Ալկոհոլի չարաշահումից առաջացող հիվանդություններ

02/09/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մի շարք մասնագետներ խմիչքի օգտագործումից առաջացած հիվանդությունները դասակարգել են հետեւյալ ձեւով`ալկոհոլային զառանցանք կամ սպիտակ տենդ, ալկոհոլային հալյուցինոզ, քրոնիկական հալյուցինոզ, խանդի կամ ամուսնական անվստահության զառանցանք, կորսակովյան փսիխոզ, թունդ արբեցում կամ դիպսոմանիա: Ալկոհոլային զառանցանքը կամ սպիտակ տենդը քրոնիկական թունավորման արտահայտություն է: Այն մարդու մեջ առաջ է բերում ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան աշխարհի կայուն փոփոխություններ:

Սկզբում ալկոհոլն ազդում է գլխուղեղի կիսագնդերի նյարդաբջիջների գրգռման եւ արգելակման պրոցեսների վրա` խախտելով դրանց փոխհարաբերությունը: Գլխուղեղի արգելակման ֆունկցիան եւ կիսագնդերի ենթակեղեւային շրջանները թուլանում են, որի հետեւանքով գործողությունները դառնում են ոչ խելամիտ, ստեղծվում է ինքնագոհ ու գրգռված վիճակ, մարդը դառնում է շատախոս, թեթեւամիտ, ունենում է թեթեւ տրամադրություն: Երբեմն կարող է տեղի ունենալ հակառակը` ի հայտ են գալիս կոպտություն, բծախնդրություն, բռնություն եւ այլն: Այսպիսի վիճակում մարդը կարող է անգիտակցաբար հանցանք գործել ու հետո չհիշել: Միաժամանակ տեղի են ունենում շարժումների ու հավասարակշռության խանգարումներ: Քնելուց հետո նշված երեւույթներն անցնում են: Այս ամենի հաճախակի կրկնվելուց արդեն կարող է զարգանալ ալկոհոլային քրոնիկական թունավորման խիստ հաճախ հանդիպող ձեւերից մեկը` սպիտակ տենդը, որի ժամանակ կարող է լինել մարմնի դող ու բարձր ջերմություն: Սրանք կարող են սկսվել հանկարծակի կամ նախանշաններով: Հիվանդի մոտ առաջ է գալիս զգայախաբություն, որը երբեմն ընդունվում է որպես իրականություն. աչքին սկսում են երեւալ ինչ-որ կենդանիներ: Նրան անընդհատ կարող է թվալ, թե մարմնի վրայով միջատներ են շարժվում, կամ, ասենք, ինչ-որ մեկը հետապնդում է իրեն: Այս ամենից հետո հիվանդը բնականաբար փորձում է պաշտպանվել թվացյալ վտանգից ու հանցանք է գործում: Զառանցանքի նոպան տեւում է 2 օր: Ալկոհոլ չգործածելու դեպքում նոր նոպա չի առաջանում:

Ալկոհոլային հալյուցինոզն իր նշաններով հիշեցնում է նախորդին: Այս դեպքում սկսում է առավելապես լսողության զգայախաբություն` հետապնդման մտքերով: Հիվանդի ականջին հասնում են տարբեր կենդանիների, իրեն սպառնացող մարդկանց ձայներ: Ալկոհոլային հալյուցինոզը կարող է դառնալ քրոնիկական: Այս դեպքում մարդուն տանջում են ոչ միայն լսողական, այլ նաեւ տեսողական, հոտառական պատրանքները: Նրա մոտ առաջանում է հարձակվելու հակում:

Խանդի կամ ամուսնական անհավատարմության զառանցանքի երեւույթներն ի հայտ են գալիս տարբեր տարիքի այն ալկոհոլիկների մոտ, որոնք ի ծնե կասկածամիտ են եւ ում մոտ սեռական անկարողության նշաններ կան: Հիվանդությունը զարգանում է աստիճանաբար, վտանգավոր նոպաներ չեն լինում: Հիվանդը սկսում է չարանալ եւ անընդհատ մտածում է, որ իր կինը դավաճանում է, որ կնոջ շրջապատի բոլոր տղամարդիկ նրա սիրեկաններն են: Սկսում է նվաստացնել նրան, արգելել տնից դուրս գալ, հարազատներին այցելել եւ այլն: Այս մտորումները կարող են հանգեցնել հանցագործության:

Կորսակովյան փսիխոզ հիվանդությունը փսիխոզներից ամենածանրն է եւ կոչվում է առաջին անգամ այն նկարագրող ռուս հոգեբույժ Կորսակովի անունով: Դրա ժամանակ մարդու հիշողությունը խիստ թուլանում է: Նա նույնիսկ մոռանում է, թե քիչ առաջ ինչ էր խոսում կամ անում: Կորցնում է կողմնորոշվելու, բանականորեն դատելու ունակությունը, աշխատունակությունը, սիրում է չափից ավելի խոսել, պատմել իբր իր հետ կատարված այս կամ այն դեպքը: Չնայած դրան, նա պահում է սեփական շահի գիտակցումը: Այս հիվանդությունը քիչ է հանդիպում եւ դժվարությամբ է բուժվում:

Թունդ արբեցումն արտահայտվում է ոգելից խմիչքի նկատմամբ անզուսպ հակումով, որի վերացումը հաճախ անհնար է լինում: Մարդը մի քանի օր անընդհատ խմելուց հետո ընկնում է թմրության մեջ: Սթափվելուց հետո զզվում է խմիչքից, բայց դա քիչ է տեւում: Ի տարբերություն սովորական ալկոհոլիկի, այս հիվանդներն ալկոհոլ ընդունում են նոպան սկսվելու դեպքում:

Նոպայի նախանշաններն են թախծոտությունը, անհանգստությունը, անտրամադիր վիճակը:

Ալկոհոլի ընդունման պատճառով առաջացած դեմքի կարմրությունը կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկի մասին է խոսում. «Մարդիկ, որոնց դեմքը կարմրում է ալկոհոլ ընդունելու ժամանակ, գտնվում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկային խմբի մեջ»,- զգուշացնում են բրիտանացի ու ճապոնացի մասնագետները:

Փորձագետների խոսքով` Երկիր մոլորակի բնակչության մոտ 8 տոկոսը` հիմնականում Արեւելքի բնակիչները, տառապում են այն ֆերմենտի դեֆիցիտով, որը բերում է մաշկի կարմրության` ալկոհոլ ընդունելու ժամանակ: Ըստ այս հետազոտությունների` նման մարդիկ պետք է ամեն տարի կերակրափողի ստուգում անցնեն: Ամեն դեպքում խորհուրդ չի տրվում չարաշահել ալկոհոլը:

Մարդը որքան շատ ալկոհոլ է օգտագործում, այնքան փոքրանում է նրա ուղեղը. Սպիրտային խմիչքների օգտագործումը կրճատում է ուղեղի չափը: Բժիշկները զգուշացնում են, որ չարժե տարվել ալկոհոլով, հատկապես թունդ խմիչքներով, քանի որ նման խմիչքների բաղադրությունը խնդիրներ է ստեղծում՝ մտածելու, սովորելու, հիշելու հետ կապված:

Գլխուղեղի ծավալը տարիքի հետ փոքրանում է` 10 տարվա ընթացքում` 1,9 տոկոսով, հաշվել են գիտնականները:

Բարձր կալորիականությամբ սնունդը եւս շարքից հանում է ուղեղը, եթե նույնիսկ չի գիրացնում: