Ազատազրկվել է

31/08/2009

Այս տարվա ապրիլին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հայոց լեզվի եւ գրաբարի դասախոս Ֆեմիդա Դավթյանին ձերբակալեցին ուսանողից կաշառք վերցնելու համար: Հիշեցնենք, որ, ըստ դասախոսի, ինքը մասնաճյուղի տնօրեն Սամվել Ալեքսանյանի կողմից նախապես զգուշացված է եղել կաշառք վերցնելու մասին: Սակայն հենց այն պահին, երբ Ֆ.Դավթյանը վերցնում էր կաշառքը, ներս են մտնում անվտանգության աշխատակիցներն ու դասախոսին ձերբակալում: Շուրջ երեք ամիս դասախոսը գտնվում էր Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Նրան պարբերաբար տեսակցելու էր գնում նույն համալսարանի դասախոս Նունե Դավթյանը` Ֆ. Դավթյանի քույրը: Վերջինիս հետ զրույցում պարզեցինք, որ երկար ձգձգվող նախաքննությունն ավարտվել է, եւ հուլիսի 28-ին Ֆեմիդա Դավթյանը ազատազրկվել է 3 տարի 6 ամիս ժամկետով: «Ու հետաքրքիրը, գիտե՞ք, որն է: Այն, որ համաներումը հենց Ֆեմիդայի հոդվածին էր վերաբերում: Ֆեմիդայի հետ գտնվող մյուս կաշառակերներին ազատեցին, նույնիսկ բժիշկներ կային, բայց Ֆեմիդային չազատեցին: Դատավարությունից հետո դատավորը մոտեցել էր ինձ ու ասել, որ ինքը ամեն դեպքում չէր ուզում Ֆեմիդայի տղայի վիզը ծուռ թողնել»,- ասաց Նունե Դավթյանը` հավելելով, որ ընդամենը մի քանի օր առաջ քույրն ինքնասպանության փորձ էր արել, եւ ինքն էլ պատրաստվում է մեկնել Հայաստանից: «Ես չեմ պատրաստվում էս անօրեն երկրում ապրել: Ֆեմիդայի տղային` Դեյվիդին տանում եմ արտասահմանյան ինչ-որ երկրի մանկատուն»,- նշեց ազատազրկված դասախոսի քույրը: