Դիմելու են Եվրոդատարան

31/08/2009

Օրերս տեղեկացանք, որ 2005թ. օգոստոսի 11-ին Չեխով փողոցի սպանության գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 10-15 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Սահակյանի, Վլադիմիր եւ Զավեն Մկրտչյանների վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է: Հիշեցնենք, որ տղաներն արդեն 5 տարի է` պահվում են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ք/հ մեկուսարանում, քանի որ նրանց գործը մի դատարանից մյուս դատարան տեղափոխվելով՝ դատավորների համար մնում է «չապացուցված»: «Փաստորեն Վճռաբեկ դատարանը մեր բողոքը մերժեց: 5 տարի արդարության ենք սպասում, 5 տարի հավատում էինք, որ մեր երկրում կարող է արդար դատավճիռ արձակել գոնե ամենավերին ատյանը, բայց, փաստորեն, հեքիաթի ենք հավատացել»,- ասաց Հ. Սահակյանն, ով այժմ պատրաստվում է դիմել Եվրոդատարան` վստահ լինելով, որ բարձրագույն այդ մարմինը կբացահայտի մեր երկրի նախաքննական մարմնի ապօրինի, բռնի գործողությունները: Նշենք նաեւ, որ մեկ ամիս առաջ այս սպանության գործի մանրամասներն ուսումնասիրելու հանձնարարական էր իջեցրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահականի Իրավաբանական վարչության ներկայացուցիչը` այցելելով «Նուբարաշեն» ք/հ տղաներին, ասել էր, թե` «Նախագահն անձամբ է հանձնարարել, որ գործի մանրամասներին ծանոթանանք եւ զեկուցենք»: Նախագահի այս քայլից ոգեւորված տղաները վստահ էին, որ սպանության «սարքած, կեղծ» գործը «կքանդվի» եւ իրական մարդասպանը կգտնվի: Ինչեւէ, տղաներն, այնուամենայնիվ, չեն հուսահատվել, քանի որ Եվրոդատարանում իրենց ազատության իրավունքը վերականգնելու հարցում վստահ են: