Սեպտեմբերի մեկին Լոռու մարզապետարանի բակում Վանաձորի Գյուլագարակ գյուղի երեք աշակերտներ դասադուլ էին հայտարարել: Երեխաների մայրը` Կարինե Աբրահամյանն, ասաց, որ դասադուլի պատճառը պայմանավորված է գյուղի դպրոցի տնօրեն Գառնիկ Մատինյանի գործունեությամբ. «Երեխաներիս բարոյահոգեբանական վնաս է հասցնում, շատ ցածր գնահատականներ է դնում: Այս մասին միշտ էլ բողոքել եմ, բայց, միեւնույն է, ինձ չեն լսում, որովհետեւ Մատինյանը համ լավ տվող ա, համ էլ լավ վերցնող ա: Նույնիսկ մեծ աղջիկս` Մարիամը, որը 11-րդ դասարանում է սովորում, նամակ էր գրել ՀՀ նախագահին: Վերնագիրն էլ էսպիսին էր` «Իմ գյուղը իմ աշխարհում մի մեծ օվկիանոս է, իսկ իմ գյուղի դպրոցը՝ կործանվող մի տիտանիկ»»,- մեզ հետ զրույցում ասաց երեք երեխաների մայրը: Ըստ նրա` երեխաներն առայժմ դասադուլ են հայտարարել, եւ եթե խնդիրը լուծում չստանա` հացադուլ կհայտարարեն: «Մենք նամակ ենք գրել նաեւ մարզպետին, զանգեցի նաեւ Կրթության նախարարություն: Հիմա սպասում ենք, թե ի՞նչ կլինի: Բայց մի բան հաստատ ա` էլ էսպես չի կարող շարունակվել: Ո՞նց կարելի ա Վերջին զանգի օրը քիմիայից ստուգողական գրավոր տալ` էն էլ 8 րոպե ժամանակով»,- եզրափակում է կինը: