Ոսկեհատ գյուղը գտնվում է Էջմիածնից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Այստեղ էլ, ինչպես բոլոր գյուղերում, հողերի մի մասը պարապությունից «հանգստանում» է, մարդիկ էլ անգործությունից նարդի են խաղում: Եվ ամեն անգամ նրանք զառը գլորելիս հիշում են ոռոգման ջրի «թանկ ու կրակ» լինելը, պետության ու քաղաքացու խորթացումը, բերքի իրացման խնդիրները: Այս բոլոր խոհերի ծանրությունից էլ խաղաքարն այնքան ուժգին են տեղափոխում աջից ձախ, որ օտարերկրացու համար գուցե շատ զարմանալի թվա: «Բերքը` խաղողը, հըլա չի հասել, բայց մի բան պարզ ա` էս տարի էլ ենք էժանով հանձնելու: Դե, գործարանն ասել ա, որ 99 տոկոսով կարող է չընդունի: Չգիտենք` ի՞նչ կլինի: Ախր գործարանն էլ հոկտեմբերին ա ընդունում, երբ բերքի մի մասը մեղուներն ու ծտերը կերած են լինում»,- բողոքում են գյուղացիները, ովքեր արդեն հուսախաբ են եղել այս տարվա բերքատվության ցածր լինելուց: «Ո՞նց կարող ա, որ գործարանը չընդունի: Դա բացառված ա: Արդեն 11 տարի ա, ինչ գործարանն աշխատում ա, ու նույնիսկ հարեւան գյուղերից ու քաղաքներից էլ էին բերում: Այս տարի էլ այն կաշխատի»,- ասում է «Գրեյթ Վելլի» Ոսկեհատի գինու գործարանի աշխատակիցը, ում խոսքերին կարծես անտարբեր էին նրա զրուցակիցները: «Մեկ ա` գործարանն էլ մեզնից շատ ցածր գներով ա առնում` ամենաշատը 150 դրամ ա տալու: Իսկ էդ գումարով մեր ծախսերն էլ չի փակի: Ու հենց էդ ա պատճառը, որ մեր գյուղում շատերը թողնում-հեռանում են»,- ավելացնում են նրանք:
Այս ամենը գյուղի բնակիչ, նախկինում բրիգադիր Կոլյան էլ է գիտակցում, բայց մի տարբերությամբ. ինչքան էլ կռիվ է տալիս հողի հետ, միեւնույն է` ինքը երբեք չի հրաժարվի գյուղից ու այն այգուց, որը նրա համար դարձել է երկրի առանցքը: Բրիգադիր Կոլյային` Նիկոլայ Տեր-Խաչատրյանին, ճանաչում են Ոսկեհատ գյուղի գրեթե բոլոր բնակիչները, ընդհանուր առմամբ գյուղն ունի 3425 բնակիչ: Նախկին բրիգադիրի ու մի ժամանակ՝ նաեւ գյուղի գլխավոր գյուղատնտեսի խաղողի այգին գյուղացիները համարում են մրցակցությունից դուրս, որտեղ, ըստ նրանց, նույնիսկ մի հատ ծուռ աճած խոտ չես գտնի: «Բա Կոլյան կթողնի՞: Խաղողի լրիվ գաղտնիքները գիտի»,- հպարտությամբ ասում են նրանք:
Նախկին բրիգադիրի այգին ընդամենը 1 հա է, որտեղ խաղողի վազերը կարգ ու կանոնով շարվել են իրար զուգահեռ: Յուրաքանչյուր շարքի առջեւում էլ խրտվիլակներն են, որոնք Կոլյան դրել է իբր թռչուններին վախեցնելու համար: Խաղողագործը, ավելի ճիշտ` խաղողի վազերի հրամանատարը, իր «զինվորներին» շարք է կանգնեցնում առավոտյան ժամը վեցից: «Հենց աչքս տեսնում ա, վեր եմ կենում ու գնում այգի: Մեկ էլ, հենց որ զգում եմ՝ մութ է, դուրս եմ գալիս այգուց: Դե, մի քսան ժամ մնում եմ էստեղ: Մեկ-մեկ էլ գնում եմ կնկաս տեսնում եմ ու նորից գալիս եմ այգի»,- ձեռքը դնելով քրտնաթոր ճակատին` ասում է խաղողագործը, կարծես հեռվում հետեւելով շարքերի դասավորությանը: «Խաղողը ամեն հողում չէ, որ աճում է: Հողը նախեւառաջ պիտի բերրի լինի: Հետո էլ շատ կարեւոր ա, որ տերիտորիան ճիշտ ընտրված լինի: Օրինակ, խաղողը էնպիսի տեղերում են տնկում, որ ստորգետնյա ջրերը բարձր են, եւ խաղողի արմատները բարձրանում են վերեւ, այսինքն` չեն հասցնում իրենց համար կարեւոր էլեմենտները վերցնեն: Ընտրություն կատարելուց հետո հողը պիտի հարթեցվի, որպեսզի ոռոգումը լավ կատարվի: Դրանից հետո էլ կատարվում է տեխզննում, տնկում, որից հետո պետք է շարունակել մնացած միջոցառումները` քաղհանը, հաճախակի ոռոգումը, այսպես ասած` հոգատարություն պետք է ցուցաբերել»,- նշում է խաղողագործը` նկատելով, որ այսքան հեշտ թվարկվող քայլերը իրականում բավականին բարդ են եւ պահանջում են մեծ ծախսեր ու ջանքեր: «Խաղողը առաջին երեք տարին բերք չի տալիս, պիտի քո գրպանից էնքան ներդրումներ անես, որ հասնի բերքի: Տարին 1000-1500 դոլար ա պետք, դա՝ դեռ առաջին տարվա համար, մնացած երկու տարիների ընթացքում՝ ավելի մեծ գումարներ»,- շարունակում է ոսկեհատցի խաղողագործը` ափսոսանքով նկատելով, որ այսօր գյուղացիներից շատերը դադարել են խաղողագործությամբ զբաղվել: «Մեր ավագ սերունդը գնաց, հիմա էլ մի քանի մարդ ա մնացել, որ խաղողագործությամբ հետաքրքրվում են: Ամբողջ տարին չարչարվում ենք, բայց վերջում իրացման խնդիր ենք ունենում: Վերավաճառողները մեզնից 150 դրամով առնում են, իսկ իրանք դնում են 300-400 դրամ: Մեզնից շատ են օգտվում` առանց իմանալու, թե գյուղացին ինչ տանջանքներով ա բերքն աճեցնում: Կոնկրետ խաղողի համար մի 70 պրոցես կա: Բայց դե իրանց ի՞նչ, ասում են՝ 150 դրամ ա, ուզում ես՝ տուր, ուզում ես` մի տուր»,- մտահոգ խոսում է խաղողագործ պարոն Կոլյան, ով կեսօրվա արեւի ուժեղ ջերմությունի՞ց էր, թե՞ սեփական մտքի զայրույթից, շիկնեց: «Տո ամեն ինչը թանկացել ա` տրակտորը թանկ ա, բուժանյութը թանկ ա, ամեն ինչն էլ թանկ ա: Մի խոսքով, կինս աշխատում ա` ինձ պահում ա: Այ հենց էդպես էլ կգրեք: Էս 1 հա հողը պիտի 10 ընտանիք պահի, բայց էսօր էդքանով նույնիսկ մի ընտանիք չես պահում»,- այս անգամ է՛լ ավելի մտախոհ ասում է նա: Բարձրագույն կրթություն ստացած խաղողագործի համար ամեն ինչ վերածվում է կեսօրվա անտանելի շոգի, երբ տեսնում է, որ անգամ բնությունը իրենց չարչարանքների նկատմամբ անտարբեր է: Այս տարի «բրիգադիրի» խաղողի քաղցրությունն այն չէ: Այս մասին պատմում է պարոն Կոլյան, հետո տարակուսած նշում, որ ինքը նույն հոգատարությունն է ցուցաբերել, ինչ նախորդ տարիներին: «Այս տարի խաղողի որակը մի քիչ ցածր կլինի: Առաջինը եղանակային անբարենպաստ պայմանները նպաստեցին հիվանդությունների տարածմանը, որը լրացուցիչ ծախս պահանջեց մեզնից: Խաղողագործներից շատերը չկողմնորոշվեցին: Նրանք չֆայմեցին, որ ամիսը մի անգամ պիտի ջրեն: Դե, նրանց ձեռքերին փող չկար, որ սրսկեն, բայց ես մի 4-5 անգամ սրսկեցի»,- Անահիտին նայելով` նկատում է խաղողագործը, հետո մատնացույց անում նաեւ Հաղթանակին, Կանգունին, իսկ վերջում` նաեւ Մուզակաթին: «Ամենալավ սորտը մուզկաթն ա, չնայած չէի ուզում ասեմ, որ հանկարծ բոլորը չգնան մուզկաթ տնկեն»,- իր գաղտնիքներից մեկը բացահայտեց պարոն Կոլյան` մեզ առաջնորդելով այգում կառուցած տնակը: Իսկ ճանապարհին խաղողագործը սկսեց խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Ամբողջ օրն այգում լինելով, ես գիտեմ, թե ինչ ա կատարվում էս երկրում: Երկու օր առաջ լսեցի, որ սահմանները բացում են: Ասա` ինչի՞ եք բացում, ուզում եք, որ նորի՞ց գան էստեղ տնավորվեն: Դրանք էլ գիտես, չէ՞, ինչ ուժեղ ազգ են: Ես լավ եմ ճանաչում իրանց: Մեզ մոտ նույնիսկ մի գյուղ կար, որտեղ, կարծեմ, մի հայ ընտանիք էր ապրում: Էդ գյուղը կոչվում էր, հա, Ղարաղշլաղ: Հիմիկվա Հայանիստն ա: Շատ թուրքեր ամուսնացան հայ կանանց հետ: Էդ ժամանակ էլ Ալիեւը հրաման էր տվել, որ ամեն ընտանիքից ամենաքիչը 7 երեխա պիտի ունենա: Հիմա մի քիչ էլ որ սպասենք, կտեսնեք, նորից գալու են, ու մենակ մի բան եմ ափսոսում` էս ամբողջ դրախտիս են տիրանալու»,-սենյակի հին մահճակալի վրա թիկնած` ասում է Կոլյան` հիշելով իր թուրք ընկերոջը` Ալիին: «Հես ա Մարգարայում սկսելու են հողեր առնել: Կտեսնեք»,- արդեն իր առօրյա աշխատանքով տարված՝ ասում է ոսկեհատցի պարոն Կոլյան, հետո նորից ուշքի գալով` մտածում բերքի մթերման մասին: «Խաղողին պետք ա սիրես, խնամես: Լավ խնամած խաղողը մարդու պես ժպտում է»,- վաճառքի համար խաղողի ողկույզները դասավորելով` եզրափակում է պարոն Կոլյան: Վերջինիս հրաժեշտ տալով` կրկին հասնում եմ գյուղամեջ, որտեղ հոծ բազմություն էր խմբվել: «Մինչեւ իրիկուն հըլա կշատանան»,- նարդուն գամված` նշեցին խաղացողները: