Հետաքրքիր տեղաշարժ

02/09/2009

ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի գնահատմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունն, ընդհանուր առմամբ, հետաքրքրական տեղաշարժ է, որը պետք է գնահատել որ միայն՝ ըստ ձեւի, այլեւ` ըստ բովանդակության: «Իհարկե, իշխանության ներկայացուցիչները եւ աջակիցներն ամեն կերպ փորձում են դա ներկայացնել որպես Հայաստանի դիվանագիտության հաղթանակ»,- երեկվա ասուլիսում ասել է Ա. Մելիքյանը` նշելով, թե քաղաքական դաշտի կողմից, ըստ էության, չի տեսել ոչ մի մեկնաբանություն: Ըստ նրա` մինչ օրս հնչած մեկնաբանությունները եղել են գնահատականներ: «Վերջին հաշվով, եթե խոսվում է հայ-թուրքական սահմանի մասին, այդ սահմանն արդեն իսկ գծված է, եւ եթե գոյություն ունի գործող պայմանագիր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ի՞նչ լրացուցիչ արձանագրությունների մասին կարող է խոսք լինել»,- ասել է նա: Ա. Մելիքյանի գնահատմամբ` այդ երկու արձանագրություններն, ըստ էության, երկու տարաբնույթ խնդիրներ են լուծում, եւ, մեծ հաշվով, այն կարող էր լինել միասնական փաստաթուղթ։ «Այսինքն, երկկողմ հարաբերությունների կարգավորման համատեքստում պետք էր դիտարկել նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Ինչի՞ համար էր պետք առանձնացնել մեկը մյուսից»,- նշել է ԼՂՀ նախկին արտգործնախարարը: