Հիմնական փաստաթղթերը խորհրդային ժամանակներին են վերաբերում, սակայն քիչ
չեն նաեւ նախահեղափոխական փաստաթղթերը: 3 մլն պահպանման միավոր կա 1923
թվականին Լենինի հրամանով ստեղծված Հայաստանի Ազգային արխիվում: Բոլոր
գործերը պահվում են թղթային հիմքի վրա, մշակվում են, հաշվառվում են,
տեղադրվում կամ կարվում են թղթապանակներում ու պահվում են պահոցներում: Կա
1681 ֆոնդ: Կան նաեւ գրողների, նկարիչների եւ այլ անվանի մարդկանց
անձնական ֆոնդեր, որոնք համալրվում են նվիրատվությունների շնորհիվ:
Փորձաքննական, կոմպլեկտավորման, գիտական արժեքավորման, վերականգնողական ու
մշակման բաժիններն աշխատում են տարիներ առաջ ընդունված կարգով: Թերեւս
աշխարհի բոլոր արխիվների աշխատանքը նման է, միայն ժամանակակից
տեխնոլոգիաներով հագեցվածությունն է տարբեր: «Ես եղել եմ Փարիզի եւ Օսլոյի
արխիվներում: Այնտեղ հարցում ես տալիս եւ վեց րոպեների ընթացքում պարզում՝
թե աշխարհի ո՞ր արխիվում նման բնույթի փաստաթուղթ գոյություն ունի:
Հնարավոր է, որ քեզ համար պիտանի փաստաթուղթը Պեկինի արխիվում գտնես»,-
ասաց Ազգային արխիվի փոխտնօրեն Էմմա Հովսեփյանը: Արխիվը չի կարող արագ
վերակառուցվել ու ինֆորմացիա որոնելը հեշտացնել: Ինտերնետային կայք
ստեղծելը բարդ ու ժամանակատար գործ է, սակայն՝ անհրաժեշտ:
«Աշխատում ենք պահպանել խոնավության ու ջերմային ռեժիմը: Թուղթը, իհարկե,
դեղնում է, բայց կարդալ կարելի է»,- ասաց Է.Հովսեփյանը: Արխիվիստի առաջին
պարտականությունը փաստաթղթերի պահպանումն է: Փաստաթուղթը պահպանման
որոշակի ժամկետ ունի: Երբ այն դադարում է իրենից արժեք ներկայացնել՝
ոչնչացվում է: Ոչնչացումը տեղում է կատարվում՝ տարբեր
նախարարություններում ու գերատեսչություններում: Արխիվ են հանձնվում միայն
արժեքավոր, մշտական պահպանության ենթակա փաստաթղթերը: Արխիվային նյութերը
հաշվառելը, դասակարգելն ու մշակելը դժվար է, իսկ դրանց հետ աշխատելն էլ՝
ավելի բարդ: «Գիտական աշխատություններ գրողները գիտեն, որ հիմնական
նյութերն այստեղ կարող են գտնել: Ում պետք է, նա լավ գիտի արխիվի տեղը»,-
ասաց Է.Հովսեփյանը:
Արխիվները կարող են եւ վճարվող աշխատանք կատարել: Թղթերի կապոցներում
ինքնուրույն որոնելու համար պետք է հստակ պատկերացնել՝ ո՞ր թղթապանակում է
անհրաժեշտ տեղեկությունը: «Վերջերս մեզ շատ են դիմում մարդիկ, ովքեր
ուզում են վերականգնել իրենց տոհմական ծառը»,- ասաց Է. Հովսեփյանը:
Հարազատների, բարեկամների, նախնիների որոնումը ստույգ ու ամբողջական
անցկացնելու համար մասնագետ-արխիվիստ է պետք: Մեր արխիվում նման վճարովի
ծառայություն չկա, բայց կարելի է համաձայնության գալ մասնագետի հետ, եւ
ձեր փոխարեն որոնումը կանի մասնագետը: Ցանկացողներին տրվում են
փաստաթղթերը, եւ նա ինքն է գլուխ հանում եւ ուսումնասիրում իր տոհմի
պատմությունը: Փաստաթղթերը կարելի է պատճենահանել. արխիվում քսերոքս կա:
Հայաստանում արխիվարիուսի մասնագիտություն չես ստանա: Արխիվագիտություն
կարելի է սովորել Մոսկվայի Պատմական-արխիվային ինստիտուտում: Փաստաթղթերի
հետ աշխատելու հմտությունը ներառում է փաստաթղթերի վերանորոգումից սկսած,
վերջացրած անընթեռնելի ձեռագրեր կարդալով: Հին ձեռագրերը պետք է
տպագրության հանձնվեն: Ըստ Է. Հովսեփյանի՝ ժամանակին աշխատակիցները տարբեր
քաղաքներ տեւական գործուղումների էին մեկնում եւ հավաքում մեր երկրին ու
ժողովրդին վերաբերող փաստաթղթերը: Անցյալ տարի Սանկտ Պետերբուրգ կատարած
գործուղումից նա բերել է Վահրամ Փափազյանի արխիվը, որը, բացի փաստաթղթերից
ու նամականուց, ներառել է նաեւ լուսանկարների ու բեմազգեստների
հավաքածուն, որը հանձնվել է Արվեստի թանգարանին: Ազգային արխիվը
կինոժապավեններ, ձայնագրություններ ու լուսանկարներ չի պահում: Միայն
թղթեր ու գծագրություններ: