Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության մի քանի կետեր անհանգստություն են առաջացրել մեր երկրի քաղաքական դաշտում: Անհանգստությունը մասնավորապես վերաբերում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին պարտավորության եւ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը վերահաստատելու մասին կետերին: Կարծիք կա, թե այդպիսով Թուրքիան անուղղակիորեն Հայաստանի առաջ նախապայմաններ է դրել` «բազմակողմ պարտավորություններ» արտահայտությամբ ստիպելով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ու թեեւ արձանագրությամբ նախատեսվող «պատմական հարթությամբ», նույնն է թե՝ ցեղասպանությամբ զբաղվող հանձնաժողովը միջկառավարական է լինելու, այնուամենայնիվ, մտահոգություն կա, որ այդպիսով Հայաստանը կուլ տալով Թուրքիայի խայծը` կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում եւ դիվանագիտական ասպարեզում բազմամյա փորձ ունեցող, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանին նույնպես մտահոգել են այս ձեւակերպումները: «Եթե ցեղասպանությունը հայ մարդու համար ավելի շուտ բարոյահոգեբանական խնդիր է, ապա սահմանների հարցը որեւէ փաստաթղթով ֆիքսելն արդեն դուրս է գալիս բարոյական սահմաններից եւ ունի շատ կարեւոր պետական նշանակություն ոչ թե մեզ, այլ մեր ապագա սերունդների համար»,- ասում է Ա.Նավասարդյանը: Արձանագրություններում նշված է, որ դրանք պետք է վավերացվեն երկրների խորհրդարաններում: Ա.Նավասարդյանը գտնում է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը խորհրդարանում վավերացնելու անհրաժեշտություն չկա: «Բայց եթե շատ «կարեւոր» երկրների մեջ է դա կատարվում, հնարավոր է, որ խորհրդարաններում էլ քննարկվի: Թուրքիայի դեպքում ես գտնում եմ, որ եթե նրանք ուզենան հարցի լուծումը ձգձգել, կարող են շատ հեշտ այս հարցը մտցնել խորհրդարան: Նույն կերպ մեր «քաջ» կոալիցիան կարող է գնալ այդ քայլին»,- ասում է պարոն Նավասարդյանը: «Նաեւ ասեմ, որ իմ խորին քաղաքական ուղղվածությունն այս հարցում այն է, որ մենք Թուրքիայի հետ պետք է անպայման բնականոն հարաբերություններ հաստատենք, հասնենք սահմանների բացման, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով դա ունի մեծ կենսական նշանակություն: Բայց դա պետք է լինի առանց նախապայմանների»,- ավելացրեց Ա.Նավասարդյանը: