Մեր տեղեկություններով, «Նաիրիտ Գործարանի» կաուչուկի արտադրության հետ կապված արտադրամասի վարչական աշխատողներից 2 հոգի աշխատանքից ազատվելու դիմում է գրել` պատճառաբանելով, որ ացետիլենային եղանակով քլորապրենային կաուչուկի արտադրության վերսկսումը խիստ պայթյունավտանգ է լինելու, շատ ավելի վտանգավոր, քան մայիսի 14-ի պայթյունն էր: Այս տեղեկության իսկությունը գործարանի մամուլի ծառայությունից ճշտել չհաջողվեց, քանի որ մամլո քարտուղարն արձակուրդում է: Մյուս կողմից, մեր աղբյուրների համաձայն, գործարանում շարունակվում է կառավարչական անձնակազմի աշխատողների համալրումը նոր աշխատակիցներով: Այն պարագայում, երբ գործարանը դեռ չի վերագործարկվել եւ թաղված է ընդհանուր առմամբ մոտ 170 մլն դոլար գումարի պարտքերի մեջ, դա առնվազն տարօրինակ է: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ գործարանի ղեկավարությունը վարչական աշխատողների եւ բանվորների մուտքը գործարան առանձնացրել է, եւ որպեսզի բանվորները կարողանան մուտք գործել, ասենք, հաշվապահություն, պետք է դա անեն անցագրերով` համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, «Նաիրիտի» ղեկավարությունն այժմ էլ գործարանի վերագործարկման նոր ժամկետ է սահմանել` մինչեւ հոկտեմբերի 1-ը: Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ գործարանի մամուլի քարտուղարն ասել էր, թե գործարանը կվերագործարկվի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: