Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շնորհավորել է նրան ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: Հեռախոսազրույցով Ռ. Քոչարյանին շնորհավորել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռ. Քոչարյանին: Ուղերձում ասված է. «Դժվար է գերագնահատել այն հսկայական անձնական ներդրումը, որ դուք ունեցել եք մեր ազատամարտի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կայացման, ամրապնդման ու զարգացման գործում: Այդ մեծածավալ աշխատանքի անգամ հպանցիկ ուրվագիծը տպավորիչ է թե արդյունքով, թե բովանդակությամբ: Ձեր շնորհակալ ջանքերն ըստ արժանվույն գնահատվում ու արժեւորվում են մեր ժողովրդի եւ բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր ձեզ հետ միասին աշխատել են երկար տարիներ` հանուն մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի առաջընթացի ու բարգավաճման»: