Լուսանկարում պատկերված արդեն բնակելի երկհարկանին Աջափնյակ համայնքի բազմաթիվ մանկապարտեզներից մեկն է: Աջափնյակի բնակիչները երեկ ահազանգել էին խմբագրություն` տեղեկացնելով, որ թաղապետի նախաձեռնությամբ վաճառվում են համայնքի գրեթե բոլոր մանկապարտեզները եւ վերածվում են բնակելի շենքերի: Նրանց ասելով` մանկապարտեզներից մեկն էլ գնել է թաղապետարանի պաշտոնյաներից մեկը եւ այն մաս-մաս թանկ գներով վաճառել է քաղաքացիներին: «Հայտնվում է փողատեր, որն, ասենք, մի 10.000 դոլարով գնում է մանկապարտեզի ամբողջ շենքն ու սենյակները մաս-մաս էդ գնով վաճառում է»: Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական տարածքի ղեկավարը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է` Ռուբեն Հովսեփյանը: Բնակիչները դատախազին առաջարկում էին ստուգել թաղապետարանի գործունեությունը եւ բացահայտել պետական սեփականություն հանդիսացող մանկապարտեզների վաճառքից ստացված գումարների «փոշիացումը»: