«Ծածկիր ոտքերդ, անցորդ»

31/08/2009

ՀՀ վարչապետի՝ երթեւեկության անվտանգությանն ուղղված հրահանգից հետո մի տեսակ աժիոտաժ սկսվեց. բոլորը սկսեցին ամրագոտիներ կապել։ «Բոլորն էլ ամրագոտիներ գցելու են… 5000 դրամ աշխատելը հեշտ չէ»,- երեկ ասուլիսում նշել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը։

Իհարկե, մինչ այդ էլ պարզ էր, որ հայ վարորդները ամրագոտի սկսեցին գցել միայն այն պատճառով, որ 5000 դրամ իզուր տեղը չմուծեն Ոստիկանության արտաբյուջետային հաշվին։ Շատ քիչ մասի համար է առաջին տեղում եղել անվտանգության գործոնը։ Լավ է դա, թե վատ՝ մենք այդպիսին ենք։ Պարզապես գլխավոր ճանապարհային ոստիկանի խոսքերից մեկ անգամ եւս համոզվեցինք, որ գլխավոր գործոնը փողն է, փողի կորուստը։ Ու հետեւաբար՝ ամրագոտիներ չեն գցելու նրանք, ովքեր 5000 դրամը լա՜վ էլ հեշտ են աշխատում։

Ինչեւէ։ Եթե ամրագոտիների խնդրով ու ճանապարհային երթեւեկության մյուս խնդիրներով զբաղվում է Ճանապարհային ոստիկանությունը, դա միանգամայն հասկանալի է։ Սակայն երբ ճանապարհային անվտանգության հարցերով սկսում է զբաղվել, ասենք, «Սթար» սուպերմարկետը՝ հետիոտնին, վարորդներին հորդորելով կանոններով շարժվել, իսկ պետավտոտեսուչներին՝ խստապահանջ լինել կարգազանցների նկատմամբ, առաջին արձագանքը լինում է այսպիսին՝ դո՞ւք ինչ գործ ունեք երթեւեկության հետ։ «Սթարից» բացի՝ ճանապարհային երթեւեկության հարցում երեկ ակտիվություն է ցուցաբերել նաեւ «Վիվա Սելը»՝ ազդարարելով «Մեքենա վարելիս մի՛ խոսիր» քարոզարշավի մեկնարկը։ Չնայած, ի տարբերություն «Սթարի», «Վիվա Սելը» փորձել է հիմնավորել, թե ինչու է խառնվել երթեւեկության խնդիրներին։ «Վիճակագրական վերջին տվյալներով՝ հեռախոսով խոսելու կամ հաղորդագրություններ ուղարկելու (ստանալու) պատճառով տեղի ունեցած ճանապարհային վթարների թիվը շարունակաբար աճում է: Որպես կորպորատիվ քաղաքացի, «Վիվա Սել»-ՄՏՍ-ն իրեն պատասխանատու է համարում հայաստանյան հասարակությունում այս կենսական խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացման գործում»,- նշել է «Վիվա Սել»-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Եվ պատասխանատվության զգացումն այնքան է մեծացել, որ «Վիվա Սելը» (ինչ-որ տեղ՝ նաեւ հակառակ իր շահերին) գովազդային վահանակներ է տեղադրելու փողոցների եւ մայրաքաղաքի հետ կապող հիմնական մայրուղիների երկայնքով, որոնց վրա գրված կլինի` «Վիվա Սել»-ՄՏՍ. մեքենա վարելիս` մի խոսիր…»:

Մեր կողմից առաջարկում ենք մյուս ընկերություններին՝ ասենք, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին, իրենց լուման ներդնել երթեւեկության բարելավման գործում։ Ասենք, կարելի է ազդարարել ակցիա` «Վարելիս թթվասեր մի կեր» խորագրով: Կամ՝ կարելի է բուկլետներ տպագրել, որոնց վրա գրված կլինի՝ «Մեքենա վարելիս գովազդային վահանակներ մի՛ կարդա», քանի որ ընթացքի ժամանակ գովազդային վահանակ կարդալը հեռախոսով խոսելուց պակաս վտանգավոր չէ։

Հաշվի առնելով վարորդների ուշադրությունը շեղող գործոնների բացասական ազդեցությունը ՃՏՊ-ների վրա, հատուկ ուշադրության են արժանի նաեւ կարճ հագած աղջիկները, հատկապես տարվա տաք ամիսներին։ Այնպես որ, անհամբերությամբ սպասում ենք, թե ազգի ցավերով այրվող որ ընկերությունը կսկսի «Մի՛ տարվիր գեղեցիկ ոտքերով», կամ աղջիկներին ուղղված՝ «Ծածկիր ոտքերդ եւ ոչ միայն» քարոզարշավը։