«Մեր ցանկությունը մնում է նույնը»

31/08/2009

– Պարոն Նախագահ, արդյոք կմեկնե՞ք Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը:

– Գիտեք, այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալը կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկանո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, ու ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարեւոր: Ուզում եմ ասել, եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում, եւ թե արդյո՞ք մենք կարող ենք մինչեւ հոկտեմբեր ինչ-որ արդյունքների հասնել, ահա թե ինչպիսին կլինի իմ պատասխանը:

– Իսկ ի՞նչ քայլ եք Դուք սպասում Անկարայից` բանակցություններն ապասառեցնելու համար:

– Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին եւ ասել եմ հետեւյալը. ես կգնամ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն կամ մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն` մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Կարծում եմ, նորմալ եւ ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչ այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

– Արդյոք Դուք պատրա՞ստ եք փոխզիջումների գնալ 1915թ. դեպքերի հարցում եւ այն հարցում, թե արդյո՞ք Թուրքիան դրանք կճանաչի որպես ցեղասպանություն:

– Բնականաբար, դա շատ կարեւոր է. կարեւոր է մեր ժողովրդի համար, կարեւոր է Թուրքիայի եւ ամբողջ աշխարհի համար: Կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել: Կարեւոր է, որպեսզի վերջապես ապագայում դա չկրկնվի: Սակայն մենք Ցեղասպանությունը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման:

– Այսինքն գոյություն ունի՞ փոխզիջման հնարավորություն:

– Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին: Մենք ասում ենք, որ, այո՛, եղել է Ցեղասպանություն, եւ անկախ նրանից, կճանաչի՞ Թուրքիան, թե՞ ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Սակայն այս պարագայում մենք դա չենք համարում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար:

– Բայց ամեն դեպքում դա խանգարում է Թուրքիայի հետ Ձեր հարաբերություններին: Մի մարդ, ում հետ ես խոսել եմ Երեւանում, հետեւյալ համեմատությունն է արել. երբ դուք մեքենա եք վարում, դուք պետք է վերահսկեք այն, ինչ կատարվում է ճանապարհին` ձեր հետեւում, դրա համար էլ պետք է ժամանակ առ ժամանակ հայելիով հետ նայել: Սակայն կարեւորն առջեւում ընկած ճանապարհն է: Որքանո՞վ է այս համեմատությունն արտացոլում իրավիճակը:

– Ճիշտ է: Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկացել ասել այդ մարդը: Նա ասում է, որ մենք պետք է մեր հայացքներն ուղղենք դեպի ապագա: Բայց նա նաեւ ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը: