Կինոարտադրության ոլորտը Հայաստանում շատ տխուր վիճակում է: Եվ պատճառը ոչ միայն կինոթատրոնների սակավ քանակն է (ընդամենը 3-ը) եւ կինոցուցադրումների շուկայի բացակայությունը (ինչպես նկատել է ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը` յուրաքանչյուր հայաստանցի հայկական նոր ֆիլմերը առնվազն 45 անգամ պետք է դիտի, որպեսզի ֆիլմի վրա ծախսված գումարները ետ բերելու մասին հնարավոր լինի խոսել):
Խնդիրը տրամաբանության մեջ ոչ մի կերպ չտեղավորվող մոտեցումն է, որը դրսեւորում է կինոնախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերող կինոհանձնաժողովը: Այդ մոտեցման պատճառով Հայաստանում չեն հայտնվում այնպիսի ֆիլմեր, որոնք կարելի է գոնե մեկ անգամ դիտել մեծ էկրանին, իսկ հետո (միգուցե) ներքուստ hպարտանալ նրանց միջազգային հաջողությամբ: Եկեք դիտարկենք հայրենական կինոն մենեջմենթի եւ ֆինանսավորման տեսանկյունից: Մշակույթի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2004-2008թթ. կինոյին հատկացվել է 2մլրդ 635 մլն 742 հազար դրամ: Գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական եւ անիմացիոն կինոժապավենները ֆինանսավորվել են փուլ առ փուլ, եւ դժվար է ըստ այդ տվյալների հասկանալ, թե որքան են կազմել ֆիլմերից շատերի ամբողջական ծախսերը, քանի որ որոշ ֆիլմերի ֆինանսավորումը սկսվել է ավելի վաղ, իսկ շատերը դեռ իրենց գումարի մասնաբաժնին են սպասում: Սակայն գրեթե բոլոր դեպքերում խախտված են ֆիլմերի ավարտի ժամկետները: Դրա վառ օրինակը Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմն է, որը անավարտ է մնում արդեն տարիներ շարունակ: Նույնը կարելի է ասել Միքայել Դովլաթյանի «Սողանքի» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմերի մասին, որոնք, ըստ փաստաթղթերի, պետք է ավարտին հասցվեին դեռ 2008թ.-ին: Մի կողմ դնելով ֆիլմերի գեղարվեստական որակն ու դրանց ցուցադրումների հետ կապված հույսերը, հետաքրքիր է պարզել` ինչո՞ւ են կինոֆինանսավորման մեխանիզմները վատ գործում` ստիպելով ռեժիսորներին երկարաձգել նկարահանումները: Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմն, օրինակ (որի նկարահանման փուլը նախատեսվում էր ավարտել անցյալ տարի), գումարը ուշացումով ստացել է այն ժամանակ, երբ ամառ էր եւ հնարավոր չէր ձմեռային դրվագները նկարահանել: Այժմ ռեժիսորը փորձելու է ձմեռային հատվածը նկարահանել ուշ աշնանը` իր նախատեսած գրաֆիկը խախտելով: Վստահ ենք, որ նման խնդիրների բախվել եւ դեռ բախվելու են ռեժիսորներից շատերը, եւ նրանց խնդիրը ոչ միայն բարոյական հոգնածությունն է, այլեւ ֆինանսական կորուստներն են: Ինչպես ասում է ռեժիսոր Արամ Շահբազյանը` այսօր ֆիլմ նկարահանելը Հայաստանում նման է լարախաղացությանը: Մի քայլ այն կողմ ես անում, եւ ցուցակներից դուրս ես մղվում:
Որքան էլ որ խոսեն կինոյի անկանխատեսելի բաղադրիչի մասին, միեւնույն է, կինոն արտադրություն է, որն իր կանոններն ու աշխատանքային գրաֆիկները պետք է ունենա: Այլապես այն վերածվում է տանջանքի (ռեժիսորի համար) եւ, բնականաբար, տապալվում է (պրոդյուսերի համար), քանի որ վկայում է սխալ կազմակերպած աշխատանքի մասին: Ռեժիսոր եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն, օրինակ, համոզված է, որ եթե իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ստեղծումը ոչ թե 4, այլ 2 տարի տեւեր, ֆիլմը միայն կշահեր: Իսկ հիմա Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շահողներ եւ տապալման պատասխանատուներ չկան: Կա ընդամենը մեծ «փուչիկ», որը կազմված է մի քանի օղակներից: Դրանց մասին՝ ստորեւ:
Կինոգումարների «ուղեւորությունը»
Ըստ կառավարության կայքում տեղադրված ինֆորմացիայի` միայն 2009թ. կինոյի ոլորտին տրամադրվել է 685,181.10 հազար դրամ: Հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում ծավալված դոլար-դրամ հակամարտությունը` կստացվի, որ կինոյին հատկացվել է 1,848,792.80 դոլար (1 դոլարը` 370.61 դրամ փոխանակման կուրսի համաձայն): Անցյալ եւ նախանցյալ տարիներին, օրինակ, այդ գումարը գերազանցել է 2 մլն դոլարը (դոլարի գինն ավելի ցածր էր): Գրեթե 2 մլն դոլար տարեկան կուլ տվող կինոոլորտից պետբյուջե չի փոխանցվել ոչ մի լումա: Նման նպատակ իր առջեւ պետությունը չի դրել: Եթե դներ, ապա գոնե ներքին ցուցադրման ցանցը վերականգնելու մասին կմտահոգվեր` ստեղծելով մարզերով շրջող փոքր կինոթատրոններ կամ նույնիսկ համահայկական «պրոկատի» գաղափարը կփորձեր առաջ քաշել։
Այդպիսով ստացվում է, որ «Ի՞նչ է ուզում պետությունը կինոյից» հարցը հռետորական է հնչում: Պետությունը կինոյից կինո չի ուզում, պարզապես կա տարեկան բյուջե, եւ այդ բյուջեն պետք է սպառել` միաժամանակ աշխատելով որքան հնարավոր է շատ սնվել այդ բյուջեից: Եվ պետությունը տարիներ շարունակ կինոյի պատրանք է ստեղծում եւ պարբերաբար գումար է տրամադրում` հույժ գաղտնի պահելով եւ՛ ֆիլմ-հայտերի ցանկը, եւ՛ այդ հայտերը քննարկող հանձնաժողովի անդամների անունները, եւ՛ նրանց որոշումների արդյունքները:
Ուշագրավ է պարզել` հնարավո՞ր է արդյոք կինոն գոնե որոշ չափով եկամտաբեր ճյուղ դարձնել` հաշվի առնելով, որ կինոարտադրանքը հեշտությամբ կարող է սահմաններ անցնել, միջազգային ցուցադրումների մասնակցել եւ, վերջիվերջո, մրցանակներ (ոչ թե վիրտուալ, այլ շոշափելի) ստանալ: Կինոոլորտի պրոֆեսիոնալները պնդում են, որ կարելի է, պարզապես սկզբից պետք է հստակեցնել կինոյին տրվող գումարների մեխանիզմները, որոնք այսօր կանոնակարգված չեն:
Եթե մեր հանրապետությունում կա կինոյի ոլորտի քաղաքականություն, ապա այն ուրվագծվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ պետությունը մասնավորեցնելով «Հայֆիլմ» կինոստուդիան` փաստեց, որ պետական կինոարտադրություն այլեւս պահել չի ցանկանում: Որքան էլ որ այդ փաստը ցավալի էր, սակայն այն պետական որոշում էր, եւ ուրեմն՝ ետդարձի ճանապարհ այլեւս չկա: Պարզ մարդկային տրամաբանությունը հուշում է, որ եթե պետությունը կինոստուդիայի կարիք չունի, բայց շարունակում է գումար հատկացնել կինոյին, ուրեմն կինոյի դաշտը հանձնում է մասնավոր սեկտորին` խրախուսելով մասնավոր ֆիլմարտադրողների: Իրականում պատկերը ճիշտ հակառակն է. պետությունը փորձում է կինո նկարահանելու համար տեխնիկական բազա ստեղծել եւ իր բազայից օգտվել է պարտադրում անկախ ֆիլմարտադրողներին: Արդյունքում անհեթեթ պատկեր է ստեղծվում: Օրինակ՝ անկախ պրոդյուսերին ասվում է` եթե լուսային տեխնիկան կամ էլ խցիկները մեզանից վարձես, ապա քո հասանելիք գումարը քեզ այս տարի կտանք, իսկ եթե ոչ, ուրեմն մենք դեռ կմտածենք` ե՞րբ կարող ենք գումարը քո հաշվեհամարին փոխանցել: Ի դեպ` պետական կառույցի առաջարկած գները շատ ավելի բարձր են, քան շուկայական գները: Իսկ այդ մոտեցումը ոչ թե սոսկ արգելակող է, այլեւ` ուղղակի կործանիչ է, քանի որ ոչ մի երկրում կինոն մենաշնորհ լինել չի կարող: Կինոյի զարգացման առաջին նախապայմանը անկախ ներդրողներին շահագրգռելն է: Եվ այժմ առանց որեւէ իրավական հիմքերի՝ Ազգային կինոկենտրոնը պետական գումարներով տարբեր սարքավորումներ է գնում եւ որպես ֆիլմարտադրող է հանդես գալիս: Իսկ այդ դեպքում ստացվում է, որ այն արտոնություն է ստանում, քանի որ ազգային արտադրանք կոչվող ֆիլմերի համար ոչ ոք իրականում պատասխանատվություն չի կրում: Կարելի է ֆիլմերի նկարահանումը տարիներով ձգել, իսկ հետո պարբերաբար մեծացնելով ֆիլմի բյուջեն` նոր գումարներ դուրս գրել: Հո պետությունը չի՞ կարող ինքն իրեն վատ մենեջմենթի մեջ մեղադրել:
Կառավարության կայքը փաստում է, որ այս տարվա կինոբյուջեի 65%-ը ֆիլմարտադրության ծախս է, 2%-ը ֆիլմերի արխիվացմանն է տրամադրվել, իսկ Ազգային կինոկենտրոնին որպես ներդրումային ծախս տրվել է 90,000.00 հազար դրամ (գումարի 19%-ը): Կինոկենտրոնի ստացված այդ գումարը չի ներառում այդ կառույցում աշխատող մարդկանց աշխատավարձերը եւ շենքի պահպանման համար անհրաժեշտ կոմունալ ծախսերը: Դա մի գումար է, որով ըստ էության ինչ-որ տեխնիկա է ձեռք բերվել: Հարց է ծագում` ինչո՞ւ: Եթե կինոստուդիայի անհրաժեշտություն կա, ապա ինչո՞ւ էր վաճառվում «Հայֆիլմը»: Իսկ եթե նոր կինոստուդիա է ստեղծվում, ուրեմն այդ մասին որոշում պետք է կայացնել, ըստ որի՝ հասարակական կազմակերպություն հանդիսացող Կինոկենտրոնը պետք է արտադրող ընկերության վերածվի:
Մեխանիզմների աշխատանքի «մեխը»
Կինոյին աջակցող մեխանիզմները Հայաստանում շատ հետաքրքիր են գործում: Կարելի է ասել, որ դրանք մերթ գործում են, մերթ դադարում են գործել: Քանի որ ՀՀ կինոոլորտը կարգավորող օրենք չկա, օրենքը հենց տեղում է հնարվում, եւ բազմաթիվ վարիացիաների դաշտ է բացում: Կինոհանձնաժողովը «խաղում» է ռեժիսորների եւ պրոդդյուսերների հետ, այնպես, ինչպես կատուն խաղում է մկան հետ: Չի ուտում, բայցեւ բաց չի թողնում:
Ինչո՞ւ է կինոարտադրությունը զրկվել տրամաբանական մոտեցումից. այս հարցը շատ հստակ պատասխան ունի. պետական այրերին թվում է, որ կինոն գումար խժռող անհատակ մի տակառ է, որը կարելի է աջ ու ձախ պտտեցնել ու ձեւացնել, որ այն պետք է: Մինչդեռ այդ տակառը վաղուց արդեն վերանորոգման համար անպիտան եւ փտած փայտակույտ է, որտեղ հայտնված ցանկացած գումար անկանխատեսելի ճակատագրի է արժանանում: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում ոչ ոք չգիտե, թե ե՞րբ եւ ի՞նչ պատճառներով է բացվում եւ փակվում այդ տակառը լցվող ֆինանսական աղբյուրը: Նույնիսկ հենց պետական այրերը չգիտեն, քանի որ ամեն վայրկյան կինոբյուջեում փոփոխություններ են արվում: Դե, օրերից մի օր հանկարծ կարող է վերեւից հրահանգ գալ` այս ֆիլմին գումար հատկացնել, իսկ մյուս ֆիլմի ֆինանսական հոսքը փակել:
Միջազգային պրակտիկայում ընդունված է, որ կինոնախագծերը ընդունման հստակ ժամանակացույց ունեն, ասենք` տարեկան 2 անգամ են ընդունվում: Իսկ ընդունվելուց հետո կամ մերժվում են, կամ էլ իրենց հասանելիք աջակցությունն են ստանում` նշված ժամկետներում: Եվ ֆիլմի ճակատագրի համար պատասխանատվություն կրող պրոդյուսերը կարողանում է այդ փաստից ելնելով` հաշվարկել իր հետագա քայլերը: Իսկ Հայաստանում այսօր ոչ ոք ֆիլմերի տապալման համար պատասխանատվություն չի կրում, քանի որ դա նրա գրպանին ուղղակի չի «խփում»: Հասկանալի է, որ ցանկացած ֆիլմ ֆինանսական ռիսկերի հետ է կապված: Սակայն այդ նույն բանը կարող է ասել ցանկացած արտադրող (թեկուզ գարեջրի կամ կաթի), ով որպես խելամիտ կառավարիչ՝ պետք է հաշվարկի նաեւ իր ռիսկերը: Նույնիսկ, երբ «արտհաուսային» կինոժապավեն է նկարահանվում, այն իր հաջողության ուղին գծագրած է սկսում լույս աշխարհ գալ: Այլապես կսնանկացնի իր ստեղծողներին: Վերջերս Հայաստան այցելած համշենահայ Օզջան Ալփերն, օրինակ, իր «Աշուն» ֆիլմը պարտքով է նկարահանել` թաքնվելով իր պարտատերերից: Սակայն հենց առաջին իսկ կինոփառատոնից նա ետ է բերել իր գումարը, քանի որ 200 հազար դոլար մրցանակի է արժանացել: Հաղթողներին, ինչպես հայտնի է, չեն դատում, հաղթողներով միայն հպարտանում են: Թուրքիան իր ռեժիսորով հպարտանում է: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իսպառ վերացնենք կինոմիջավայրը, եւ ապագա հաղթողների առջեւ պատնեշներ ենք դնում: Թեեւ կմեղանչենք իրականության դեմ, եթե չնշենք, որ հիմա բավական աշխուժացել են երիտասարդ կինոարտադրողները, որոնք շատ լավ հասկանում են հայրենական համակարգի չինովնիկա-բյուրոկրատական աստառն ու լավ գիտեն` ինչպե՞ս պետք է գումար հայթայթել միջազգային հիմնադրամների միջոցով: Եվ հենց այս կետն է, որին ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Կինոկենտրոնը ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հետաքրքիր է, իսկ այդ Կինոկենտրոնը երբեւիցե կինոզարգացման որեւէ սեմինար կազմակերպե՞լ է: Դժվար թե, այն միայն գումարներ է բաժանում` բաժանման ճանապարհին մի քիչ էլ` յուրացնելով:
Հ.Գ. Ի դեպ` վերջերս Մշակույթի նախարարության կայքում կինոլորտի սխալները պարզաբանող հավելվածներից մեկում, որպես անհաջող մենեջմենթի օրինակ, նշվում է ընդամենը 1 ֆիլմ. Գերմանիայում բնակվող Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը, որի բյուջեն անհիմն ուռճացվել է, իսկ ֆիլմն այդպես էլ չի ստեղծվել: Սակայն, ըստ մեր տվյալների` սա բնավ էլ միակ սխալ մենեջմենթի օրինակը չէ: Դրանք բազմաթիվ են: