Միաժամանակ՝ հրաշագործ ու մարդասպան

27/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ժամանակակից կինոյում դժվար է գտնել մի ֆիլմ, որտեղ պայթյուն, հրդեհ
կամ կրակոցներ չկան: Դրանք կինոն ավելի դինամիկ են դարձնում եւ գրավում են
հանդիսատեսի ուշադրությունը: Համակարգչային անիմացիան եւ հատուկ էֆեկտներն
ի զորու չեն իրական պայթյունի, ծխի եւ կրակի պատրանք ստեղծել: 

Էֆեկտ ստեղծող մասնագետ է պետք: Այսինքն՝ պիրոտեխնիկ: Պիրոտեխնիկան
գիտություն է այրման մասին, որը զբաղվում է ոչ միայն ֆեյերվերկների ու
հրավառությունների, այլեւ՝ ազդանշանային հրթիռների ու տիեզերանավերի
արագացուցիչների պատրաստմամբ, այսինքն՝ այն ամենով, ինչն այրվում ու
պայթում է: Կրթություն ստանալ պիրոտեխնիկայի ասպարեզում դժվար է, քանի որ
փորձերն այս ոլորտում գաղտնի են դարձել: Բուհում սովորելով՝ «պիրոտեխնիկ»
մասնագիտությունը չես ստանա, իսկ հատուկ դասընթացները՝ հաշվի առնելով
ահաբեկչության սպառնալիքը, վերջին մի քանի տարիների ընթացքում կրճատվել
են:

Կինոյի պիրոտեխնիկը խաղաղ ու ստեղծագործ մասնագիտություն է: «Ֆիլմում պետք
է ստանալ մեծ քանակությամբ կրակ եւ բարձր աղմուկ, բայց վնասներ եւ
կորուստներ հնարավորինս քիչ պետք է լինեն»,- ասում է կինոյի պիրոտեխնիկ
Տիգրան Շահինյանն, ով արդեն հինգ ֆիլմերում է աշխատել, թեեւ հիմնականում
անգործ է՝ Հայաստանում պայթյուններով ու կրակոցներով լի մարտաֆիլմեր չեն
նկարահանվում: Վերջին ֆիլմը, որի նկարահանումների ընթացքում պետք եկավ իր
մասնագիտությունը, Գոռ Վարդանյանի մարտաֆիլմն էր: Նոր ֆիլմում կարատե չկա,
կա պատերազմ: Ղարաբաղի Քարինտակ գյուղը հունիս ամսին նկարահանման
հրապարակի էր վերածվել: Պատերազմի պատրանք ստեղծելու համար պետք է եկել
տներ, ավտոմեքենաներ այրել, հարձակում բեմադրել, մահ պատկերել: «Ես լսում
եմ ռեժիսորին, հասկանում՝ ի՞նչ է պետք եւ հետո ասում եմ՝ ինչպես դա անել:
Կարող եմ սահմանափակել ռեժիսորի ցանկությունները, սակայն աշխատում եմ միշտ
էլ իրականացնել ռեժիսորի մտահղացումը»,- ասում է Տ. Շահինյանը:
Պիրոտեխնիկի հիմնական խնդիրն անվտանգությունն է: «Օպերատորը, օրինակ,
ուզում էր պայթյունին մոտ գնալ, որպեսզի գեղեցիկ կադրեր նկարեր, ես ասում
էի ոչ, վեց մետրից մոտ գնալ չի կարելի»,- ասում է Տ. Շահինյանը: 

Հոլիվուդում, իհարկե, պիրոտեխնիկայի մեծ արտադրություն կա: Ամերիկյան
պիրոտեխնիկները նեղ մասնագիտացումներ ունեն՝ կան քիմիկոսներ, սառը զենքի,
նռնակի պայթյունի, հրդեհի կամ ծխի առանձին մասնագետներ: Մեր վարպետն ավելի
լայն պրոֆիլի մասնագետ է եւ պարտավոր է ամեն ինչից հասկանալ: Նա մեր
կինոյի միակ պիրոտեխնիկն է: Նախկինում, «Հայֆիլմի» լավ օրերի ժամանակ
պիրոտեխնիկներ եղել են, այժմ չկան: Տ. Շահինյանը հաճախ է շփվում
Ռուսաստանի պիրոտեխնիկների հետ եւ կարեւորում է փորձի
փոխանակումը:  

Աշխատել առաջին դուբլով

Մարտական գործողություններն առանց ֆոնի՝ կրակոցների ու պայթյունների,
պատկերել չի ստացվի: Պայթյունները պետք է հաշվարկված լինեն, քանի որ չի
կարելի ուղղումներ մտցնել բեմադրած պայթյունի մեջ: Մի քանի ժամվա
աշխատանքը, որն էկրանին վայրկյաններ է տեւելու, երկրորդ դուբլով չես
նկարի: Ավտոբուսը կամ տանկը միայն մեկ անգամ կարելի է պայթեցնել: Այստեղ
շատ կարեւոր է հաշվարկը, փորձը, աչքաչափն ու բնազդը: «Դեռ չեմ սխալվել», –
համեստ ու սթափ գնահատում է իր աշխատանքը Տ. Շահինյանը: Վատ պիրոտեխնիկին
ճանաչում են իր չստացված դուբլերով: 

Մարտական գործողությունների իմիտացիան պետք է կասկածի նշույլ չթողնի,
ստիպի հավատալ, որ նման կրակոցից կարող է մարդ մահանալ, եւ միաժամանակ՝
գեղեցիկ ու տպավորիչ լինի: Թեկուզեւ՝ իրական կյանքին հակասի: «Երբ
ավտոմեքենայի մեջ նռնակ են նետում, բոց ու կրակ չի լինում, ուղղակի տհաճ
ձայն է գալիս: Բայց դա գեղեցիկ չի նայվի»,- ասում է Տ. Շահինյանը։
Պայթյունը տեսարժան է սարքում՝ ավելացնելով կրակ ու ծուխ: Երբ էկրանին
տեսնում ենք, որ մարդը կրակոցից վայր է ընկնում, ու նրա կրծքից արյուն է
հեղվում, մենք չենք մտածում, որ կյանքում այդպես չի լինում՝ արյունը
թիկունքից է թափվում, մենք պարզապես դիտում ենք տպավորիչ դրվագը: Եթե ամեն
ինչ լիներ իրական կյանքի նման՝ տհաճ կլիներ աչքի համար: Իհարկե, շատ բան է
կախված ֆիլմի բյուջեից: «Շարժվող մեքենա այրելն ավելի հետաքրքիր է՝ քան
պարզապես մեքենայի կմախքը»,- ասում է Տ. Շահինյանը:  

Առանց զոհերի ու ավերածությունների

Կ. Շահինյանը սակրավոր (սապյոր) է, լավ գիտի ռազմական զենքն ու
զինամթերքը: Ռազմական գործն ու կինոն հակառակ բեւեռներում են գտնվում:
«Ռազմական գործի մեջ պետք է կարողանալ քիչ պայթուցիկ նյութ օգտագործելով
մեծ ավերածություններ ստանալ, իսկ կինոն հակառակն է պահանջում՝ մեծ քանակի
նյութ՝ էֆեկտի համար, բայց նվազագույն վնաս: Ավելի ճիշտ, վնասներ պետք է
ընդհանրապես չլինեն: Ֆիլմերի մեջ չեն օգտագործվում այն նյութերը,
պայթեցման միջոցներն ու պարագաները, որոնք օգտագործում են բանակում:
Մարտական պայթուցիկ նյութերի օգտագործումը կինոյում արգելված է»,- ասում է
Տ. Շահինյանը: Կինոյի պայթուցիկ նյութերը հիմնականում ինքնաշեն են լինում,
որոնց բաղադրիչ մասերը կարելի է գնել յուրաքանչյուր դեղատանը կամ
տնտեսական խանութում. «Ամեն ինչ շատ պարզ է: Ձեռքի տակ եղած նյութերից
կարելի է պայթուցիկ նյութ պատրաստել: Կոմպոնենտները սովորաբար շինանյութի
կամ էլեկտրոնիկայի խանութներից եմ գնում»: Առաջին հայացքից անվտանգ ու
անմեղ նյութերը՝ խառնվելով իրար, կարող են մահաբեր զանգված կամ հեղուկ
դառնալ: Ազատ վաճառքի մեջ եղած նյութերից ինչպե՞ս կարելի է ռումբ սարքել,
Տ. Շահինյանը չի ասում: Հարցը միայն մասնագիտական գաղտնիքը չէ. «Բա որ
մարդիկ կարդան ու սարքե՞ն»: Նա ցանկանում է, որ Հայաստանում մարտաֆիլմերի
շուկա ձեւավորվի, եւ երազում է պատմական ֆիլմի նկարահանումների մասնակցել:

«Իմ մասնագիտության մեջ ռոմանտիզմ չկա, բայց կա ադրենալին»,- ասում է Տ.
Շահինյանը: Նա աշխատանքի է գնում իր ճամպրուկով, որտեղ շատ սովորական,
կենցաղային գործիքներ են՝ սղոց, աքցան, մուրճ, էլեկտրական լարեր: Եվ գիտի,
որ ինչքան էլ չափի ու հաշվարկի իր պայթյունները, միեւնույն է, արդյունքն
անկանխատեսելի է: «Կարող է ուշադրությունից դուրս մնա մի փոքրիկ քարի կամ
երկաթի կտոր, ու պայթյունը քո ուզածը չստացվի»: Պայթյուններն ու հրդեհները
երբեք նույնը չեն լինում, ինչպեսեւ՝ դերասանական խաղը: