Թեեւ աշխարհի հզոր եւ հայտնի բրենդերի մեծ մասը պատկանում է Ամերիկային, սակայն իր ուրույն դիրքն ունի նաեւ 9 մլն բնակչություն ունեցող Շվեդիան: Աշխարհում իրենց դիմագիծն ունեն Volvo-ն, Scania-ն, SAAB-ը, TetraPack-ը, Ericsson-ը, IKEA-ն. ապրանքանիշեր, որոնց մասին շվեդները հպարտությամբ շեշտում են` «Արտադրված է Շվեդիայում»:
Ի. Կեմբրադը ծնվել է 1926թ.` շվեդական փոքրիկ քաղաք Էլմխուլդում: Կեմբրադը առեւտրի հանդեպ հետաքրքրությունը ժառանգել է պապից, որի գլխավորած ընկերությունը 1897թ.-ին սնանկ ճանաչվեց, եւ վերջինս չկարողանալով վերադարձնել պարտքերը՝ ինքնասպանություն գործեց: Սակայն Ի. Կեմբրադի տատիկին հաջողվեց փրկել պապենական գործը: Հենց տատիկն էլ Կեմբրադին սովորեցրեց «կամքի ուժի եւ աշխատասիրության» շնորհիվ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ի. Կեմբրադի մասին երբեմն ասում են, որ նրա կյանքը նման է Գրիմմ եղբայրների հեքիաթների հերոսներին: Շվեդ միլիոնատերը չի սովորել որեւէ համալսարանում, բիզնեսին վերաբերող գրքեր չի կարդացել: Թեեւ նա դպրոցում միշտ խնդիրներ է ունեցել ուսման հետ, սակայն այսօր նրա հիմնադրած IKEA-ի ստեղծման եւ գործունեության ռազմավարությունը ուսումնասիրվում է Եվրոպայի առեւտրական բարձրագույն հաստատություններում:
Առաջին բիզնես քայլերը Կեմբրադն արել է փոքր հասակում: Նա մեծածախ գնով ձեռք էր բերում լուցկիներ եւ վերավաճառում դրանք մի քանի անգամ թանկ գնով: «Մինչեւ հիմա հիշում եմ այն հաճելի զգացումը, երբ ստացա իմ առաջին շահույթը: Այդ ժամանակ հինգ տարեկան էլ չկայի: Ավելի ուշ սկսեցի զբաղվել ամանորյա բացիկների եւ պատին ամրացվող նկարների վաճառքով: Հետո ձուկ էի բռնում եւ վաճառում հարեւաններին: Հապալաս էի հավաքում եւ ավտոբուսով ուղարկում ուրիշ քաղաքներում վաճառելու: 11 տարեկանում սկսեցի զբաղվել սերմերի վաճառքով: Դա իմ առաջին ամենաշահավետ գործն էր, որից աշխատած գումարով ես նոր հեծանիվ գնեցի»:
1940-ականներին ամենաշատ պահանջարկը ունեին ինքնահոսները. դրանք նորույթ էին անգամ Շվեդիայում: Կեմբրադը որոշեց զբաղվել դրանց վաճառքով: Նա Ֆրանսիայից պատվիրեց 500 նմանատիպ գրիչներ` բանկից վերցնելով 500 շվեդական կրոն (այն ժամանակ դա կազմում էր մոտ $63): Գրիչներ մատակարարող ֆրանսիական ընկերությունը Կեմբրադից պահանջեց գրանցել սեփական ընկերությունը:
Դա էր պատճառը, որ 1943թ. 17-ամյա Կեմբրադը հոր օգնությամբ գրանցեց իր սեփական ընկերությունը` Ի.Կ.Է.Ա.-ան (Ի.Կ.Է.Ա. հապավում-անվանումն առաջացել է նրա անվան` Ինգվար, Կեմբրադ, ծննդավայրի` Էլմխուլդ եւ բնակության վայրի` Ագուննառյուդ սկզբնատառերից):
Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր ինքնահոսների եւ գրասենյակային տարբեր մանրուքների վաճառքով, ապրանքների գնացուցակը տարածում էր տեղանքի կաթնավաճառը: Հենց այդ ժամանակ Կեմբրադը սահմանեց մի շատ կարեւոր կանոն` գնացուցակում նշված ապրանքի գինը պետք է պահպանվի ողջ տարվա ընթացքում. այն կարող է զեղչվել, սակայն ոչ մի դեպքում չպետք է թանկանա: Նկատելով, որ այս կամ այն ապրանքի հանդեպ պահանջարկն աճում է, Կեմբրադը վայրկյանական իջեցնում էր այդ ապրանքի գինը (մինչդեռ բիզնեսում ընդունված է բարձրացնել): Եվ դա իրոք աշխատում էր, գնորդները շտապում էին IKEA: Արդյունքում՝ ստացված շահույթը փոխհատուցում էր էժանացման հետեւանքով կրած վնասները, եւ հաղթանակը Կեմբրադինն էր: 40-ականների վերջին Ի. Կեմբրադի ուշադրությունը գրավեց տեղի բնակչության կյանքի մի շատ կարեւոր փաստ. Շվեդիայում կահույքը շատ թանկ արժեր, այն ճոխության եւ հարստության նշան էր, եւ բոլորը չէ, որ կարող էին իրենց թույլ տալ նման հաճույք:
Ի. Կեմբրադը սկսեց ուսումնասիրել կահույքի շուկան: Եվ գործարք կնքելով կահույք արտադրող մանր ձեռնարկությունների հետ` սկսում է վաճառել երկու նմուշ` բազմոց առանց արմնկակալի եւ սրճարանային սեղան: Բազմոցը Կեմբրադն անվանակոչեց «Ռուտ»: Այդ պահից ի վեր Ի.Կ.Է.Ա.-ում ընդունված է կահույքներին անուններ տալը: Կեմբրադը նաեւ սովորություն ուներ իր հաճախորդներին բրոշյուրներ ուղարկել` «Նորություններ Ի.Կ.Է.Ա.-ից»:
Երիտասարդ ձեռնարկատերը միանգամից կողմնորոշվեց իր բիզնեսն ուղղել դեպի միջին եկամուտով գնորդները: Նա պատվիրեց հարեւան կահույքի գործարանների ամենաէժան նմուշները: Հենց այդ ժամանակ ծնվեց նրա հայտնի բանաձեւը. «60 աթոռ թանկ գնով վաճառելու փոխարեն՝ ավելի լավ է իջեցնել գինը եւ վաճառել 600-ը»:
1951թ. նա մի հին գործարան ձեռք բերեց եւ սկսեց արտադրել էժանագին, հասարակ կահույք: Միջին խավին մատչելի գների շնորհիվ նրա ընկերությունը Շվեդիայում մեծ համբավ ձեռք բերեց: Սակայն նրա հաջողությունները եւ մարտավարությունը զայրացրին Շվեդիայի կահույք արտադրողներին, որոնք 50-ականների վերջին դուրս եկան նրա դեմ: Նրանց ճնշման տակ գտնվող փայտամթերող ընկերությունները հրաժարվեցին համագործակցել Կեմբրադի հետ: Երիտասարդ գործարարը, սակայն, չհուսահատվեց: Ի.Կ.Է.Ա.-ն շարունակեց ծաղկել:
«Ի.Կ.Է.Ա.-ի փիլիսոփայությունը ամփոփվում է մեկ ոսկե կանոնի մեջ` ցանկացած նոր խնդիր դա նոր հնարավորություն է` նոր քայլեր ձեռնարկելու համար: Երբ մենք մերժվեցինք սեփական երկրում, մեր առջեւ իր դռները բացեց ամբողջ աշխարհը»,- ասում է Կեմբրադը: Նա կահույքի մասեր ձեռք բերեց լեհ մատակարարներից` բավական էժան գներով: Այդպիսով նա Ի.Կ.Է.Ա.-ի համար նոր մարտավարություն մշակեց` տեղաբաշխել պատվերները այն երկրներում, որտեղ ավելի էժան է: Կեմբրադի հաջորդ քայլը նույնպես շատ կարեւոր էր ընկերության համար, այն է` «Կահույքի առաքումը իրականացվելու է գնորդի կողմից»: Դա նպաստեց կահույքի ինքնարժեքի իջեցմանը: Այդ պատճառով ընկերությունը ստիպված եղավ վերափոխել իր արտադրանքը, դարձնելով այն հավաքովի: Այդպես ստեղծվեց Ի.Կ.Է.Ա.-ի լեգենդար դիզայնը: Կահույքի նախագիծն այնքան պարզ էր, որ այն նույնիսկ երեխան կարող էր հավաքել:
Կեմբրադի այցն ԱՄՆ եւ ծանոթությունը Cash & Carry հայտնի ընկերության աշխատաոճի հետ մեծ ազդեցություն ունեցավ Ի.Կ.Է.Ա.-ի ճակատագրի վրա: Նա որոշեց, որ գնորդները էժան կահույք գնելու համար պատրաստ կլինեն նույնիսկ դուրս գալ քաղաքից: Որոշումը շատ տեղին էր եւ մտածված: Խանութները շատ նման էին պահեստների: Որպեսզի երկար ճանապարհ անցած հաճախորդները ուժ ունենան գնումներ կատարելու համար, Ի.Կ.Է.Ա.-ի խանութ-պահեստներում փոքրիկ սրճարաններ հայտնվեցին: Ամեն ինչ մտածված էր հաճախորդների համար: 1963թ. Ի.Կ.Է.Ա. ապրանքանիշը մուտք է գործում արտասահմանյան շուկա` Նորվեգիա, Շվեյցարիա եւ ապա դուրս գալիս սկանդինավյան երկրների սահմաններից: Այժմ Ի.Կ.Է.Ա.-ն համարվում է կահույք եւ ամենօրյա իրեր վաճառող աշխարհի խոշորագույն մանրածախ խանութների ցանց: Ընկերությունը տնօրինում է 180 խանութների` ավելի քան 30 երկրներում:
Գործուղումների մեկնելիս Կեմբրադը մշտապես կանգ է առնում երեք աստղանի հյուրանոցներում: Նախաճաշին (հատկապես, երբ նախաճաշը ներառված է սենյակի գնի մեջ) ուտում է այնքան, որ հերիքում է մինչեւ օրվա վերջը: Իսկ եթե ստիպված է լինում վճարել սնվելու համար, ապա նա նախընտրում է էժանագին ռեստորանները: Գործուղումների ժամանակ Կեմբրադը հազվադեպ է օգտվում տաքսիներից` նախընտրելով քաղաքային տրանսպորտը: «Այդպես կարելի է գաղափար կազմել մարդկանց ճաշակի մասին»,- արդարանում է միլիոնատերը: Հենց այդպիսի ուղեւորությունների ընթացքում են ծնվել Ի.Կ.Է.Ա-ի նոր գաղափարները: Գնացքի տոմս գնելիս նախընտրում է էկոնոմ կլասը, ինքն է տանում իր ուղեբեռը: Հագուստ գնում է էժան խանութներից: Լավագույն արձակուրդը համարում է հեծանվով ճանապարհորդությունը Շվեդիայով: Հնարավոր է` Կեմբրադի խնայող բնավորության վրա իր ազդեցությունն է ունեցել այն փաստը, որ նրա մանկությունն անցել է Շվեդիայի հարավում, որն աչքի էր ընկնում իր աղքատությամբ, իսկ այնտեղ ապրող մարդիկ բավականին ժլատ էին: Կեմբրադը ասում է. «Ինչպե՞ս կարող եմ ինձ շռայլություն թույլ տալ, եթե ինձ վրա աշխատող մարդկանցից պահանջում եմ խնայողություն», եւ ավելացնում՝ «Խոշոր ձեռնարկատերերի հիմնական սխալը նրանում է, որ նրանք կտրված են իրենց հիմնական գնորդի կյանքից»:
Ըստ Ինտերնետային նյութերի