Նորից տանում են

31/08/2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, իշխանությունները որոշում են կայացրել կրկին ԱԺ ներկայացնել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» այն նախագիծը, որով նախատեսվում է անկախ բուհում սովորելու հանգամանքից՝ բանակ զորակոչել 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին: Ըստ մեր աղբյուրի, օրենքը տարածվելու է նաեւ մագիստրոսների եւ ասպիրանտների վրա, որոնք ներկայումս պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ունեն: Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը փորձել է այս փոփոխություններն ԱԺ ներկայացնել, սակայն հասարակության բացասական արձագանքից հետո հրաժարվել է այդ մտադրությունից: Խնդիրն այն է, սակայն, որ արդեն հաջորդ տարվանից զորակոչային տարիքի երիտասարդների թիվը կտրուկ նվազելու է, եւ իշխանությունները կանգնելու են բանակը թվաքանակով համալրելու խնդրի առջեւ: