Սիմոնյանի դարդը

02/09/2009

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե անիմաստ է հերքել կաշառակերության փաստը հայկական իրականության եւ, համապատասխանաբար, նաեւ Երեւանի Պետական համալսարանում, որը չի կարող կղզիաբար ձերբազատվել այդ երեւույթից: Նա կոչ է արել հավասարապես կիսել այդ մեղքը կաշառատուի ու կաշառակերների միջեւ: Նրա հավաստմամբ, մեր ականջի համար սովորական է դարձել, երբ «ինչ-որ մեկը գործ է դզել վերաբերմունք ցուցաբերելով»: «Ինձ այլ բան է հուզում այսօր. այն, որ մեր ուսանողներից շատերը, որոնք որ ունեւոր ընտանիքներից են, ցուցադրում են իրենց այդ ունեւորությունը: Եվ անում են դա Համալսարանում։ Ասենք, օրինակ, Համալսարան են գալիս թանկարժեք մեքենաներով: Կարող եք դա տեսնել հիմա: Ես այդ ծնողի տեղը լինեի, թույլ չէի տա, որ նա նման մեքենայով գա դասի: Թող վարորդ պահեն, թող տաքսու գումար վճարեն ամեն անգամ, եթե ունեւոր են. Համալսարանի տարածքը նման մեքենաներով լցնելը տեղին չի, մեղմ ասած: Այ, դա ինձ մտահոգում է: Նաեւ այն, որ ուսանողներից շատերը շարունակում են Համալսարան գալ անճաշակ թանկարժեք հագուստով: Ինձ անհանգստացնում է կուլտուրական մակարդակի ցածր լինելը: Իսկ մնացածը հենց այս արատների ածանցումներն են»,- ասել է Սիմոնյանը: