Քննությունն ավարտել են

02/09/2009

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում` շուկայի մոտ, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կիրառելու համար չորս ոստիկաններին առաջադրված մեղադրանքի մասով քննությունը: Այս մասին panorama-ին տեղեկացրել է Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Ըստ տեղեկատվության, ձեռք բերված ապացույցների հիման վրա 2008թ. մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում քաղաքացու նկատմամբ բռնություններ կիրառելու հատուկ միջոց հանդիսացող ռետինե մահակներով հարվածներ հասցնելու համար Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Գ. Հարությունյանին եւ Հ. Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` «Պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»: «Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա. Մանուկյանին եւ Գ. Գրիգորյանին ՔՕ 309-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ երկու քաղաքացու նկատմամբ բռնություններ գործադրելու համար: Քրեական գործերն ուղարկվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար»,- ասել է Ս. Տռուզյանը: Ըստ նրա` քրեական գործին կցվել են ոստիկաններին մեղադրանք առաջադրելու հիմք հանդիսացած տեսագրությունները, ինչպես նաեւ դրանց ամբողջական տարբերակը, որը նախաքննական մարմնին է տրամադրել մի քաղաքացի, ում գաղտնիությունը`պաշտպանական նկատառումով ապահովելու համար, ըստ Տռուզյանի, Քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ, 98 պրիմ 1, 98 պրիմ 3 եւ 99-րդ հոդվածներով սահմանված կարգով միջոցներ են կիրառվել:

«Ներկայացնելով 2008թ. մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում վահաններով եւ մահակներով Ոստիկանության զինված աշխատակիցների կողմից անհայտ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելուն նախորդող պահերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեսագրություններ պարունակող լազերային սկավառակը, վկան հայտնել է, որ հեռուստատեսությամբ դրանք ցուցադրվել են մասնակի, իսկ ամբողջականն ինքը տեսել է ավելի վաղ, որը ձեռք է բերել ընդդիմության ներկայացուցչից, ում հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ»,- հավելել է նա: