մեր դիվանագիտական գերատեսչության ջանքերը: Սակայն պետք է ընդգծեմ, որ ամերիկյան մոտեցումը, այն է` որեւէ փոխկապակցվածություն այս երկու հարցերում չպետք է լինի, հստակ ձեւակերպվել եւ ներկայացվել է կողմերին:
– Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունում ամրագրված են հետեւյալ կետերը. «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումըգ» եւ «վերահաստատելովգ տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները»: Սրանք ստանդարտ ձեւակերպումնե՞ր են, թե՞, օրինակ, «բազմակողմ պարտավորությունների» մասին կարող էր եւ չնշվել: Սա վերաբերո՞ւմ է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
– Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների փոխադարձ, այսինքն` երկկողմ ճանաչումը ստանդարտ ձեւակերպումներ են եւ նման փաստաթղթերում պարտադիր նշվում են: Իսկ «բազմակողմը» որոշակի մեկնաբանությունների հնարավորություն տալիս է: Կարծում եմ` իրականում որեւէ լուրջ խնդիր չկա այս առումով, քանի որ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի անկախացման պահից ճանաչում ենք, որը չի ներառում ԼՂ հարցը: Մեր մոտեցումն այն է, որ ԼՂ հարցը լուծվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Սակայն, ինչպես ասացի` «բազմակողմ պարտավորություններ» ձեւակերպումը որոշակի մեկնաբանությունների տեղ թողնում է, այդ արտահայտությունը կարող էր եւ չնշվել:
– Իսկ սահմանների երկկողմ ճանաչումը սահմանափակո՞ւմ է մեր ապագա հնարավորությունները Թուրքիայի նկատմամբ՝ ներկայացվելիք պահանջների եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակության առումով, ինչպես պնդում են ՀՅԴ-ականները:
– Տարածքային պահանջների առումով, իհարկե, սահմանափակում է: Բայց մենք ի՞նչն ենք ավելի կարեւոր համարում: Մեր ազատ հաղորդակցվելու, տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման գործոնն ու Հայաստանի ինքնիշխանության մակարդակի բարձրացման հնարավորությո՞ւնը, թե՞ ինչ-որ շատ աղոտ եւ իմ կարծիքով՝ միայն պատերազմով լուծվող հարցերը` տարածքների պահանջատիրությունը, որը ՀՀ բնակչության շահերի հետ առանձնապես կապված էլ չէ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնահատի, թե որն է իր համար ավելի կարեւոր: Մյուս կողմից էլ՝ Թուրքիան շրջապատված է այնպիսի երկրներով (Սիրիա, Հունաստան, Բուլղարիա, Իրան), որոնք իր հետ տարածքային խնդիրներ են ունեցել եւ այսօր էլ ունեն: Բայց բոլորի հետ էլ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունի: Նման դիվանագիտական կարճատեսություն, անպատասխանատու վերաբերմունք պետական անվտանգության խնդիրներին եւ հասարակական շահերին չի կարելի թույլ տալ:
– Ինչպես նախօրեին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները խորհրդարանների կողմից սովորաբար չեն վավերացվում, բայց Թուրքիայի վարչապետը արդեն ասել է, որ միայն խորհրդարանների վավերացումից հետո են այս արձանագրությունները ուժի մեջ մտնելու:
– Ես բազմիցս նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կողմերի համար թեեւ կարեւոր են, սակայն Թուրքիայի համար ավելի կարեւոր են թուրք-ամերիկյան եւ թուրք-եվրոպական հարաբերությունների կտրվածքով: Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը օգտագործում է, որ ավելի շատ մանեւրելու հնարավորություն ունենա նշված կողմերի հետ հարաբերություններում: Այս առումով վավերացման խնդիրը եւս մեկ հնարավորություն է` սակարկելու: Թուրքիայի ներքին իրավիճակն էլ շատ կարեւոր է, քանի որ կուսակցությունները այսպիսով պարտավորված են լինելու արտահայտել իրենց դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Եվ այդ քննարկումները կարող են շատ երկար տեւել, ուստի Թուրքիան կարող է գործընթացը ձգձգել, սակարկել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, անկախ այն բանից, որ արձանագրություններում հստակ ժամկետներ են նշված: Այսինքն` ի տարբերություն մեզ, այս վավերացման վերաբերյալ դրույթը թուրքական կողմին լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում: Իսկ մեր պառլամենտը, բացառությամբ «Ժառանգության» եւ, այս դեպքում նաեւ` դաշնակցականների, հենց որ ասեն քվեարկեք` կքվեարկեն միահամուռ կերպով: Բայց այս հարցերում շատ ավելի կարեւոր մի խնդիր կա: Հարաբերությունների կարգավորման գործընթացը ձեռք է բերում ամբողջական եւ հստակ տրամաբանություն: Այդ տրամաբանությունը ուղղված է Հայաստանին տարածաշրջանային գործընթացների մեջ ավելի լուրջ ներգավելուն: Բայց որքանո՞վ ենք մենք դրան պատրաստ: Որքանո՞վ ենք պատրաստ ինքնուրույն քաղաքականություն վարելու տարածաշրջանում, ի՞նչ ռեսուրսներ, հնարավորություններ, նպատակներ ունենք դրա համար: Այս հարցերի հետ կապված որեւէ ակնարկ չեմ լսել իշխանությունների կողմից:
– Ձեր կարծիքով՝ սահմանի բացման գործընթացը կարող է դադարեցվե՞լ նշված պատճառներով:
– Ո՛չ, կարծում եմ, որ սահմանը կբացվի: Չեմ կարող ասել, թե երբ, բայց վստահ եմ, որ կբացվի: Օգոստոսյան պատերազմից հետո տրանսպորտային դիվերսիֆիկացման խնդիրը բավականին լուրջ է դրված: Համենայնդեպս «Նաբուկո» ծրագիրը պահանջում է, որ գոնե հայ-թուրքական հարաբերությունների հարցը հնարավորինս շուտ լուծվի: Եթե սա կարգավորվեց, «Նաբուկոյի» իրականացման համար ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն: