ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ` արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի կողմից «Ժառանգությանը» հասցեագրված մեղադրանքներին, ասել է. «Չլինի, որ Արթուր Բաղդասարյանին հայտարարեցին՝ շպիոն է, հետո դարձրեցին Անվտանգության խորհրդի նախագահ, հիմա ասում եմ՝ կարող է մի նման ծրագիր էլ «Ժառանգության» հետ է կապված: Նախապես ասեմ, որ «Ժառանգությունը» չի գնում այդպիսի գործարքների, այնպես որ` որ կողմից էլ նայում ես՝ անհեթեթ, եւ, ցավոք սրտի, այդ անձի համար ոչ հարիր հայտարարություն է»,- հայտարարել է Լ. Ալավերդյանը` հավելելով, թե իրենք քննարկում են Ռ. Պետրոսյանին իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը: Հիշեցնենք, որ Ռ. Պետրոսյանը «Ժառանգությանը» մեղադրել էր «օտարերկրյա պետությունների պատվերները» կատարելու մեջ: Երեկ Ռ. Պետրոսյանն ասել է, որ ինքը նման հայտարարություն անելով ներկայացրել է հասարակության կարծիքը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի գործուղումներին, ՀՀԿ-ական պատգամավորը «7 օր»-ին ասել է. «Ամբողջ օրն Ամերիկայում է: Հետո սեւին էլ սեւ ասելը, սպիտակին էլ սեւ ասելը, ամեն ինչը սեւացնելը նշանակում է, որ նրանք ոչ թե հանրապետության ներսի` հայկական ուժ են, այլ բոլորովին ուրիշի թելադրանքներն են կատարում: Մեր հանրապետությանն ամեն ձեւով խայտառակելու գիծ են բռնել: Իրավապահներն իրենց մի օր կբռնեն, կտեսնեն` ով ինչով է զբաղված»: