Բուժիչ նամակներ

31/08/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կավաբուժություն

Կավաբուժությունը բուժման հնագույն մեթոդներից է: Դեռեւս Ավիցենան բժշկագիտության մասին իր աշխատության մեջ գրել է կավի բուժիչ հատկությունների մասին: Իր գործունեության մեջ կավ է օգտագործել նաեւ Հիպոկրատը:

Գիտնականները պարզել են, որ կավը բաղկացած է ալյումինի, պղնձի, երկաթի, մագնեզիումի եւ օրգանիզմին անհրաժեշտ էլի շատ նյութերի միացություններից: Բացի այդ, կավն ունի տոքսինները, ծանր մետաղները, ռադիոնուկլիդները չեզոքացնելու հատկություն:

Այսօր կավաբուժությունը գործածվում է քրոնիկական բազմաթիվ հիվանդություններ բուժելու նպատակով` հոդերի, ողնաշարի, մկանների, պերիֆերիկ նյարդային համակարգի եւ այլն: Կավի գույնը որոշվում է նրա քիմիական կառուցվածքով:

Սպիտակ կավն օգնում է կորյակային ցանի դեպքում: Այն մաքրում է մաշկը, լավացնում է նյութափոխանակությունն ու նպաստում մազերի ամրացմանը:

Երկնագույն կավը հակաբորբոքային հրաշալի միջոց է, որը միաժամանակ օժտված է մաքրելու հատկությամբ: Այն թուլացնում է մաշկի ձգվածությունը, ունի սպիտակեցնող ու մաշկը հարթեցնող հատկություն:

Կանաչ կավն իր մեջ պարունակում է պղնձի եւ երկաթի օքսիդներ, այդ պատճառով էլ այն կարգավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը:

Դեղին կավն ունի ցավազրկող եւ հակաբորբոքային նշանակություն:

Կարմիր կավն օգնում է սակավարյունության, ասթենիկ վիճակների դեպքում: Այն նպաստում է արյունաստեղծ օրգանների աշխատանքի լավացմանը: Այն նաեւ կարող է չեզոքացնել ալերգիկ ռեակցիաները:

Մոխրագույն կավը շատ լավ օգնում է ջրազրկված ու չոր մաշկին:

Իհարկե, ինչպես բոլոր բուժամիջոցները, այնպես էլ կավն ունի օգտագործման իր հակացուցումները: Խորհուրդ չի տրվում կավի կոմպրեսներ դնել կրծքի ու ստամոքսի շրջանում: Տուբերկուլյոզով եւ չարորակ ուռուցքով հիվանդներին եւս հակացուցված է կավով բուժումը:

Ինչպե՞ս կավից կոմպրեսներ պատրաստել

Կավի փոշին խառնել ջրի հետ 1:1 հարաբերությամբ` անընդհատ խառնելով փայտե կամ ապակե գդալով այնքան ժամանակ, մինչեւ կստացվի միատարր զանգված: Այս խառնուրդը կարելի է երկար ժամանակ պահպանել սառնարանում, իսկ շատ խտանալու դեպքում կարելի է մի քիչ ջուր ավելացնել:

Արթրոզի կամ օստեոխոնդրոզի ժամանակ մինչեւ 40-45 աստիճան տաքացրած կավը հաստ շերտով դնել անձեռոցիկի վրա եւ դնել ցավող մասին: Բայց մինչ կոմպրեսը դնելը՝ տվյալ մասը մաքրել սպիրտով կամ օղիով: Կավը դնելուց հետո փաթաթել տաք շորով ու թողնել 2-3 ժամ: Հետո հանել կոմպրեսն ու ցավող մասը լվանալ գոլ ջրով ու նորից փաթաթել տաք շորով:

Վնասվածքների դեպքում օրվա մեջ 2 անգամ 2-3 ժամով սառը կավի կոմպրեսը շատ լավ օգնում է:

Մրսածության հետեւանքով առաջացած հարբուխի դեպքում կարելի է 3-4 օր շարունակ 20 րոպե մինչեւ 40 աստիճան տաքացրած կավի կոմպրես դնել ճակատին ու քթի խոռոչների դրսի հատվածին:

Ատամնացավի դեպքում մարմնի ջերմաստիճանի՝ կավից պատրաստված լոշիկանման զանգվածը դնել ցավող ատամի լնդին: Նույնը կարելի է անել նաեւ ականջի ցավի ժամանակ` կավը դնելով ականջի հետեւամասին:

Անքնության դեպքում պառկելուց 15 րոպե առաջ կավե կոմպրես դնել ճակատին, բայց այն պատրաստված պետք է լինի ոչ թե ջրով, այլ կաթնաթթվային մթերքից:

Անգինայի դեպքում շատ լավ օգնում են կավի ողողումները: 1 թեյի գդալ կավը լցնել 1 բաժակ ջրի մեջ ու կատարել ողողումներ` օրվա մեջ 5-6 անգամ:

Կոսմետիկական դիմակ պատրաստելու համար պետք է կավը խառնել ջրին 1:2 հարաբերությամբ, խառնել փայտե գդալով, այնուհետեւ թողնել լույսի տակ 10-12 ժամ: Հետո ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին լավ հաստ շերտով ու թողնել 20 րոպե: Դիմակը մաքրել գոլ ջրով, ապա դեմքին քսել սնուցող քսուք: Կավը մաշկի վրայից կարելի է հանել ոչ միայն ջրով, այլեւ թարմ քամած վարունգի հյութով։ Այն նաեւ վերացնում է պեպենները: