Հայ-թուրքական մեղրամիս

02/09/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

«Խոսքերի շատության մեջ ունայնություն կա»,- արդեն մի քանի հազար տարի զգուշացնում է Ժողովողը: Բայց դրանից՝ ոչինչ չի փոխվում: Հասարակական կյանքի կարեւորագույն խնդիրները միշտ էլ կորում-գնում են խոսքի առատության մեջ: Այս օրերի թեման հայ-թուրքական հարաբերություններն է: Հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան երկու արձանագրություններ են ստորագրել, անակնկալ էր: Համարյա բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած այն փաստին, որ բոլորը գիտեին ընթացող բանակցությունների մասին: Ոչ ոք չէր սպասում, որ բանակցություններն այդքան առաջ են գնացել: Բայց, արդեն ստորագրված արձանագրությունների մասին մեր քաղաքական ուժերի կարծիքն առայժմ հստակ չէ: Բացառությամբ, իհարկե, ՀՅԴ-ի: Մեր ավանդական կուսակցությունն առիթը բաց չթողեց ու նախօրոք հայտարարած հանրահավաքը երեկ անցկացրեց գերմանական ֆաշիստների կարգախոսի տակ: Կարգախոսը, բնականաբար, թարգմանված էր հայերեն եւ Գերմանիայի փոխարեն՝ ամեն ինչից վեր Հայաստանն էր հռչակված: (Գերմանիայում այդ կարգախոսը հրապարակավ հնչեցնողին Երկրորդ համաշխարհայինից հետո քրեական պատասխանատվության են ենթարկում): Հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը մտավախությամբ ու զգուշավորությամբ մոտենալն, իհարկե, օբյեկտիվ հիմքեր ունի: Դժվար է բազմադարյա հզոր դիվանագիտություն ունեցող երկրի հետ հարաբերություններում հավասար ներկայանալը: Ուստի հարաբերությունների հետագա զարգացումների մասին Հայաստանում բազմաթիվ լեգենդներ են հյուսվել: Օրինակ՝ այն, որ տնտեսական իմաստով մեր երկիրը համարյա ոչինչ չի շահի: Երկու-երեք տարի առաջ գտնվեցին տնտեսագետներ, ովքեր պնդում էին, որ անգամ սահմանը բացվելուց հետո երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը էական ծավալ չի ունենա: Հետո հայտնվեց տեսակետ, որ թուրքական էժան ապրանքը կոչնչացնի հայրենական արտադրությունը: Հիմա այս թեման կրկին դառնում է մոդայիկ: Հատկապես, որ պետությունների միջեւ ստորագրած համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն տնտեսության ոլորտում: Հայաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունը զգալի տեղ ունի: Ուստի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը դեմ խոսողները սկսում են այս ոլորտից: Նրանք հայ գյուղացուն սարսափեցնող հեռանկարներ են խոստանում: Ներկայացնելով, թե ինչպես իրանական էժան գյուղմթերքին գումարվելով՝ թուրքականը ոչնչացնելու է մեր գյուղատնտեսությունը: Նրանք լուրջ չեն համարում այն, որ Հայաստանը մաքսային քաղաքականությամբ կարող է կարգավորել տնտեսական խնդիրները: Թե Հայաստանը, թե Թուրքիան կոռուպցիայի մեծ փորձ ունեցող երկիր են: Կաշառք վերցնելու եւ տալու թուրքական բազմադարյա փորձը, ըստ նրանց, թուրք գործարարներին հնարավորություն կտա շատ արագ ներթափանցել հայկական շուկա: Հայ չինովնիկին կաշառելը բարդ չէ: Կարճ ասած, մեր գյուղատնտեսությունը անպաշտպան է: Մշակովի հողերից մինչեւ գյուղմթերքների վերամշակումը կդառնա թուրքական սեփականություն: Այս ամենին ավելացվում է նաեւ այն հեռանկարը, որ Հայաստանը Թուրքիայի արեւելյան շրջանների բնակչության համար կդառնա զվարճության վայր` քեֆ-ուրախության «օբեկտներով», կազինոներով, բաղնիք-հյուրանոցներով (ինչպես իրանցիների համար): Առավել արմատական հակառակորդները պնդում են, որ իշխանությունները հայ-թուրքական սահմանի բացման հարցում անձնական շահ ունեն: Իբր այս դեպքում թուրքերը դիտարկվում են մայրաքաղաքի նորակառույցների պոտենցիալ գնորդներ: Ռուսական արտահայտությամբ՝ «Հիչկոկը հանգստանում է»: Կան, իհարկե, նաեւ դրական վերլուծություններ: Ըստ նրանց՝ հարուստ հարեւանի հետ բաց սահմանի պարագային մեր օլիգարխներին դժվար կլինի պահպանել մենաշնորհը թե՛ տնտեսության առանձին ոլորտներում, թե՛ առանձին ապրանքների գծով: Ըստ նրանց, Հայաստանի առողջապահության ոլորտը տարածաշրջանում լավագույնն է, եւ մինչեւ Վանի տարածքի բնակչությունը դառնալու է մեր բուժհիմնարկների հաճախորդը: Արտահանման տեսանկյունից սահմանի բացումը որակական փոփոխություն չի բերի: Մեր արտադրությունը թուրքական շուկային առաջարկելու քիչ բան ունի: Բացառությամբ աշխատուժից, իհարկե: Թուրքիայի արեւելյան շրջանները երկրի կենտրոնի ու արեւմտյան տարածքների համեմատ թույլ են զարգացած: Ուստի սեփական որակյալ աշխատուժը լքել է այս շրջանները: Բայց փոխարենը՝ այն հրապուրիչ կարող է դառնալ ավելի համեստ աշխատավարձի ակնկալիք ունեցող հայ շինարարների ու էներգետիկների համար: Այդ երկու մասնագիտությունների գծով Հայաստանում աշխատուժի մեծ ավելցուկ կա: Սահմանի բացման ամենադրական կողմը, հարկավ, նոր տարանցիկ ճանապարհ ունենալն է: Ճանապարհ, որը հնարավորություն կտա էժանացնել արտահանումն ու ներմուծումը: Դրան գումարած՝ Հայաստանը վերջապես հնարավորություններ կստանա ներգրավվել տարածաշրջանային ծրագրերում` ինքը դառնալով տարանցիկ ճանապարհի մաս: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման դեմ խոսողների հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանը պատրաստ չէ: Ոչ համապատասխան օրենսդրական դաշտ կա, ոչ վարչական բավարար հմտություններ: Բայց սահմանի բացումը մեկ-երկու օրվա խնդիր չէ: Եվ, ի վերջո, սահմանն անվերջ փակ չի մնալու: Վաղ թե ուշ պետք է պատրաստվել այդ իրադարձությանը: Հնարավոր բացասական հետեւանքները մեղմելու, իսկ դրականից առավելագույն օգուտ ստանալու հեռանկարով: Բոլոր դեպքերում հայ-թուրքական հարաբերություններում մեղրամիս է սկսվում: Բայց բոլորին է հայտնի, որ իրական հարաբերությունները դրանից հետո են ձեւավորվում: