Արդյունքներ տալի՞ս են

31/08/2009

«APA»-ի փոխանցմամբ` Իլհամ Ալիեւը Իֆտարի արարողակարգի ժամանակ ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: Նա նշել է, որ բանակցություններում առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության արդյունք է: «Ես կարող եմ ասել, որ մեր ջանքերն արդեն տալիս են իրենց արդյունքները բանակցային գործընթացում: Ողջ ընթացքում մեր դիրքորոշումն այն է եղել, որ խնդրի կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նախապայմանով: ԼՂՀ-ում մարդիկ կարող են ապրել բարձր ավտոնոմիայի կարգավիճակում` Ադրբեջանի միասնական պետության կազմում: Այսօր այդ սկզբունքներն են առաջնային: Բանակցություններն այս սկզբունքների հիման վրա են ընթանում, եւ ցանկացած համաձայնություն կարող է ընդունվել միայն այդ սկզբունքների հիման վրա: Մենք այդ մասին հայտարարել ենք միշտ, եւ հայտարարում ենք այսօր, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այս ճանապարհով: Առաջարկները, որոնք այսօրվա բանակցությունների թեման են, միայն փուլային որոշում են տալու: Բոլոր «օկուպացված» տարածքները կվերադարձվեն, եւ մեր համերկրացիներն աստիճանաբար կվերադառնան այդ տարածքները: Այնտեղ կվերականգնվեն բոլոր ենթակառուցվածքները, իսկ հերթական փուլում կորոշվի ԼՂՀ իրավական կարգավիճակը: Մենք միշտ ասել ենք, որ, բնականաբար, ԼՂՀ-ն կունենա իրավական կարգավիճակ, բայց մենք այդ կարգավիճակը չենք տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, եւ Ադրբեջանի Հանրապետությունը երբեք դրան չի համաձայնի»,- ասել նա: