Մասնավոր կապիտալը կինոարտադրություն է մտնում

27/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Օգոստոսի 9-ին պարզ կդառնա «Հայֆիլմ» կինոստուդիայի նոր տիրոջ անունը:
Ըստ մրցութային հանձնաժողովի նախագահ, Պետգույքի կառավարման վարչության
պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի՝ պաշտոնապես հայտ ներկայացնողներ դեռ չեն
եղել: «Բայց գիտեք, մեր սովորության համաձայն, հայտերը վերջին ժամերին են
բերում»,- ավելացրեց նա: «Հայֆիլմի» սեփականաշնորհումը հրապարակային
աճուրդ է, եւ եթե նույնիսկ մրցույթի պայմաններին համապատասխան մեկ հայտ
լինի՝ հաղթող կճանաչվի:  

Կինեմատոգրաֆիստներից շատերը կցանկանային «Հայֆիլմի» տիրոջ կարգավիճակում
ամերիկահայ գործարար Խաչիկ Խաչիկյանին տեսնել: Վերջերս նա հրապարակավ
հրաժարվեց «Հայֆիլմը» գնելու մտադրությունից: «Ես հրաժարվում եմ մասնակցել
«Հայֆիլմի» աճուրդին: Կինոստուդիան իրավաբանական մարմին է, որի մեջ մտնում
են եւ գույքը, եւ տարածքը, եւ ֆիլմադարանը, եւ բանկի հաշիվը: Ես առաջարկել
եմ գնել ամբողջը: Մինչդեռ աճուրդի են հանվել միայն գույքն ու տարածքը»,-
ասել էր նա: «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը վստահեցրեց, որ
Խաչիկյանն անպայման հայտ ներկայացնելու է, պարզապես սեփականաշնորհման
պայմանների մեջ կետեր են եղել, որոնց հետ նա համաձայն չի: Թերեւս նրան
մտահոգել է կինոստուդիան 50 տարով վարձակալելու կետը, այլ ոչ թե անժամկետ:
 

Սեփականաշնորհվելու են «Հայֆիլմի» շենքը, հարակից 24,2 հա տարածքը եւ
կինոսարքավորումները: Ֆիլմադարանը պատկանելու է պետությանը, քանի որ
հայկական ֆիլմերն ազգային արժեք են համարվում: «Ֆոնդն ազգի մնայուն արժեք
է, որը տրվելու է օգտագործման: Եթե նոր տերը որոշի նեգատիվները ոչնչացնել
եւ ամեն ժապավենից տասը գրամ արծաթ հանել, նա չի կարողանա դա անել:
Խաչիկյանը լավ գիտի, որ ֆիլմադարանը գնելն անհնար է»,- ասաց Գ.Գեւորգյանը:
Ֆիլմերի պարտադիր թվայնացումից հետո նոր սեփականատերն իրավունք կունենա 50
տարի ցուցադրել դրանք եւ եկամուտ ստանալ: Եվ որոշել՝ ինչպիսի՞ ֆիլմ
նկարել: Կամ էլ չնկարել: Եվ որոշել տարածքը վերավաճառել:  

Ի տարբերություն երկու այլ պոտենցիալ հավակնորդների՝ Ջերարդ Գաֆէսճյանի եւ
Արա Աբրահամյանի, Խ.Խաչիկյանն ավելի մեծ ներդրումներ է խոստացել: Պարտադիր
պայմաններից է համարվում 620 հազար դոլար մեկնարկային գինը եւ տասը տարվա
ընթացքում նվազագույնը 70 մլն դոլար ներդնելը: Գումարները նախատեսված են
լինելու ստուդիայի մոդեռնիզացման, կինոարտադրության եւ 400 ֆիլմերի
թվայնացման համար: Պետք է նաեւ մեկ տարվա ընթացքում ապահովվի 300
աշխատատեղ՝ 116 դոլար միջին աշխատավարձով: Նաեւ չդադարեցվի նոր ֆիլմերի
արտադրությունը՝ տարեկան առնվազն 4 լիամետրաժ, 5 կարճամետրաժ եւ 3
մուլտիպլիկացիոն: Երբ Խաչիկյանն իր ծրագիրն էր ներկայացրել, պարտավորվում
էր 1,5 մլն դոլար վճարել եւ տասը տարվա ընթացքում 100 մլն ներդրում անել:
«Մենք խնդրեցինք, որ ընդառաջեն Խաչիկյանի ծրագրին, իսկ պետությունը որոշեց
մրցույթ հայտարարել»,- ասաց «Հայֆիլմի» տնօրենը: Դեռեւս երկու տարի առաջ
ներկայացված Խաչիկյանի ծրագիրն, ըստ Գ.Գեւորգյանի՝ վերանայվելու է: Դեռեւս
մրցույթի հայտարարումից առաջ Խաչիկյանն ասել է, որ ցանկանում է «Հայֆիլմը»
մինի Universal Studio դարձնել՝ 20 նոր նկարահանման հրապարակներով,
հյուրանոցային համալիրով եւ 3000 նոր աշխատատեղով: Ինչպես դա կարելի է
անել զարգացած ենթակառուցվածք չունեցող Հայաստանում, դժվար է պատկերացնել:
Պետք են բարձրակարգ հյուրանոցներ, հարմար ավիաչվերթեր, տարբեր այլ որակյալ
ծառայություններ՝ սկսած կինոմասնագետների պատրաստումից, վերջացրած
լվացքատներով: Ենթադրվող սեփականատերերից ոչ մեկն էլ կինոյին անմիջական
առնչություն չունի եւ կինոյին բիզնեսմենի աչքերով է նայում: «Ես չեմ
հավատում, որ կինոստուդիայի նոր տերը կմտածի կինոյի մասին,- ասում է
կինոգետ Միքայել Ստամբոլցյանը։ -Գուցե կասկածամիտ եմ, կամ էլ լավ հաշվել
գիտեմ: Մեծ գումարներ ներդնողը իհարկե կցանկանա գումարներն արագ ետ բերել:
Եվ ինչպե՞ս է դա անելու: Երեւի թե տարածքը վերավաճառելով»:  

Ընդ որում, մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն հայ, այլեւ այլազգի
գործարարներ: «Մի հրեա պրոդյուսեր էր եկել, հետաքրքրվում էր «Հայֆիլմով»:
Հայտ կներկայացնի, թե ոչ՝ չգիտեմ»,- ասաց Գ.Գեւորգյանը:   

Եվ արվեստ, եւ արտադրություն

Գրեթե բոլոր ետխորհրդային երկրների կինոստուդիաները քայքայման շեմին էին
կանգնել: «Մոսֆիլմի» սեփականաշնորհումն, օրինակ, կանխել է ստուդիայի
տնօրեն Կարեն Շահնազարովը, որի ջանքերով «Մոսֆիլմն» ամրագրվել է պետական
ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկությունների ցուցակում:
«Մոսֆիլմը» պետական է, սակայն ապրում է շուկայի կանոններով եւ ծաղկում է:
Ստուդիայի վերակառուցումը կատարվում է վաստակած գումարների շնորհիվ:
Կինոսպառման ահռելի շուկա ունեցող Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ
պետական ստուդիա ունենալ, ֆիլմերը ցուցադրել Ռուսաստանում, եւ բնականաբար
ներդրված գումարը ետ կբերեն:  

«Գրուզիա-ֆիլմը» մի քանի տարի առաջ դարձավ բաժնետիրական ընկերություն:
Սակայն առայժմ լուրջ ներդրումներ չեն արվել, եւ այժմ ստուդիան գտնվում է
էլ ավելի բարդ վիճակում: Հեղափոխությունից հետո որոշվել է այն
սեփականացնել: Հարցը դեռ բաց է, կա «Գրուզիա-ֆիլմի» տարածքում կինոքաղաք
կառուցելու առաջարկ: «Մենք սպասում ենք»,- ասել է ստուդիայի տնօրեն Ռեւազ
Չխեիձեն: Վրացի կինեմատոգրաֆիստներից շատերը մտահոգված են, որ ստուդիայի
մի մասը «զվարճության կենտրոնների» կարող է վերածվել: Մենք էլ նման
հեռանկարն անտեսելու շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ:

Կինոն մաքուր արվեստ չէ, այլ արտադրություն, եւ կարող է ինքնուրույն փող
վաստակել: Ընդ որում, դեռ 1992 թվականին մի խումբ հայ կինոգործիչներ
առաջարկել են «Հայֆիլմը» բաժանել երկու ճյուղերի՝ կինոֆաբրիկայի եւ ֆիլմի
արտադրության: Ֆաբրիկան իր ծառայությունները կարող էր առաջարկել
նկարահանող խմբերին: Լիներ այն մասնավոր թե պետական, պետք է կատարեր իր
գործը: Իսկ ֆիլմերի արտադրությունը, գումարների բաշխումը կատարվելու էր
պետության կողմից: «Դրանք առանձին տնտեսվարող սուբյեկտներ պիտի լինեն:
Գոնե մի օղակ պիտի լինի, որը իսկապես կինոյով կզբաղվի՝ գումարներ կտա,
ֆիլմերը փառատոններ կուղարկի»,- ասաց Մ.Ստամբոլցյանը:  

Ետխորհրդային երկրներում կինոստուդիայի ամենահաջող սեփականաշնորհումը
Պրահայում է արվել: «Բարանդով» ստուդիան կարողացել է արագ վերականգնվել եւ
եվրոպական ու ամերիկյան ֆիլմերի նկարահանման համար լավ պայմաններ ստեղծել:
Չեխիան Հայաստանի նման փոքր երկիր լինելով, սեփական շուկայի համար
աշխատելը անհնար է համարել եւ սկսել է իր ծառայություններն առաջարկել՝
մասշտաբային միջազգային ֆիլմերի ստեղծման համար: Բացի տարեկան 15-20
ֆիլմերի արտադրությունից, «Բարանդովում» ֆիլմեր են նկարահանել շատ հայտնի
ռեժիսորներ: Շատերին է գրավել տեղական կոլորիտը, համեմատաբար էժան
վարձատրվող լավ մասնագետները եւ լավագույն տեխնիկայով զինված լինելը:
Վերջին տարիներին «Բարանդովը» 300 մլն ներդրում ստանալու շնորհիվ
կարողացել է անուն ու համբավ ձեռք բերել: Պրահան Եվրոպայի կենտրոնում է,
մենք՝ արվարձանում: Սեփականաշնորհման պրոցեսում ամենակարեւորը
կինոքաղաքականությունն է: Կհաջողվի՞ «Հայֆիլմին» ոտքի կանգնել, որակյալ
ֆիլմեր ստեղծել ու եկամուտով աշխատել, կախված կլինի պետությունից:
Մասնավորեցումը չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է կինոյից:
Զուգահեռաբար ստեղծելով պետական հստակ կինոքաղաքականություն ունեցող
Կինոկենտրոն, Հայաստանը կարող է իր ձեռքից բաց չթողնել ազգային
կինոարտադրությունը: Ներկայումս կինոյով զբաղվող ու կինոյից հասկացող ոչ
մի պետական մարմին չկա: Իսկ առայժմ միայն մի բանում կարող ենք վստահ
լինել՝ չի փոխվի «Հայֆիլմի» խորհրդանիշը՝ Սասունցի Դավթի արձանը: