Մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լուծարված Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը Հատուկ քննչական ծառայությունը գնահատել է «հիվանդագին երեւակայության արդյունք»: Ի պատասխան՝ Փաստահավաք խմբի ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն «Ա1+»-ին ասել է. «Ինձ համար հասկանալի եւ ընդունելի չէ ՀՔԾ-ի արձագանքը: Մենք ներկայացրել ենք փաստաթուղթ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին եւ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատար Թոմաս Համարբերգին»: Նաեւ հավելել է. «Մենք կուզենայինք, որ ՀՔԾ-ի առարկությունները նույնպես թարգմանվեր եւ ուղարկվեր Թ. Համարբերգի գրասենյակ, որպեսզի նրանք կարողանան համեմատության մեջ պատկերացում կազմել մեր ՀՔԾ-ի իրավական որակի եւ ունակությունների մասին: Մենք ներկայացրել ենք փաստերի վրա կառուցված լուրջ փաստաթուղթ: Այն առարկությունները, որոնք վիրավորանքների ձեւով ներկայացրել է ՀՔԾ-ն, ես կցանկանայի, որ փաստերի հիման վրա առարկեր, որպեսզի այն տեսանելի լինի: Քանի դեռ ՀՔԾ-ն չի բացահայտել մարտի 1-ի սպանությունները, թող բարի լինի, լուրջ ուսումնասիրի մեր զեկույցը եւ հիմք ընդունի իր հետագա գործողություններում` մարդասպաններին բացահայտելու համար»: