Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ, ի թիվս տնտեսական անկման ցուցանիշների, արձանագրված էր նաեւ Հայաստանում հանցավորության աճի ցուցանիշը, որը բացարձակապես ուշադրության չարժանացավ: 2009թ. հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում հանցագործությունների քանակն ավելացել է… 64 տոկոսով. այս տարվա առաջին 7 ամիսներին արձանագրվել է 8057 հանցագործության դեպք։ Պատկերացնելու համար, թե այս ցուցանիշը ինչի մասին է վկայում, բավական է նշել, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում 2007 թ. առաջին 7 ամիսների համեմատ հանցագործությունների թվի աճը կազմել է ընդամենը 1.5 տոկոս: Իհարկե, այս թվերը կարելի է վերլուծել զանազան տեսանկյուններից ու ամենատարբեր համատեքստերում: Իշխանությունները կարող են ասել, որ հանցավորության աճին մի կողմից նպաստել է տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից` իրավապահներն ավելի լավ են աշխատում եւ արձանագրում են բոլոր դեպքերը: Ընդդիմությունն էլ կարող է հայտարարել, որ հանցավորության աճը կոռումպացված ու քրեական տարրերի հետ սերտաճած իշխանությունների գոյության արդյունքն է: Խնդիրը տվյալ դեպքում, սակայն, այն է, որ նույնիսկ այս մակարդակում, նույնիսկ հայտնի ձեւակերպումներով հանցավորության աճի խնդիրը չի քննարկվում, բանավեճի առարկա չի դառնում, որեւէ մեկը չի փորձում հասկանալ դրա պատճառները, եւ այլն, եւ այլն: Ու հավանաբար պետք է նաեւ օբյեկտիվ համարել, որ նույն անտարբերությամբ է այս խնդրին վերաբերվում նաեւ հասարակությունը: Մինչդեռ դա եւս մեկ անգամ վկայում է մեր երկրի, մեր իշխանության, մեր ընդդիմության, մեր հասարակության, այսինքն` մեր բոլորի անառողջ լինելու մասին: Քանի որ քաղաքակիրթ երկրներում, որոնց իբրեւ թե ձգտում ենք հասնել, նման ցուցանիշը մեծ աղմուկ կբարձրացներ, կդառնար ամենատարբեր շրջանակների քննարկման առարկա, այդ թեմայով դեբատներ կկազմակերպվեին, եւ այլն, եւ այդպես շարունակ: Այնինչ` Հայաստանում հանցավորության մակարդակի` նման սարսափելի թիվն ընդունվում է որպես սովորական վիճակագրական ցուցանիշ: Ցուցանիշ, որը իրականում անառողջ լինելու ախտորոշում է: