Սեպտեմբերի վերջին Կրասնոդար կժամանի հայտնի ֆրանսիացի երգահան, դաշնակահար, գործիքավորող, հայկական արմատներ ունեցող Միշել Լեգրանն իր նվագախմբի հետ («Շերբուրգի անձրեւանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլ կինոնկարների երաժշտության հեղինակ): Մ. Լեգրանը միեւնույն բեմում ելույթ կունենա Կրասնոդարի մեծ նվագախմբի հետ` Գեորգի Գարանյանի գլխավորությամբ: Նշենք, որ Միշել Լեգրանի մայրը` Հայկանուշ Դեր-Միքայելյանը, եղել է դաշնակահար: «Մորական կողմից պապիկիս անունը Սարգիս Դեր-Միքայելյան էր: 1915թ. ցեղասպանության ժամանակ նա գաղթել է Ֆրանսիա: Նա իսկական հայ էր` ծայրահեղ էմոցիոնալ, կրքոտ, առատաձեռն: Մորս հետ ես 6 տարի ապրել եմ նրա տանը Անիերում: Երբեմն կիրակի օրերին նա ինձ տանում էր Ժան Գուժոն փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցի: Վերջերս ես քրոջս հետ մեկ շաբաթ անցկացրել եմ Երեւանում, գտել ենք մեր բարեկամներին: Շատ արտասովոր էր վերադառնալ արմատներին: Ես մեծ հաճույք ստացա` նվագակցելով Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ես այնպիսի զգացում ունեի, որ նվագում եմ եթե ոչ եղբայրներիս, ապա հաստատ զարմիկներիս հետ»,- պատմել է նա: