Նալբանդյանը հորթին փնտրում է եզան վրա

02/09/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Ամեն ինչ շատ լավ է, հայկական դիվանագիտությունը ամեն ինչ շատ ճիշտ է անում, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա»։ Այս մեկ նախադասության մեջ կարելի է ամփոփել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի երեկ հրավիրած ասուլիսի հիմնական ասելիքը:

«Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ եւ տարաբնույթ խոչընդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսեւորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության եւ շարժվել առաջ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունները կարեւոր հանգրվան են երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ճանապարհին։ Այն մտահոգությունը, թե անկախ բոլոր հավաստիացումներից, հայ-թուրքական բանակցային գործընթացը սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության հետ, Էդ. Նալբանդյանը համարում է սխալ։ Իսկ վստա՞հ է արդյոք ՀՀ ղեկավարությունը, որ թուրքերը հարաբերությունների կարգավորումը չեն կապում Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ «Ես վստահ եմ, որ մե՛նք չենք կապում։ Վստահ եմ, որ եռանախագահները չեն կապում»,- ասում է նա՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ Թուրքիան կապում է, ապա դա ոչինչ չի փոխում։ Արձանագրությունների հետ կապված մտահոգություններ են հնչում նաեւ այն առումով, որ այն շոշափում է Ցեղասպանության եւ Կարսի պայմանագրին առնչվող հարցեր։ Մասնավորապես, արձանագրությունների մեջ տեղ գտած՝ երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնման հարցերով պատմական հարթության, երկխոսության հիման վրա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման դրույթը շատերը Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողով են համարում։ Էդ. Նալբանդյանը այդ կարծիքը սխալ է համարում։ Սխալ է համարում նաեւ տողատակերում Կարսի պայմանագրի հետ կապված դրույթներ փնտրելը։ «Կարսի պայմանագրի մասին ոչ մի հիշատակում չկա։ Պետք չէ եզի տակ հորթ փնտրել»,- ասաց Էդ. Նալբանդյանը՝ ըստ էության, բոլորին կոչ անելով բառացի ընկալել այն, ինչ գրված է՝ առանց ավելորդ մեկնաբանությունների եւ կասկածների։ «Միջազգային հարաբերությունների մեջ եւ միջազգային իրավունքի իմաստով թաքնված բաների մասին չեն խոսում, այլ խոսում են այն մասին, ինչն ակնհայտ է, ինչը գրված է»,- ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը` երեւի մոռանալով այն հայտնի արտահայտությունը, որ դիվանագիտությունը հենց թաքնված բաներ ասելու արվեստ է։ Մյուս կողմից, սակայն, նա նշում է, որ հարաբերությունների կարգավորումը բավականին բարդ գործընթաց է, եւ երկարատեւ բանակցություններից հետո է միայն հաջողվել հասնել այս «կարեւոր հանգրվանին»՝ արձանագրությունների նախաստորագրմանը։ Իսկ երբ ասում են՝ «բանակցություն», այն էլ՝ երկարատեւ, դա արդեն ենթադրում է խնդիրներ եւ փոխզիջումներ։ Իսկ Է. Նալբանդյանին երեւի թվում է, որ երկու երկրներն էլ իրենց առջեւ որպես գերագույն նպատակ ունեցել են միայն արձանագրություններում նշված գեղեցիկ արտահայտությունների մակագրումը՝ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն, տարածաշրջանային անվտանգություն եւ այլն: Այդ դեպքում, սակայն, հարց է ծագում` ո՞րն էր այսքան երկար բանակցելու պատճառը։ Ինչեւէ, եթե որեւէ մեկը կարող է հավատալ Էդ. Նալբանդյանի հավաստիացումներին, որ արձանագրությունների «ետեւում» ոչ մի վտանգավոր բան չկա թաքնված, ուրեմն Հայաստանում դեռեւս կան անուղղելի լավատեսներ, որոնք հավատում են նաեւ արտգործնախարարի երեկ արած այն հայտարարությանը, թե՝ «Ես երբեք սուտ չեմ խոսում»։

Նշենք նաեւ, որ վերջնականապես ոգեւորվելու կամ վերջնականապես հիասթափվելու ժամանակը դեռ չի եկել. հրապարակված արձանագրությունները դեռ պետք է վերջնականապես ստորագրվեն, հետո ներկայացվեն երկու երկրների խորհրդարանների հաստատմանը։ Այսինքն՝ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, եւ այժմ դժվար է միանշանակ ասել՝ ինչո՞վ կավարտվի այս գործընթացը։ Օրինակ՝ երկու երկրներն էլ հավաստիացրել են, որ ամեն ինչ կանեն խորհրդարանների կողմից համաձայնությունների հաստատմանը հասնելու համար։ Սակայն «Կհարգի՞ Թուրքիան այդ համաձայնությունը, թե՞ ոչ՝ կտեսնենք»,- ասում է Էդ. Նալբանդյանը։ Ամեն դեպքում, ըստ նախարարի, Հայաստանն արդեն շահել է այդ գործընթացից՝ աշխարհին ներկայանալով որպես վստահելի գործընկեր։ Դրա ապացույցն այն է, որ քայլն ամենաբարձր մակարդակով ողջունվում եւ անվերապահ աջակցություն է ստանում ամբողջ աշխարհից։ Էդ. Նալբանդյանը հեռակա կարգով փորձեց հանգստացնել նաեւ ադրբեջանցիներին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությանը, թե արձանագրությունները որեւէ երրորդ կողմի վնաս չեն հասցնում։ «Միայն Ադրբեջանն է դեմ, բայց սխալվում է: Տարածաշրջանում կայնությունն ու խաղաղությունը լավ կանդրադառնան նաեւ Ադրբեջանի վրա»,- ասաց նախարարը:

Դժվար է ասել՝ ադրբեջանցիների համար որքանո՞վ համոզիչ կլինեն Էդվարդ Նալբանդյանի խոսքերը (չնայած, մեծ հաշվով՝ դա իրենց խնդիրն է)։ Իսկ մեր խնդիրն այն է, որ Նալբանդյանի պնդումները, մեղմ ասած, համոզիչ չեն Հայաստանի քաղաքացիների, առնվազն քաղաքական ուժերի համար։ Օրինակ՝ դաշնակցականները այս հարցի հետ կապված հանրահավաք էին հրավիրել, որը սկսվեց Էդ. Նալբանդյանի ասուլիսի ավարտից անմիջապես հետո։ Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած «մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի», սակայն ՀՅԴ-ն պահանջում էր ԱԳ նախարարի հրաժարականը։