Մոտակա ամիսներին առաջընթաց չի լինելու

31/08/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչ փուլում են ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցությունները:

– Եթե գնահատենք այսօրվա բանակցային գործընթացը, ապա կարելի է ասել, որ հայկական կողմը պարտվել է: Հրապարակված Մադրիդյան սկզբունքների մեջ Հայաստանի օգտին ոչ մի կետ չկա:

– Բայց կարծիք կա նաեւ, որ «ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ» կետը ձեռքբերում է, եւ կարգավիճակի հարցը լուծվելու է հօգուտ Ղարաբաղի:

– Ճիշտ է, նախորդ առաջարկներում չի եղել նման ձեւակերպում, բայց նախորդ դեպքում առաջարկները քննարկվել են համապատասխան պետական ատյաններում եւ չեն ընդունվել, իսկ Մադրիդյան սկզբունքները քննարկվել են գաղտնի եւ ընդունվել որպես բանակցությունների հիմք: Ի՞նչ հանրաքվեի մասին կարող է խոսք գնալ, երբ Ղարաբաղում հանրաքվե եղել է, եւ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից դուրս է եկել ԽՍՀՄ օրենքների համաձայն: Մադրիդյան սկզբունքները ընդունելով, փաստորեն, այդ փաստը նաեւ մեր կողմից է դրվում կասկածի տակ: Երկրորդը` չի ասվում, թե խոստացվող հանրաքվեն երբ եւ որ տարածքներում է լինելու: Սա ուղղակի դիվանագիտական հնարք է, որպեսզի հայկական կողմը համաձայնի ստորագրել փաստաթուղթը եւ գնա միջանկյալ լուծման: Իսկ եթե, այնուամենայնիվ, պետք է հանրաքվե լինի, ապա հայկական կողմը հարցը պետք է դնի այնպես, որ նախ հանրաքվեն անցկացվի, հետո միայն տարածքները վերադարձվեն: Կամ դրանք արվեն զուգահեռաբար: Եվ ոչ թե տարածքները տան, անվտանգության վիճակը ի վնաս ԼՂՀ-ի փոխեն, հետո հանրաքվե անցկացնեն: Այս տարբերակը համանախագահների դիվանագիտական հնարքն է, եւ դրա կնքահայրը Ամերիկան է: Այս տարբերակը բխում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերից:

– Ամերիկայի համար կարեւո՞ր է` ԼՂՀ-ն Ադրբեջանի՞ կազմում կլինի, թե՞ անկախ:

– Ոչ, դա նույնիսկ Թուրքիայի համար այդքան կարեւոր չէ: Թուրքիան կարեւորում է Նախիջեւան-Մեղրի-Ադրբեջան կապը, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը: Այս գաղափարն է Թուրքիային ու Ամերիկային միավորում: Վերջերս Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում հայտարարեց, թե Թուրքիան ու ԱՄՆ-ը ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանը կտրեն ՌԴ-ից ու Իրանից, որպեսզի նա իր քաղաքականությունն ուղղի դեպի Արեւմուտք: Ադրբեջանն էլ է շահագրգռված, որ Ռուսաստանն այստեղից դուրս գա, քանի որ գտնում է, թե ՀՀ-ի թիկունքը ՌԴ-ն է: Ավելին, որ հայերի հաղթանակը ՌԴ-ն է ապահովել: ԼՂՀ-ի հարցում Թուրքիան պարզապես կաշկանդված է Ադրբեջանի դիրքորոշմամբ: Եթե հիշում եք, Ալիեւը հայտարարեց, թե՝ «եթե զիջումների գնաք եւ սահմանը բացեք, մենք գազի գինը կթանկացնենք»: Թուրքիան Ադրբեջանից 80-90 դոլարով է գազ գնում, այն դեպքում, երբ ՌԴ-ից ստանում է՝ 450, Եգիպտոսից՝ մոտ 400 դոլարով:

– ԼՂՀ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ դեպքերը արագ են զարգանում, բայց բանակցությունները, կարծես թե, փակուղի են մտել:

– Բանակցային ողջ գործընթացում եղել են պահեր, երբ ասել են, թե շուտով հարցը լուծվելու է, բայց մինչ օրս ԼՂՀ խնդիրը լուծված չի: Օրինակ, հիշում եք, 2000-ին, երբ Մեղրիի տարբերակն էր օրակարգում, եւ Քոչարյանի հրամանագրով պաշտոններից ազատվեցին հենց Մեղրիի տարբերակին դեմ պաշտոնյաները, նրա այդ քայլը ողջունեցին Ադրբեջանի, Վրաստանի, Ամերիկայի, Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ` հայտարարելով, թե իշխանափոխությունը ճիշտ քայլ էր, որ դա ԼՂՀ հարցին լուծում կբերի եւ տարածաշրջանում կայունություն կհաստատի: Սակայն ծրագրի ձախողումից հետո ԱՄՆ համանախագահը ստիպված էր հայտարարել, թե նախագահները պատրաստ են, ժողովուրդները` ոչ: Հիմա էլ համանախագահները նույնն են ասում: Նրանց շահերը արագ լուծում են պահանջում, իսկ թե ինչ լուծում կլինի, դա այլ հարց է: Նրանց միջանցք է պետք, Աֆղանստանի հետ ցամաքային կապ: Տարածաշրջանում բազաներ եւ ազդեցություն ունենալու հարցեր կան:

– Այնուամենայնիվ, առաջիկայում այդ դաշտում սպասվում են մի շարք իրադարձություններ` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, համանախագահների փոփոխությունը, Սերժ Սարգսյանի hնարավոր այցը Թուրքիա: Այս ֆոնի վրա ի՞նչ լուծումներ եք կանխատեսում:

– Մոտակա ամիսներին չի լինելու առաջընթաց, ուզում են արագացնել լուծումը, բայց ԼՂՀ խնդրի հանգուցալուծման հարցում համաձայնության ձեռք բերումը բավականին դժվար է: Նույնը՝ նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում: Տարածաշրջանային ազդեցության խնդիրը լուծելու կոնտեքստում ԱՄՆ-ը կարեւորում է հայ-թուրքական սահմանի բացումը, եւ այդ նպատակով կարող է անգամ ճնշում գործադրել ռազմավարական դաշնակցի` Թուրքիայի վրա, օգտագործելով հայերի ցեղասպանության ճանաչման հարցը: Այս պահին սահմանի բացման հեռանկար չեմ տեսնում: Թուրքական իշխանությունը կցանկանար բացել ՀՀ-ի հետ սահմանը, քանի որ տարածաշրջանում իր ազդեցության հարցը վերջնականապես լուծելուն խանգարում է ՀՀ-ն: Իսկ սահմանի բացմամբ Թուրքիան ձեռք է բերում տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական ազդեցության լծակներ: Սակայն սահմանը բացելու դեպքում մի կողմից՝ Ադրբեջանը նրան դավաճանության մեջ կմեղադրի, մյուս կողմից՝ թուրք ժողովուրդը, քանի որ Թուրքիայում հակահայկական տրամադրություններ են տիրում:

– Փաստորեն Ադրբեջանը տարածաշրջանում գործոն է:

– Հակառակը, գործոնը Հայաստանն է, որովհետեւ ԼՂՀ հարցի լուծման բանալին Հայաստանի ձեռքում է:

– Նույնիսկ այն դեպքո՞ւմ, երբ այսօր խոսվում է 7 շրջանների հանձնման մասին:

– Դուք ճիշտ նկատեցիք` խոսվում է: Բայց այս ձեւով իրականություն չի դառնա: Պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը չի համաձայնում Մադրիդյան սկզբունքներում հանրաքվեի վերաբերյալ նույնիսկ բավականին լղոզված ձեւակերպմանը: Իսկ ՀՀ-ն բանակցային գործընթացում գնացել է հնարավոր բոլոր զիջումներին, բայց հարցի վերջնական լուծման բանալին ՀՀ-ի ձեռքում է: Պետք է փոխել բանակցությունների ռազմավարությունը:

– ՀՀ իշխանությունները չե՞ն գիտակցել այդ փաստը, նրանց ի՞նչն է խանգարում փոխել, Ալիեւի նման կոշտացնել բանակցային քաղաքականությունը:

– Բանակցային գործընթացը սխալ է ընթացել 1998-ից, երբ հայկական կողմի մեղքով բանակցային գործընթացից դուրս մղվեց ԼՂՀ-ն եւ օրակարգ մտավ Մեղրիի հարցը: Հայկական կողմը գնացել է զիջումների` հույս ունենալով, որ այդ ճանապարհով կկարողանա հասնել նրան, որ միջնորդները ճնշեն Ադրբեջանին, եւ այն համաձայնի ԼՂՀ-ի անկախությանը: Բացի այդ, այսօր ՀՀ-ի նկատմամբ ճնշում կա` կեղծ ընտրությունների ու Մարտի 1-ի հարցերով: Բանակցություններին զուգահեռ՝ այն մեկ սրվում է, մեկ դուրս գալիս օրակարգից` պայմանավորված բանակցություններում հայկական կողմի կեցվածքով: Որպեսզի վիճակը շտկվի, պետք է վերադառնալ հակամարտության իրական պատկերին, այն իրողությանը, որ Ադրբեջանն ինքն է սկսել պատերազմը, եւ դրա ծանր հետեւանքները նրա մեղքով են: Հակամարտությունը եռակողմ է, եւ առանց Ղարաբաղի՝ հնարավոր չէ բանակցել: Հայաստանը պետք է բարձրացնի փախստականների, Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների, կոմունիկացիաների հարցը: