«Գիշերը թաքուն մտել էր հարսի ծոցը»

31/08/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այսօր մեկնարկեց ուսումնական նոր տարին: Դպրոցականներից շատերը դպրոց ոտք կդնեն ընտանեկան հոգսերն ու ծնողների փոխհարաբերություններից եկող հոգեբանական բարդույթները սրտում:

15 տարեկան Վիրաբը որոշել է թողնել դպրոցը միայն նրա համար, որ մայրն անպաշտպան է, եւ իր ներկայությունն ընտանիքում շատ բան է փոխում: «Չեմ կարող մորս մենակ թողնել»,- ասում է նա: Վիրաբը Լեյլի Սեդրակյանի չորս երեխաներից մեկն է, ով վախենում է դպրոց հաճախել, որովհետեւ հոր հայրը, այսինքն` պապը, Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող իրենց տունը մաս-մաս վաճառելով՝ իրենց վռնդում է տնից: Մայրը` Լեյլին, վստահեցնում է, որ սկեսրայրն «անառակի» մեկն է եւ իրեն բազմիցս անբարո առաջարկներ է արել: «Սարսափելի անառակ է, գյուղում կին չմնաց, որ հետը չքնի: Էդ տարիքում առանց ամաչելու օր ու գիշեր ուշքն ու միտքն էդ է: Հարբեցող մարդ է, մեզ անընդհատ տնից վռնդում էր: Մի օր՝ հայրական տանը, մի օր՝ փողոցում, մի օր հարեւանի տանը լուսացնում էինք»,- պատմում է նա: Լեյլիի սկեսրայրը` Վիրաբը, գյուղում հայտնի է որպես կնամոլ եւ վատ վարքագծի տեր մարդ: Հարեւաններն ասում են, որ վերջինս սեռական բնույթի ոտնձգություն է կատարել նույնիսկ մյուս որդու կնոջ նկատմամբ. «Գիշերը թաքուն մտել էր հարսի ծոցը»: Համագյուղացիները վստահեցնում են, որ Վիրաբի վեց երեխաներն էլ հորը թողել, հեռացել են, որովհետեւ իր վարքագծով նա ամբողջ գյուղով մեկ զավակներին վարկաբեկում էր: «Կինն արտակարգ, խելոք մի կին էր: Վիրաբն էնքան էր խմում, ծեծում, որ էս վերջերս մահացավ, չդիմացավ: Ինքը կենդանի` վրեն կնիկ էր բերում տուն: Կնոջ մահից հետո մի յոթ կին է առել: Էդ ալկաշն ամբողջ ուժով էդ կնկան ծեծում էր, ո՞վ կդիմանար դրա ձեռքը: Էդ քյոփակն ունեցած-չունեցածը վաճառում ու լրբերի վրա ա ծախսում»,- ասում են հարեւաններն ու վստահեցնում, որ Վիրաբը հիմա էլ հարսի` Լեյլիի գլխին է «խաղեր խաղում»: Եթե հնարավորություն լիներ, Լեյլին երեխաների անվտանգության համար կհեռանար այդ տարածքից, բայց գնալու տեղ չունի: Ամուսինը` Մխիթարը, արդեն վեց տարի է` թողել է ընտանիքն ու սարերում է ապրում: Լեյլին ասում է. «Էդ կռիվներին ու հոր հարբեցողությանը չդիմացավ: Շատ էին վիճաբանում: Հայրը հարբում էր, ու ամեն օր նույն պատմությունն էր: Էլ ներվերը չդիմացավգ Մի օր պարզվեց, որ սկեսրայրս թաքուն դիմել է դատարան, որ տունն իրենով անի ու մեզ բոլորիս դուրս շպրտի: Կռիվ արեցին, խմած վիճակում կացինն առավ ու ամուսնուս ձեռքերը ջարդեց: Վեր կացավ, գլուխն առավ, գնաց սարեր: Էնտեղ է ապրում, ձիեր է պահում, արդեն վեց տարի է՝ հետ չի գալիս: Ես էլ երեխեքիս հետ մնացել եմ օդում»:

Համաձայն Գառնիի գյուղապետարանի տեղեկանքի` Գառնի գյուղում Վիրաբ Սեդրակյանի անվամբ գրանցված է 1600քմ տնամերձ հողամաս, որի վրա կառուցված է 2 բնակարան, որոնցից առաջինը կառուցվել է 1930-ական թվականներին` 1 հարկից, ունի 3 սենյակ, իսկ 2-րդը կառուցվել է 1980-ական թվականներին, երկհարկանի է, ունի 3 սենյակ: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Վ. Սեդրակյանի հայցը բավարարել է` վճիռ կայացնելով. «Ճանաչել Վ. Սեդրակյանի սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող նրա անվամբ գրանցված բնակելի հին եւ նոր տների, ինչպես նաեւ՝ 930քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ: Դադարեցնել Մխիթար Սեդրակյանի սեփականության իրավունքը տնամերձ հողամասի իր բաժնի նկատմամբ»: Դատարանի վճռով Լեյլա Սեդրակյանին եւ երեխաներին վարձակալական հիմունքներով տրվել է ընդամենը 930 քմ մակերեսով տնամերձ հողամասը: Լեյլան վստահեցնում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող գործի դատավարությունն ընթացել է առանց իր մասնակցության, քանի որ ինքը չի ծանուցվել այդ մասին։ «Իրենք իրենց քննել են ու վճիռ են կայացրել»,- ասում է նա, ում սկեսրայրը` Վիրաբը, 930 քմ-ն երրորդ անձին հատկացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ եւ գործի քննությունը նշանակել է 2009թ. հոկտեմբերի 1-ին: Մինչ դատական նիստը կկայանա, Լեյլան ցայտնոտի մեջ է, քանի որ նրան երեխաների հետ սպառնում է փողոցում հայտնվելու վտանգը: «Տուն-տեղը մաս-մաս վաճառում է, եւ մենք իրավունք չունենք միջամտելու: Հիմա մեր դռան դիմաց բենզալցակայան է կառուցվել, բայց ես չեմ կարող խառնվել: Մի կողմից՝ սկեսրայրս է ճանապարհը փակել, մյուս կողմից էլ՝ գյուղապետի կառուցած բենզալցակայանն է փակել: Ստացվել է այնպես, որ ելումուտի հնարավորություն էլ չունենք: Խոնավ նկուղում ենք մնում հերիք չի, մի հատ էլ հոգեբանորեն սթրեսային վիճակում են դրել, որ զզվենք ու հեռանանք»,- ասում է Լեյլան` վստահեցնելով, որ սկեսրայրն իր սովորությունների համաձայն` անբարո առաջարկություններ անելով՝ փորձում է իրեն փակուղու մեջ դնել: Լեյլան վերջերս բացահայտել է, որ Վիրաբը գաղտնի վաճառել է իրենց թե՛ նոր, թե՛ հին տները եւ դատական ատյաններ դիմելով՝ փորձում է նաեւ 930 քմ հողատարածքն իրենցից խլել եւ վաճառել: Հետաքրքիրը, սակայն, այն է, որ տան սեփականության իրավունքի մասնաբաժինների հարցը դեռեւս վիճարկվում է դատական ատյաններում, հետեւաբար՝ անշարժ գույքի առուվաճառքի վրա պետք է արգելանք դրվեր, ինչը, պարզվում է` չի արվել: Բացի այդ, Վ. Սեդրակյանը տունը վաճառել է առանց իր վեց երեխաների համաձայնության: Ինչեւէ, Լեյլան ասում է. «Երեք անգամ եկավ, ինձ առաջարկություն արեց, թե` արի ինձ հետ ապրի, բայց ոչ մի դեպքում ամուսինդ չպիտի գա: Ասացի` քո նման լկտի մարդգ Նույնիսկ մեր իրերը չկան: Պատճառաբանում է, թե կնանիք եմ բերել, գողացել են: Հիմա ամբողջ խնդիրն էն է, որ էդ 930 քմ-ն էլ է ուզում խլել մեզնից»: Ներկայումս տան նոր գնորդները բոլոր կողմերից փակել են Լեյլային՝ դեպի իրեն պատկանող տարածք տանող ճանապարհները: Օրեր առաջ տարածքի նոր գնորդները կտրել են նրանց պատկանող հսկայական ընկուզենին, որպեսզի պատ շարեն: «Հասկանո՞ւմ եք, չգիտեմ ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ խնդրեմ, որ ինձ օգնեն: Երեխաներիս հետ հայտնվում եմ փողոցում»,- ասում է Լեյլան` վստահեցնելով, որ դիմել է փաստաբանների, որոնք մեծ գումար են պահանջել «դատավորներին կաշառելու եւ գործը շահելու համար»: Լեյլայի հարեւանները նույնպես դիմել են մեր խմբագրություն` հավաստիացնելու համար, որ Վ. Սեդրակյանի վատ վարքագծի պատճառով այս կինն իր երեխաների հետ կամաց-կամաց տեղափոխվում է փողոց: Լեյլան առողջական խնդիրներ ունի, բուժվում է, իսկ պայքարելու համար ուժ է պետք: Որդին` Վիրաբը, ասում է. «Ի՞նչ սրտով դպրոց գնամ, եթե վաղը մնալու տեղ չեմ ունենալու: Մորս պետք եմ, չեմ կարա մենակ իմ մասին մտածեմ»: