Երեկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է զինծառայող Արամ Մկրտչյանի մահվան հանգամանքներին: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին զինվորական հոսպիտալ տեղափոխված Արամ Մկրտչյանը վիրահատվել էր եւ տեղափոխվել հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, սակայն սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 08:05-ին մահացել է: Հաղորդագրության մեջ ասված է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում օգոստոսի 28-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում եւ իշխանազանցություն) քրեական գործ է հարուցվել Վայքի զորամասի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ` վերջինիս կողմից Ա. Մկրտչյանին ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ: Օգոստոսի 29-ին կապիտան Անդոկ Գալստյանը ձերբակալվել է: 2009թ. սեպտեմբերի 1-ին 8-րդ կայազորային քննչական բաժնում գործը վարող քննիչի միջնորդությամբ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել կապիտան Անդոկ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Կապիտան Ա. Գալստյանը` որպես մեղադրյալ, հարցաքննության ընթացքում ինքնախոստովանական մանրամասն ցուցմունք է տվել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ եւ իրեն մեղավոր ճանաչել: Երեկ ՀՀ Առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնում կատարվում էր Արամ Մկրտչյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: