«Ֆրոնտ գնալու ամենացավոտ բանն այն էր, որ հայրս լաց լինելով հետեւիցս էր ընկել ու խնդրում էր, որ չգնամ»,- ասում է 40-ամյա Գագիկ Ղազարյանն, ով Չեխոսլովակիայում զինծառայությունն ավարտելուց հետո մոտ 20 տարեկան էր, երբ կամավոր, ընտանիքի անդամների կամքին հակառակ՝ մեկնեց Ղարաբաղ կռվելու: Այն ժամանակ ով հասցնում` փախնում էր Ռուսաստան՝ աշխատելու: Իսկ Գագիկն ընկերների հետ Ռուսաստան մեկնելու որոշումից հետ կանգնեց, որովհետեւ ինքը Թալինցի է, պապերը` Սասունցի, եւգ ինչ-որ խորհրդավոր բան արթնացավ իր մեջ, ու Գագիկի ոտքերը կամքի հետ համաձայնության գալով՝ նրան տարան Ղարաբաղի Շահումյանի շրջան: «Դա բացատրելու բան չի, էլիգ»,- ասում է նա: «Հատուկ գնդում» կռվելու ժամանակ «արյունը եռում էր», այնպես, ինչպես հիմա, որովհետեւ խոսելիս շրջապտույտ է անում տան երկայնքով մեկ: Բայց հիմա կռվում է ոչ թե մարմնով, այլ` աչքերով: Գագիկը գնաց պատերազմ` լաց լինելով հետեւից ընկած հոր պատկերն իր հետ սահման տանելով: Կռվում էր թշնամու ու այդ տեսարանի հետ, թշնամուն հաղթեց, բայց իր հետեւից լացող հոր տեսարանը մինչեւ հիմա սիրտը «տրորում է»: Մինչեւ հիմա սիրտը տրորում է նաեւ 1992-ին Լաչինում կռվելու ժամանակ այն օրը, երբ փամփուշտները կարկուտի պես թափվեցին տղաների գլխին, որովհետեւ թշնամին կռվում էր տեխնիկայով, իսկ հայ տղերքը պաշտպանվում էին իրենց մարմիններով արգելապատնեշ կազմած: «Էն ժամանակ ուրիշ էր, որովհետեւ էն ժամանակ ամեն զորամասի հրամանատար իրեն զգում էր զորամասի տեր: Ջոկատներում ամեն մեկն իրեն գեներալ էր զգում, բայց «Հատուկ գունդն» ուրիշ էր, ամեն մեկն իր գործն էր անում: Բանակը նոր էր, ես էլ՝ ջահել, տաքարյուն ու արդարություն փնտրող: Ջոկատի ամենաջահելը ես էի: Սուբորդինացիան կար, բայց անարդարության դեմ շատ էի ընդվզում, դրա համար էլ Շահումյանից տեղափոխեցին Լաչին: Ամենավատ օրերն էին, ուզում էին Լաչինը փակել: Առավոտից գիշեր կարկուտի պես փամփուշտները թափվում էին»,- պատմում է Գագիկն` ասելով, որ հայկական կողմը ռմբակոծությանն ընդհանրապես պատասխան տալու հնարավորություն չուներ, դրա համար էլ դիմադրությունը սահմանափակվել էր «ժիվոյ պատնեշով»: Կարկուտի պես թափվող փամփուշները տարան վաշտի պետ Խչոյին, Սաշիկին, էլ չենք ասում «սալդատսկի սաստավի» զոհերին, դրա համար էլ Լաչինը փակելու վտանգի առաջ կանգնած 1992-ի կռված տղաների համար այդ «ամենավատ» կոչվող օրը դարձավ լռության սգո օր, որովհետեւ Գագիկենց վաշտի տղաների 40%-ն էդ օրը «շարքից դուրս եկան»: Ասում է` «Էդ օրը զոհերի ու բեկորային վիրավորների տարափ տեղաց»: Ռմբակոծության հարվածի տակ ընկավ, «շարքից դուրս եկավ» նաեւ Գագիկն ու տեղափոխվեց հիվանդանոց, որտեղից, սակայն, բեկորները ոտքի մեջ, առանց վիրահատվելու վերադարձավ սահման. «Որովհետեւ կռվող էր պետք: Բժիշկը համոզեց, թե` տենց բան մի արա, քեզ բուժվել ա պետք, քեզ դա հետո պետք կգա եւ այլն, բայց գնացի: Բժշկական թղթերիս մեջ գրեց, որ՝ առանց բուժվելու դուրս է գրվել իր կամքով»: Հիվանդանոցից հեռանալուց հետո գնաց ուրիշ զորամաս, որտեղից տեղափոխեցին Կալինինո, իսկ այնտեղից էլ՝ «արդարություն փնտրելու» պատճառով պարզապես բանակից հեռացրեցին: Էն ժամանակ զորամասերում կռվող տղերքի մեջ Ադրբեջանի ու Հայաստանի հայերի ջրբաժան էր ստեղծվել ու այդ պիտակավորումը կոնֆլիկտների առիթ էր դարձել: Գագիկն ասում է` «Անձամբ ես կոնֆլիկտ չեմ ունեցել: Էն ժամանակ զորամասը բաժանվել էր երկու մասի` Ադրբեջանի հայեր ու Հայաստանի հայեր: Ինձ համար ղարաբաղցու կամ հայաստանցու տարբերությունն անհասկանալի ա: Էնպես ստացվեց, որ վիճաբանության ժամանակ չեզոք դիրքից սկսեցի համ էս ճամբարում գտնվողներին կշտամբել, համ էլ` էն: Հետո իրենք հաշտվեցին` ես վատամարդ դուրս եկա»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բաջանաղ, այն ժամանակ հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Արկադի Կարապետյանը Գագիկին բանակից հեռացրեց` փաստաթղթերում հեռացումը հիմնավորելով` «Գումարտակում պառակտումներ կազմակերպելու համար բանակից հեռացնել եւ աստիճանազրկել»: Տարիներ անց Գագիկը Ա. Կարապետյանից փորձել է ճշտել մեղավորության իր մասնաբաժինը, սակայն վերջինս պատասխանել է. «Հիմա էսքան տարի անց ի՞նչ կարող եմ անել քեզ համար»:
«Վազգենն ուրիշ էր, Վազգենը մերն էրգ»
Երբ շարժվում են ոտքի մեջ մնացած բեկորները` Գագիկը շաբաթներով չի կարողանում տեղաշարժվել, բայց դրա մասին փաստում են մարտական ընկերները, իսկ ինքը լռում է: Թեեւ ոտքը վիրահատման ենթակա է, բայց չի կարող դիմել վիրահատական միջամտության։ «Եթե վիրահատեն` պիտի գոնե մեկ ամիս պառկեմ, պիտի չկարողանամ աշխատել, իսկ էդ դեպքում երեխաներիս ո՞վ պիտի կերակրի, տանս վարձն ո՞վ պիտի տա: Դրանից բացի, երաշխիք չեն տալիս, թե կարող եմ քայլել: Հնարավոր ա՝ ոտքս ընդհանրապես չաշխատի, իսկ ռիսկի գնալ չեմ կարող»,- ասում է նա: Սահմանի թեժ գծերում կռված, պատերազմի հետքը մինչեւ հիմա մարմնում պահած այս տղամարդը մինչ օրս նույնիսկ չի կարողանում ձեռք բերել ազատամարտիկի վկայական եւ հաշմանդամության կարգ: Ասում է` «Դիմում ես Պաշտպանության նախարարություն, դավադիտ են անում, որ հրաժարվես: Գնա էսօր, գնա վաղը, գնա էսինչի մոտ, գնա էս թղթի հետեւից, ու տենց շարունակ: Գնացել եմ Կանազի հոսպիտալ: Բժիշկը թղթերը նայում, ասում ա՝ հա՛, բեկորը ոտքիդ մեջ ա, հա՛, ցավում ա, մենք համաձայն ենք դրա հետ, որ ցավում ա, բայց քեզ կարգ չի հասնում: Ասում ա` քեզ կարգ կտայինք, եթե ոտքդ կամ թեւդ կտրած լիներ, կանտուզիա տարած լինեիր, չլսեիր: Ասում եմ` չալի՞կ վերցնեմ գամ, ինչ ա: Ասում եմ` բանվորություն անող մարդ եմ, ձմռանն անգամ աստիճան չեմ կարողանում բարձրանամ ցավից: Ասում ա` բանվորություն մի արա, կոմպյուտերով զբաղվի: Բժիշկն ինքն ա ասում, որ լուցկու տուփի չափ բեկոր ա, որը կապսուլապատվել ա»: Հոսպիտալի բժիշկը Գագիկին տեղեկացրել է, որ ազգաբնակչության մեծ մասն այսօր իրեն «կռված տղա է» հռչակում եւ տարբեր ճանապարհներով փորձում է հաշմանդամության կարգ եւ վկայական ձեռք բերել: Գագիկն այն մարդկանցից չէ, ովքեր պետությունից «մի երկու կոպեկ պոկելու» համար պատրաստ են թակել հարյուրավոր դռներ, պարզապես վիրավորված է: Ասում է` «Հանկարծ իմ սոցիալական վիճակին չանդրադառնաք: Ես երկու տեղ եմ աշխատում եւ իմ երեխաներին ատամներով կպաշտպանեմ, ես պրոբլեմ չունեմ: Վիրավորականն էն ա, որ ինձ մեդալ տալիս են, բայց վկայական չեն տալիս: Եթե Վազգենը լիներգ Վազգենը մերն էր, Վազգենը բոլորին դեմքով ճանաչում էր, կռված տղերքը ապացուցելու բան չունեին: Հիմա հանձնաժողովը չկռվածներին վկայականներ ա բաժանում, իսկ կռվածներին գցում ա էս դռնից՝ էն դուռ, որ հիասթափվես»:
«Ես հայրենիք չունեմ»
Գագիկը չափազանց հպարտ մարդ է: Երկու անչափահաս երեխաներին ինչպես հարկն է խնամելու համար օր ու գիշեր աշխատում է երկու հիմնարկությունում: Օր ու գիշեր աշխատում է նաեւ կինը` Հեղինեն: Ընդհանրապես այս ընտանիքն օրինակելի է, երեխաները՝ չափազանց դաստիարակված, իսկ աղջիկը` երրորդ դասարանցի Տաթեւիկն, ինձ հետ զրուցելիս «է»-երով է խոսում: Հայրը գրկում է գովասանագրի արժանացած դպրոցից վերադարձած Տաթեւիկին ու բազուկներով այնպես է նրան ծածկում, կարծես առյուծը պաշտպանում է իր «ձագուկին»: Հետո Տաթեւիկի ներկայությունից կաշկանդված` հարմար պահ որսալով՝ նրանից գաղտնի, շփոթված շշնջում է` «Հանկարծ երեխայիս մոտ մեր սոցիալական վիճակից հարցեր չտաք: Երեխայիս մոտ չխոսենք, լա՞վ: Ինքը գիտի, որ էս աշխարհում չլուծվող պրոբլեմ չունի, գիտի նաեւ, որ հայրն ամեն ինչ կարա անի, ու ինքը ոչ մի բանի կարիք չունի: Մենք ոչ մեկի օգնության կարիքը չունենք, ամեն ինչ կարգին ա»: Գագիկը կնոջ եւ երկու երեխաների հետ հանգրվանել է վարձակալած մի բնակարանում, որի համար ամսական վճարում է 50.000 դրամ: Ամուսնանալուց հետո հայրական տանը երեք եղբայրներն իրենց ընտանիքներով ապրելու հնարավորություն չեն ունեցել, հետեւաբար եղբայրներից փոքրը` Գագիկն, առանձնացել է: Ասում է` «Եկեք անկեղծ խոսենք, էսօր բոլորը հայրենասիրությունից են խոսում, բայց դա դարձել ա կեղծ արժեք: Ո՞րն ա իմ հայրենիքը, եթե ես իմ երկրում տեղ չունեմ, տուն չունեմ: Մարդու հայրենիքն էնտեղ ա, որտեղ տունն ա: Ստացվում ա՝ ես պաշտպանել եմ էն տարածքը, որն իմ հայրենիքը չի, իմ տունը չի: Եթե տուն չունեմ էս տարածքում, ուրեմն` ապագա էլ չունեմ: Ես որեւէ մեկից տան ակնկալիք չունեմ: Բայց գոնե պիտի հիպոթեքային վարկով մարելու հնարավորություն ստեղծեն: Ասում են` ամսական 260.000, բայց երկու տեղ աշխատում եմ 60.000-ով, կինս էլ էդքան ա ստանում, էլ չեմ ասում՝ տան վարձը: Էս փակուղուց ո՞նց դուրս գաս»: Գագիկի համար Հայաստանի Հանրապետություն կոչվող երկիրն օտարերկրացիների համար է, որովհետեւ անգամ տան տերը, որն ապրում է Ռուսաստանում, կարող է գալ եւ սպառնալ` վարձը կթանկացնեմ կամ տանից դուրս կհանեմ: Ասում է` «Ես էստեղ համ իր սահմանն եմ պահում, համ իր տունն եմ պահում, համ էլ փող եմ տալիս: Ախր հայրենիքի գաղափարը ո՞րն ա, իմ հայրենիքը ո՞րն ա: Մեր ղեկավարներն ամեն ինչ անում են արտասահմանցու համար: Շենքեր են կառուցում, որոնք գնելու հնարավորություն ունեն մենակ արտասահմանցիները: Սեւանը ծախել են, Ծաղկաձորը ծախել են, Գառնին ծախել են, ամեն ինչ ծախել են մասնավորին եւ էդ ամեն ինչից օգտվելու հնարավորություն ունեն արտասահմանցիները. Սեւանի վրա բիզնես են անում, Սեւանն ո՞ւմն ա, մասնավորի՞նը, թե՞ ժողովրդինը: Եթե իմ հայրենիքն ա` բա ինձնից հարցրե՞լ են իմ հայրենիքը մաս-մաս ծախելուց: Փաստորեն իմ պետությունը սեփականություն չունի, եւ իմ նմաններն էս պետության մեջ տեղ չունեն: Բայց եթե Ղարաբաղն էլ ծախեցինգ ես կդառնամ էս պետության թշնամին, թուրքից դաժան թշնամի»: