Մինչ օրս կարծիք կար, թե ԼՂՀ տարածքում խորհրդային իշխանության տարիներին կառուցվել է երեք հիդրոէլեկտրակայան: Դրանցից համեմատաբար հինը Ստեփանակերտի ՀԷԿ-ն էր, որը գործում էր 1930-ականներից: Այն ուներ փոքր հզորություն եւ բավարարում էր միայն Ստեփանակերտի պահանջները: 1940-ականներին կառուցվել է մի փոքր հիդրոէլեկտրակայան Մարտակերտի շրջանի Մադաղիս բնակավայրի մոտ: Ադրբեջանական այն ժամանակվա իշխանություններն ամեն ինչ արեցին այդ ՀԷԿ-երը փակելու համար: Տումի գյուղի մոտ 1950-ական թվականներին շահագործվել է Տումի հիդրոէլեկտրակայանը մոտ 50 կՎտ հզորությամբ: Նրանից ոչ հեռու աշխատել է նաեւ գյուղի ջրաղացը: Այն անվանվել է Ջրկեցի ջրաղաց: Հարկ է նշել, որ Տումի հիդրոէլեկտրակայանը աշխատել է մի քանի տարի եւ արժանացել նախկինների ճակատագրին: Ներկայումս ԼՂՀ-ում շահագործվում է Սարսանգի ՀԷԿ-ը, որը կառուցվել է Թարթառ գետի վրա: Նրա հզորությունը կազմում է 50 հազար կՎտ: 1940թ. ԼՂՀ-ում արտադրվել է՝ 1.51 միլիոն կՎտ/ժ, իսկ 1988թ.` 57,8 կՎտ/ժ էլեկտրական էներգիա: Այժմ աշխատանքներ են կատարվում ԼՂՀ-ում գետերի վրա հիդրոէլեկտրակայաններ նախագծելու եւ կառուցելու համար:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու